Հեղափոխությունն օպերային թատրոն չի մտել, կողքով է անցել. դիրիժորն ակնկալում է, որ Օրբելյանը գեղղեկ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ զրուցել է թատրոնում ներկայումս տիրող իրավիճակի, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատելաոճի եւ այլ թեմաների շուրջ: Նա նշել է, որ հեղափոխությունը օպերային թատրոն չի մտել, եւ ղեկավարությունը շարունակում է առաջնորդվել նախկին ավանդույթներով: Դիրիժորի համոզմամբ՝ այսօր Օրբելյանի կողքին ոչ թե բանիմաց, այլ շողոքորթ մարդիկ են, որոնք նրան սխալ տեղ են ուղղորդում:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք պարբերաբար հանդես եք գալիս թատրոնի կառավարման հետ կապված Ձեր մտահոգություններով: Ըստ Ձեզ՝ այսօր ո՞րն է օպերային թատրոնի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը:

-Աշխատանքային գրաֆիկի անարդյունավետությունը, անկազմակերպ վիճակը: Թատրոնը հաստատուն գրաֆիկով չի աշխատում, այլ ինչպես պատահի: Օրինակ՝ մեներգիչը չգիտի` ամսվա որ օրը պետք է ելույթ ունենա, որ օպերայում, դրա հետեւանքով աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրվում: Մեներգիչների հետ ռեժիսորական աշխատանք չի տարվում: Եթե կոնցերտմայստերների գիտելիքները չլինեին, շատ ծանր վիճակ կտիրեր: Եվ հետո մի բան էլ. երգիչն այսօր ելույթ ունեցավ, մեկ էլ կարող է վերց ամիս հետո երգի: Դրա հետեւանքով արտիստը կորցնում է բեմական զգացողությունը, դերի սրությունը, ձայնալարերը թմրում են, էլ չասեմ, որ հոգեպես վհատվում է: Կոնստանտին Օրբելյանը թող լինի պրոդյուսեր, բայց ոչ գեղարվեստական ղեկավար: Նա չկարողացավ կարգավորել այս ներքին աշխատանքները, երբեւէ թատրոն չի ղեկավարել, օպերային ներկայացում չի ղեկավարել, չունի հստակ պատկերացումներ:

-Ի՞նչ եք կարծում, հեղափոխությունը մտե՞լ է օպերային թատրոն:

-Ոչ, չի մտել, կողքով է անցել: Օրբելյանին պետք է ազատել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից եւ ժամանակավորապես բերել ուրիշին, մինչեւ որ կգտնվի այն մարդը, որը լրաժեք կկատարի իր աշխատանքը եւ կհամապատասխանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի պահանջներին: Որպես պրոդյուսեր` նա պետք է թատրոնին. ունի լավ կապեր, ծանոթություններ: Ինքս էլ ինչով կարող եմ, կօգնեմ նրան: Բայց որպես գեղղեկավար` թատրոնի հետ կապված նրա պատկերացումները ավելի շուտ հալյուցինացիաներ են հիշեցնում, դրանք կապ չունեն իրականության հետ: Թատրոնն ունի 56 երգիչ, բայց դրան համապատասխան թվով օպերային ներկայացումներ չունի: Նախկինում Օրբելյանն իր դիրքերն ամրապնդելու համար դիմում էր Սերժ Սարգսյանին, Ռիտա Սարգսյանին: Հիմա նրանք չկան, եւ բնական է, որ հենց նեղն է ընկնում, դիմում է փոխվարչապետին (Կոնստանտին Օրբելյանն օրեր առաջ մեկնել էր Լոս Անջելես՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկա լինելու:

Սակայն վերջինիս մասնակցությունն այնքան մեծ դժվարությամբ էր հաստատվել Մշակույթի նախարարության կողմից, որ պահանջվել էր անգամ փոխվարչապետի միջամտությունը: Փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն է զանգահարել փոխվարչապետներից մեկը եւ հարցրել է, թե ինչու Օրբելյանին թույլ չի տալիս, որ գնա, մրցանակ ստանա-հեղ.): Իրավիճակը կարելի է շտկել, եթե Օրբելյանն իր կողքին ունենա բանիմաց մարդիկ, ոչ թե շողոքորթներ, որոնք շարժվում են հին սովորությունների համաձայն եւ սխալ ուղղության վրա են դնում նրան:

-Պարո՛ն Վարդանյան, այսօր օպերային թատրոնում բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է տիրում:

-Առկա է հարմարվողական, վհատվածության եւ շողոքորթության մթնոլորտ: Բոլորն են դժգոհ. եթե նրանց մոտենաք, հարցնեք՝ ինչից են դժգոհ, գուցե պատմեն Ձեզ, բայց կնախընտրեն անանուն մնալ: Մեկը վախենում է, որ իր հետ կնքած պայմանագիրը չեն երկարացնի, մյուսը արդեն համակերպվել է այդ իրականությանը…

Աննա Բաբաջանյան




Լրահոս