Օրերս վերանշանակված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախկին կառավարությունից նորը «տեղափոխված» պաշտոնյաներից է: Նրա անունը` որպես նոր կառավարությունում աշխատելու արժանի ռեալ հավակնորդի, առաջիններից մեկը շրջանառվեց:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Տոնոյանին ֆեյսբուքի միջոցով պաշտոնի «հրավիրատոմս» ուղարկելու առաքելությունը ամիսներ առաջ ստանձնեց Արարատ Միրզոյանը, ով դեռեւս ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորի կարգավիճակում էր: «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը»,- գրել էր Միրզոյանն ու հավելել, թե իր սրտով ապագա նախարարը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն, երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս, եւ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականացվի եւ մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Արտակարգ պայմաններում աշխատող Տոնոյանի պատասխանը «Չեմբերլենին» բավական օպերատիվ էր՝ «…շարունակելու եմ իմ տեղում իրականացնել պարտականություններս այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից, եւ չեմ պատրաստվում որեւիցե առաջարկի արձագանքել»: «Թավշյաների» կողմից «մերժվածներին» ուղղված պաշտոնի առաջարկներին խանդով արձագանքեցին որոշ ՀՀԿ-ականներ՝ դրանք որակելով քաղաքական առեւտրով զբաղվելու փորձեր: Դա կոնկրետ Տոնոյանի դեպքում արդյունք տվեց. չնայած սկզբում արված «չեմուչումին»` նա շուտով ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, որն զբաղեցնում է անցած տարվա մայիսի 11-ից: Ըստ այդ օրերին շրջանառվող լուրերի՝ հրավերքն ընդունելու հարցում Տոնոյանին համոզել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ պատերազմական երկրի նոր կառավարություն գործուղելով իր թիմի չվարկաբեկված, պրոֆեսիոնալ կադրերից մեկին: «Սա Սերժ Սարգսյանի նվերն էր Փաշինյանի կառավարությանը, վերջին լավությունը՝ Տոնոյանին»,-մեր զրույցում ասաց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ակնարկելով, որ նոր պաշտոնը իսկը Տոնոյանի հագով-սրտով է եղել: Նա, պատկերավոր ասած, վերադարձել է հարազատ տուն, մանավանդ նախկինում եղել է պաշտպանության փոխնախարար:
Նշենք նաեւ, որ ապրիլյան զարգացումներից դեռ ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գեներալները հանդիպել են Սերժ Սարգսյանին, իրենց դժգոհությունն են հայտնել այն ժամանակ գործող Պնախարար Վիգեն Սարգսյանից եւ առաջարկել պաշտպանության նախարար նշանակել Դավիթ Տոնոյանին։ Գեներալները, սակայն, տեւական ժամանակ եւ հերթով հերքում էին այդ լուրերը՝ երդում ուտելով, որ նման առաջարկություն իրենց կողմից չի արվել: Անգամ վարկած շրջանառվեց, որ այդ լուրերի «արտահոսքի» հետեւում ինքը՝ Տոնոյանն էր, նպատակը` իր վրա ուշադրություն սեւեռելը:
Ո՞վ էր Տոնոյանը
մինչեւ հեղափոխությունը
Արդեն նշեցինք, որ Սերժ Սարգսյանի օրոք Տոնոյանի զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է ԱԻ նախարարի «պոստը»: ԱԻՆ-ն այն ուժային կառույցն էր, որը, ինչպես ընդունված է ասել, զրոյից ձեւավորել է լուսահոգի Արմեն Երիցյանը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխված Տոնոյանի համար պաշտոնավարման առաջին տարին բավական դրամատիկ էր, քանի որ ՀՀ գրեթե ողջ տարածքին պատուհասեցին անտառային հրդեհները, մասնավորապես Արտավանում, Խոսրովի արգելոցում` մեծ կորուստներ պատճառելով հայրենի բնաշխարհին: 2017-ի հրդեհառատ տարում պայթյուն եղավ ու հրդեհ բռնկվեց նաեւ «Նաիրիտ»-ում: ԱԻ նախարարը, ինչպես ասում են, նոր պաշտոնում իրեն պրակտիկայում դրսեւորելու լիուլի հնարավորություն ունեցավ՝ այցելելով հրդեհված տարածքներ: Պարզվեց, որ մեր ԱԻՆ-ը անտառների հրդեհաշիջման տեխնիկայի հագեցվածության խնդիր ունի. օգնության հասան կամավորական ջոկատները, Զինված ուժերի տեխնիկական միջոցներն ու անձնակազմը, Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ՝ նաեւ ՌԴ հրդեհաշիջող ինքնաթիռը: Բնապահպանները քննադատեցին ԱԻՆ-ին ուշացած արձագանքի համար, պատուհասն էլ ստիպեց ԱԻՆ-ին մտածել տեխնիկական վերազինման մասին, ԱԻՆ-ում ստեղծվեց աշխատանքային խումբը, որը պետք է վերլուծեր հրդեհից քաղված դասերը։ Հարցին, թե արդյոք շատ էին բացթողումները, Տոնոյանն արձագանքել էր. «Չաշխատողները չեն սխալվում»: Վերադառնալով ԱԻ նախարարի պաշտոնում Տոնոյանի աշխատանքին` նշենք, որ ԱԻՆ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մամուլում լսվեցին առաջին դժգոհությունները. Տոնոյանը կամայականորեն ազատվում է համակարգի հնաբնակ մի շարք կադրերից, ապարատը համալրում է ՊՆ-ից «բերած» իր «զորքով»՝ իր կողմից վստահություն վայելող կադրերով:
շարունակելի
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ` աշխատանքից ազատվել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Տեղի ունեցածը դժգոհություններ է առաջացրել բնապահպանների մոտ. Գրիգորյանն ինքն էլ ժամանակին բնապահպան ակտիվիստներից է եղել: Նրանց պնդմամբ` Գրիգորյանը սրտացավ է աշխատել՝ մտածելով երկրի բնապահպանական խնդիրները լուծելու մասին։ Ու հիմա բնապահպանները, որպես իրենց ընկերոջն աջակցություն, հանրային նամակով պատրաստվում են դիմել վարչապետին։
Նշենք, որ վարչապետի որոշման մեջ որպես Գրիգորյանին աշխատանքից ազատելու հիմք նշված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետը: Իսկ այնտեղ նշված է. «Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ նրա նկատմամբ խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ»:
Երեկ Արթուր Գրիգորյանը, համացանցի իր էջում անդրադառնալով պաշտոնանկությանը, ներողություն է խնդրել, որ հեռախոսազանգերին չի պատասխանում, եւ հավելել. «Չգիտեմ` ինչ պատասխանեմ»: Ասել է թե` Գրիգորյանի պաշտոնանկությունը եղել է խիստ անակնկալ նաեւ իր համար: Ու տեսչության աշխատակիցներն էլ պնդում են, որ տեսչական մարմնի համակարգող խորհուրդը տեղյակ չի եղել որոշումից, նիստ չի անցկացրել, որպես այդպիսին, վարչապետին առաջարկ չեն ներկայացրել: Ավելին` երեկ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը աշխատանքի է եկել սովորականի պես եւ իր աշխատանքից ազատման մասին տեղեկացել է մամուլից։
Բնապահպանները պնդում են, որ Գրիգորյանի հետագա պաշտոնավարումը բնապահպանության ներկայիս նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել։ Ըստ շրջանառվող վարկածի` Գրիգորյանը այս պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո սկսել է ստուգել ՀՀ հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները։ Չէ՞ որ նրա ղեկավարած կառույցի ստուգումների արդյունքում այսօր չի աշխատում «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պետք է շահագործեր Ամուլսարը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ավելին, Ամուլսարին օգտագործման թույլտվություն տալու հետ կապված քրեական գործ է հարուցված: Բացի այդ, տեսչական մարմինը նախորդ տարի բնապահպանական խախտումների համար 387 միլիոն դրամով տուգանեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Էյ Սի Փի» ընկերությանը: Իսկ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեսչական մարմինը նախորդ տարվա սեպտեմբերի 10-ից ստուգումներ էր իրականացնում եւ հոկտեմբերի վերջերին որոշում կայացրեց ստուգումները 75 օրով երկարացնելու մասին:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ. Արթուր Գրիգորյանը չպատասխանեց նաեւ մեր հեռախոսազանգերին: Իսկ վարչապետը դեռ չունի մամուլի խոսնակ. նախկին խոսնակը դարձել է ԱԺ պատգամավոր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Փետրվարի 17-ին կկայանան Իջեւան համայնքի ավագանու, Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ համայնքի ավագանու, Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Իջեւանի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 33 թեկնածու: Ավագանու նախորդ կազմի 12 անդամից 10-ը նորից առաջադրվել են որպես ավագանու անդամի թեկնածու: Իջեւանի ավագանու 33 թեկնածուներից 2-ը` Նարեկ Հարությունյանը եւ Վահան Ղազումյանը, ՀՅԴ անդամ են, մնացած 31 թեկնածուներն անկուսակցական են: Ավագանու 33 անդամից միայն մեկն է կին` 1990թ. ծնված Տաթեւիկ Մինասյանը: Նա եղել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սան, ներկայում աշխատում է նույն կազմակերպությունում որպես սոցիալական աշխատող: Գետահովիտ համայնքի ավագանու 7 տեղի համար առաջադրվել է 8 թեկնածու: Նրանք բոլորն էլ անկուսակցական են: Ակնաղբյուր համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու, 4-ն էլ անկուսակցականներ են: Համայնքի ղեկավարի թեկնածուներ են գործող համայնքապետ Կարեն Դոլմազյանը եւ ոչ մի տեղ չաշխատողներ Վրույր Մայիլյանը, Գրիգոր Եգանյանը եւ Վարդազար Շահնազարյանը: Կարեն Դոլմազյանը Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է արդեն 15 տարի` 2004 թվականից: Նախորդ` 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում Կ. Դոլմազյանը ներկայացել է որպես ՀՀԿ անդամ: Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում` համայնքների ղեկավարների վերաբերյալ բաժնում, Կ. Դոլմազյանն իր կենսագրության մեջ չի նշել, որ համայնքը ղեկավարում է 2004 թվականից, միայն նշել է, որ վերընտրվել է 2012 եւ 2015 թվականներին:
ԳՆՈՒՄ ԷՐ ԾԽԱԽՈՏ ԽՆԴՐԵԼՈՒ
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի 30-ամյա բնակիչ Արման Միքայելյանը, ով հունվարի 17-ին իրենց գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է, դեռեւս գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրա աջ ոտնաթաթը պոկված է: Բարեկամավան գյուղի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ Արմանը 3-րդ խմբի հաշմանդամ է, նա տառապում է տկարամտությամբ: Գյուղի վարչական ղեկավարից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, թե Արմանը ցանկանում էր Ադրբեջան գնալ: Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ ինքը հարցրել է Արմանին, թե նա ինչպես է հայտնվել սահմանագոտու ականապատ հատվածում: Արմանը պատասխանել է, թե ցանկանում էր գնալ հայ սահմանապահների մոտ, որպեսզի նրանցից ծխախոտ խնդրեր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ