Շիրակի մարզի Ջրաձոր գյուղական բնակավայրում իրավիճակը լարված է: Բանն այն է, որ հաջորդ տարեսկզբին կտրվի Կապսի ջրամբարի կառուցման մեկնարկը: Առաջին փուլի նախագծային աշխատանքներն արժանացել են հավանության եւ ավարտվել: Առաջին փուլով նախատեսվում էր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբարի կառուցում, երկրորդ փուլով նախտեսված է ջրամբարի ծավալը հասցնել 60 միլիոն խորանարդ մետրի: Սակայն ջրամբարի կառուցման համար խոչընդոտ կա: Տարածքում Ջրաձոր գյուղական բնակավայրն է: Եթե ջրամբարը կառուցվի, գյուղը պարզապես ջրի տակ կհայտնվի:
Ջրաձորում մոտ 70 ընտանիք է ապրում։ Նրանցից 31-ը 88-ի երկրաշարժից անօթեւան է ճանաչված։ 30 տարի կառավարությունը նրանց խնդիրը չի լուծել։ Ստացվում է` 70 ընտանիքի օթեւանի խնդիր կմնա ՀՀ կառավարության ուսերին, ու սա այն պարագայում, երբ 3 տասնամյակ շարունակ ընդամենը 30 բնակարանի խնդիրը չի հաջողվել լուծել։ Միաժամանակ, Ջրաձորում կան պատմամշակութային երեք հուշարձան՝ ամրոց, որ թվագրվում է 3-4 դարերին, երկու դամբարանադաշտ՝ 2-րդ եւ 3-րդ դարերին թվագրվող, Սուրբ Գեւորգ եկեղեցի, որն էլ կառուցվել է միջնադարում, այնուհետեւ վերակառուցվել:
Այժմ քննարկվում է երկու հիմնական տարբերակ՝ գյուղի տեղափոխության եւ Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման մասին։ Գյուղի տեղափոխությունը առավել ծախսատար կլինի, քանզի այդ դեպքում անհրաժեշտություն կլինի նոր բնակավայրում նոր դպրոց, բուժամբուլատորիա, նախակրթարան ու ենթակառույցներ ստեղծել։ Նոր գյուղում, բացի տներ կառուցելուց, անհրաժեշտություն կլինի գազաֆիկացնել, էլեկտրաէներգիա անցկացնել ու ջրամատակարարումն ապահովել։
Դա, իհարկե, մեծ ծախս կպահանջի։ Առավել ձեռնտու տարբերակ կլինի գյուղաբնակներին որոշակի գումար տրամադրելով` լուծել խնդիրը: «Մեր պապերի գերեզմանոցը ստեղ է, ո՞ւր թողնենք էրտանք։ 30 տարի սպասեցինք։ Պապս ապրավ, չտեսավ, հայրս չտեսավ, ես չեմ տեսնի։ 30 տարի է` կսեն` գյուղը պետք է տեղափոխվի ։ Չկարողացանք մե սենյակմ սարքել։ Թույլ չտվեցին, որ սեփականաշնորհեինք, գոնե այդ կերպ կկարողանայինք մարդավարի ապրել։ Հմի էլ կսեն` փող տան, մեզի փող պետք չէ, մեզի մեր պապերի գյուղն է պետք»,-ասաց Ջրաձորի բնակիչներից մեկը։
Այժմ Ջրային պետական կոմիտեի` ծրագրերի իրականացման գրասենյակը ուսումնասիրություններ է կատարում։ Ծրագրի իրականացման այս փուլում գույքագրում ու հաշվառում է կատարվում, իսկ ջրաձորցիները գյուղի տեղափոխության իրենց տարբերակներն են մշակում: «Թող մեզ համար մի տեղ տան, ինչ անենք, մի դպրոց էլ թող մեզ համար կառուցեն։ Այսքան սպասել ենք։ Մեր գյուղը հայկական ամենահին գյուղերից է: Եթե կառավարությունը կգնա այդ քայլին ու կլուծարի գյուղը, թող փորձի։ Ամբողջ գյուղով ոտքի կկանգնենք։ Կապսի ջրամբարը իսկապես շատ կարեւոր ծրագիր է։ Մի շարք գյուղերի համար ջրամատակարարման խնդիրներ կլուծվեն։ Այնպես որ կարծում ենք` այդ հնարավորություններից ելնելով` հնարավոր է ընդամենը 70 ընտանիքի համար փոքր գյուղ ստեղծել։ Ջրաձորը չի լուծարվելու»,- ասաց Ջրաձորի բնակիչներից մեկը։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ պնդում է. «Գերմանական KFW ծրագրով է ֆինանսավորվելու ջրամբարի կառուցումը: Գյուղի տեղափոխության հարցը ծրագրում ընդհանրապես ներառված չէ»:
Փաստորեն, իրավիճակն իսկապես լուրջ է, եւ իշխանությունները պետք է խնդիրը լուծեն այնպես, որ նաեւ գյուղացիների շահերը չոտնահարվեն:
Հեղինե Մանուկյան
Գյումրի