Ինքնամաքրման պրոցե՞ս, թե՞ վհուկների որս. ինչ է սպասվում այսօր դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին` կառավարության ծրագրի ժամանակ` Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում: Մասնավորապես, այսօր դատական համակարգը` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հավաքվելու է քննարկում իրականացնելու:

Այսպիսով, փետրվարի 12-ին ՀՀ վարչապետը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել էր դատական համակարգի առողջացման պրոսեցին եւ ասել. «Գիտե՞ք, ես կարծում եմ, որ հրահանգավորման բացակայությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Ձեր ասած խնդրի կատարյալ լուծմանը հասնելու համար, բայց դա ընդամենը ճանապարհի առաջին քայլն է, որովհետեւ նաեւ կառավարությունը` արդարադատության նախարարությունը, ունի հնարավորություն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, եւ այդ կարգապահական վարույթը բարձրագույն դատական խորհրդում քննարկման դնելու համար: Եթե այդ վատ դատավճիռը չի կայացվել մեր հրահանգավորմամբ, հետեւաբար մենք կաշկանդված չենք որեւէ ձեւով ապօրինի դատական վճռի կապակցությամբ կառավարությունը` արդարադատության նախարարությունը, կարգապահական վարույթ հարուցել որեւէ դսատավորի նկատմամբ. դա շատ կարեւոր մեխանիզմ է:

Տեսեք, ինչ խնդիր կար. նախկինում իշխանությունը հրահանգավորում էր, դատարանը որոշումը կայացնում էր, իշխանությունը չէր կարող այլեւս կարգապահական վարույթ հարուցել: Ընդ որում` դա կարող է հետաքրքիր ինդիկատոր լինել. եթե կառավարությունը իր լծակները գործադրում է որեւէ ապօրինի դատավճռի արձագանքելու համար, դա ապացույց է, որ կառավարությունը այդ դատական վճռի հետ կապ չունի, հակառակ դեպքում անտրամաբանական կլինի` ինքը այդ դատավորին ասի` դու այդ վճիռը կայացրո՛ւ, այդ ապօրինի վճիռը կայացնի, հետո կառավարությունը ինքը բողոքարկի:

Հետաեւաբար, եթե տեղի է ունեցել ապօրինի աղաղակող վճիռ, եւ կառավարությունը չի արձագանքում, կարգապահական վարույթ չի հարուցում, դա շատ կոնկրետ ինդիկատոր է, որ կառավարության մատը ստեղ խառն է, չի ուզում ուղղակի այդ գործի հետեւից գնա, քանի որ ինքը այդ գործի համահեղինակն է: Հիմա տեսեք, եթե դատավորը իր վճիռը չի կայացնում հրահանգավորման արդյունքում, չի կայացնում կաշառքի արդյունքում, ստացվում է, որ նա վճիռը կայացնում է իր համոզմունհքի շրջանակներում. սա այն է, ինչ պետք է դատական համակարգ ունենալու համար:

Հիմա եթե մեկ-երկու անգամ ինքը կսխալվի, նույնիսկ առանց հրահանգավորման, կաշառքի կսխալվի եւ ինքը կստանա նկատողություն, դիտողութուն կամ, ընդհանրապես, կզրկվի դատավորի կարգավիճակից, դա կսկսի առողջացման պրոցես: Հետեւաբար, երբ մենք ասում ենք, որ անկախ դատական համակարգի կողմից կայացված վճիռ, մենք նկատի չունենք կառավարությանը կամ ընդդիմությանը հաճելի վճիռ, մենք նկատի ունենք օրինական վճիռ: Հետեւաբար, երբ ապօրինությունների ճանապարհները փակում ենք, այն բովանդակությունը, որ տակը մնում է, մնում է օրինականությունը, որ, կարծում եմ, մեր ուզածն է, եւ դա շատ կարճ եւ ուղիղ ճանապարհն է հարցը լուծելու համար»:

Վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգը որոշել է հետեւություններ անել: Պատահական չէր, որ Փաշինյանի խոսքերից երկու օր անց՝ արդեն երեկ, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում, որի արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվեցին: Ասել է թե` Արայիկ Մելքումյանին զրկեցին դատավոր լինելուց: Իսկ ի՞նչ էր արել դատավորը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նա ՀՀ վերաքննիչ դատարանում բեկանված որոշմանը տվել է կատարողական թերթիկ, ինչը կոպիտ խախտում է: Դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն` Արայիկ Մելքումյանը լավ պրծավ, քանի որ նրան կարող էին եւ դատել` առաջ քաշելով այն վարկածը, թե նա ինչ շահագրգռվածություն է ունեցել` բեկանված որոշմանը տալով կատարողական թերթիկ: Վարչապետի հայտարարությունն ու դատավորի լիազորությունների դադարեցման որոշումը զարմանալի զուգադիպությամբ հաջորդեցին միմյանց: Արդյոք սա ազդա՞կ էր դատավորներին զգուշանալու, թե՞ պարզապես զուգադիպություն էր, ժամանակը ցույց կտա, սակայն իրավիճակը այսքանով չի ավարտվում:

Վարչապետի հայտարարությունից հետո նոր սկիզբ են ազդարարել դատական համակարգում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այսօր` ժամը 10-ին, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ` դատական համակարգը հավաքվելու է:

Այն, որ դատական համակարգը ինքնամաքրման կարիք ունի, գաղտնիք չէ ոչ ոքի, սակայն չմոռանանք կարեւորի մասին: Դատական համակարգը ապահովագրված է եւ անկախ է ՀՀ օրենսդրությամբ: Սակայն վարչապետի հայտարարությունից հետո (դատավորի լիազորությունների դադարեցնելը) այսօր դատավորների հավաքույթը, ըստ էության, կարող է շահագրգիռ անձանց կողմից շահարկվել՝ ներկայացվելով որպես ճնշում դատավորների վրա: Բայց դե դատական համակարգն էլ իսկապես մաքրվելու կարիք ունի, մաքրվելու, բայց ոչ վհուկների որսի:

Քնար Մանուկյան




Լրահոս