Երեկ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս ներկա էր հոգաբարձուների խորհրդի նիստին: Այն անցավ բավականին լարված: Նշենք, որ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է 2018թ. նոյեմբերի 12-ին վարչապետի հրամանով: Իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու 2-ն են` Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն ու երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին: Ի դեպ, խորհրդի նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր:
Երեկ մինչ հոգաբարձուների խորհրդի նիստի սկսվելը ArmLur.am-ը հրապարակել էր, որ նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ, որոնք նախարարի դրածոներն են խորհրդում, հավաքվել են Ծաղկաձորում եւ քննարկել են, թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը, փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելուն: Ի դեպ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` խորհրդավոր հանդիպմանը ներկա են եղել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, առողջապահության ենթակայության տակ գտնվող հիմնարկի ներկայացուցիչներ Դավիթ Պետրոսյանը, Լուսինե Քոչարյանը, Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաեւ նախագահի իրենց թեկնածու Էդուարդ Համբարձումյանը: Ավելին, հանդիպման մասնակիցներից մեկը ձայնագրել է ընթացքը: Ըստ այդմ` նախարար Թորոսյանի դրածոները ծաղկաձորյան հանդիպմանը որոշել են պահանջել փակ քվեարկություն, որպեսզի այդկերպ վերահսկեն ընթացքը (իհարկե, քվեարկության ընթացքում նրանք պահանջեցին քվեարկությունը փակ անել): Ձայնագրության մեջ նաեւ հստակ լսվում է, որ կա կանխակալ վերաբերմունք եւ վիրավորական արտահայտություններ բուհի ղեկավարության հանդեպ:
Ինչեւէ, երեկվա նիստում խորհրդի անդամները նախագահ ընտրեցին: Մինչ հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությանն անցնելը նշենք, որ երեկվա նիստին 32 անդամներից ներկա էին 28-ը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը նիստին ուշացած ներկայացան, երբ արդեն օրակարգը հաստատվել էր ներկա անդամների կողմից: Չմոռանանք նշել, որ Լենա Նանուշյանի թեկնածությունը` որպես բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, քննարկվում էր:
Նիստին ուշացած ներկայացած Լենա Նանուշյանը լավ տեղավորվելուց հետո ոգեւորված առաջարկ ներկայացրեց. «Քանի որ շատ ծանրաբեռնված օրակարգ է ներկայացվել մեզ, եւ, անկեղծ ասած, երկուշաբթի օրն էլ ծանրաբեռնված օր է մեր բոլորի համար, ուզում եմ առաջարկել, որ օրակարգը կիսենք երկու մասի եւ մյուս կեսը տեղափոխենք ավելի ազատ մի օրվա, օրինակ` շաբաթ օրվա, երբ ազատ գրաֆիկով կկարողանանք մինչեւ վերջ մասնակցել»:
Սակայն փոխնախարարի այս առաջարկին ի պատասխան` նիստը վարող ԵՊԲՀ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը տեղեկացրեց, որ օրակարգն արդեն հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատել են: Ապա ավելացրեց. «Դուք դրանից հետո նոր առաջարկություններ եք անում: Բայց մենք հաստատել ենք այն, ես նպատակահարմար չեմ գտնում Ձեր առաջարկին անդրադառնալ»:
Իսկ Լենա Նանուշյանը փորձեց հակադարձել Աղաջանովին` նշելով. «Բայց պարոն Աղաջանով ես հիմնավորում ներկայացրեցի… ավելի հայեցողական աշխատենք միասին: Իմ եւ իմ կոլեգաների գրաֆիկի պատճառով, ովքեր ներկա են, մենք այնպիսի գրաֆիկ ունենք, որի պատճառով չենք կարողանա…»: Թույլ չտալով միտքն ավարտել` պարոն Աղաջանովը ընդհատեց փոխնախարարի խոսքը. «Տիկի՛ն փոխնախարար, լսեցինք` Դուք շատ զբաղված մարդ եք: Ես չեմ ուզում վիճաբանել, վերջացրե՛ք, խնդրում եմ»:
Ինչից հետո Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում սկսեց լարված մթնոլորտը: Պատճառն այն է, որ մասնակիցները աշխատակարգի վերաբերյալ տարբեր առաջարկներ ներկայացրին: Այնուամենայնիվ, Նանուշյանի` նիստը երկու մասով անցկացնելու վերաբերյալ առաջարկը Աղաջանովի կողմից չընդունվեց:
Ապա խորհրդի անդամներից տուբերկուլյոզի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանն իր առաջարկի մասին բարձրաձայնեց` նիստը անցկացնել փակ: Նրա առաջարկը եւս քվեարկության դրվեց, բայց չընդունվեց: Այս ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվեց, երբ խորհրդի անդամներից մեկին շատ ժամանակ հատկացվեց խոսելու, մյուսին` քիչ: Իսկ խորհրդի անդամները սկսեցին չհասկանալ իրար, եւ ամեն մեկն իր խոսքն էր ասում:
Արձանագրենք, որ անդամներին սթափեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ում նյարդերը տեղի տվեցին, եւ նա, ձեռքը խփելով սեղանին, բացականչեց. «Գոյություն ունի աշխատակարգ, որը որոշել է, որ տարիքով ավագն է վարելու, խնդրում եմ, հարգե՛ք այդ մարդուն: Ի՞նչ ա նշանակում, րոպեն մեկ ընդհատում եք վարողին, 15 րոպե համբերե՛ք… ես զորակոչը թողել, եկել նստել եմ այստեղ, բազար ա դառնում, էս ի՞նչ վիճակ է: Հավասարությունը ենթադրում է լռել»:
Նշենք, որ փակ նիստ անցկացնելուն կողմ քվեարկեցին Դավիթ Պետրոսյանը, Էդուարդ Համբարձումյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Լուսինե Քոչարյանը: Իսկ մեծամասնությունը դեմ քվեարկեց փակ նիստ անցկացնելուն. 4` կողմ, 25` դեմ` նիստը փակ անցկացնելուն: Հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությունը փակ անցկացնելու առաջարկը եւս չընդունվեց: Արդյունքում Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին, որին կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը: Իսկ ահա մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ: Արձանագրենք, որ Վահան Արծրունու թեկնածությանը դեմ քվեարկեցին Լենա Նանուշյանը, Լուսինե Քոչարյանը, Դավիթ Պետրոսյանը, Մանե Ադամյանը, Լիանա Ղալթախչյանը, Էդուարդ Համբարձումյանը, Արեն Մկրտչյանը:
Քվեարկությունից հետո բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը խոսեց բուհի ծախսերի, եկամուտների եւ 2019 թվականի բյուջեի մասին: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ինչպես ուշացած եկել էր, այդպես էլ առանց ներողություն խնդրելու նիստից շուտ դուրս եկավ, գնաց: «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվեց ծաղկաձորյան հանդիպման մասին, սակայն Նանուշյանը վերարկուն շտապ հագավ եւ գնաց` օդի մեջ նետելով հետեւյալը. «Ես շտապում եմ կառավարություն: Տեղյակ չեմ Ծաղկաձորի հանդիպումից»:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից փորձեց տեղեկանալ նաեւ նիստին ուշացած ներկայանալու պատճառների մասին. արդյոք նիստին ուշացած գալը նիստը տապալելու սցենարի մա՞սն էր կազմում: Բայց նա շտապում էր: Ամեն դեպքում, նկատենք, որ նախարարի թիմի` նիստը տապալելու, խորհրդի նախագահի քվեարկությունը տեղափոխելու փորձերը չհաջողվեցին: Այսինքն` նախարարի թեկնածուն չընտրվեց:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՆՉԵՍՏԵՐՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ՖԵՐԳՅՈՒՍՈՆՅԱՆ ՇՈՒՆՉԸ
«Մանչեստեր Յունայթեդում» կրկին ուրախ են, թիմը կրկին հաղթում է, ֆուտբոլիստները վայելում են խաղը եւ իրենց երկրպագուներին պարգեւում այն նույն էմոցիաները, որը 27 տարի շարունակ պարգեւում էր Ֆերգյուսոնի «Յունայթեդը»: Անգլիայի Մանչեստեր քաղաքում նորից զգացվում է ֆերգյուսոնյան շունչը` Ուլե Գուննար Սուլշերի գլխավորությամբ…
Սըր Ալեքսից հետո եկան շատերը` Դեյվիդ Մոյես, Լուի Վան Գալ, Ժոզե Մոուրինյո. նախկին «Յունայթեդը» վերադարձնել չկարողացավ ոչ ոք:
Վերջերս «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը լքեց նաեւ Ժոզե Մոուրինյոն, ում ժամանակահատվածում «Յունայթեդը» կարողանում էր թեկուզ եւ տգեղ խաղով, բայց արդյունք ապահովել, սակայն վերջին տարում «Առանձնահատուկի» եւ թիմի ֆուտբոլիստների հարաբերությունները սրվել էին, ինչը պատճառ հանդիսացավ թիմի վատ արդյունքների, որին էլ հետեւեց Ժոզեի պաշտոնանկությունը:
Գլեյզերների ընտանիքը (թիմի սեփականատերերը) ակումբ հրավիրեց նորվեգացի Գուննար Սուլշերին, ով արդեն մանկունյական ակումբում սկսել է գրել իր պատմությունը: 7 խաղ, 7 հաղթանակ. այսպիսին է «երեխայի դեմքով մարդասպանի» (այսպես են Սուլշերին կոչում Անգլիայում) վիճակագրությունը Անգլիայի ամենատիտղոսակիր թիմի կազմում: Սուլշերը եկավ եւ իր հետ բերեց նաեւ «Յունայթեդի» հարձակողական, կրակոտ եւ կրքոտ ֆուտբոլը, որն ուղղակի անհետացել էր Ֆերգյուսոնի հեռանալուց հետո (2013թ.): Նորվեգացին ընդամենը 7 խաղ է, որ գլխավորում է Մանչեստրյան ակումբը, բայց արդեն հասցրել է սիրվել թիմի երկրպագուների եւ ֆուտբոլիստների կողմից: Ուլեն կարողացել է ֆուտբոլիստների մոտ վերադարձնել խաղալու, պայքարելու, կամքի եւ հաղթելու ցանկությունը: «Յունայթեդը» արդեն քիչ-քիչ նմանվում է այն թիմին, որին սովոր էին տեսնել ամբողջ աշխարհը: Սուլշերը ունի հաղթանակ տանելու առանձնահատուկ մի մարտավարություն, որի գաղտնիքը թիմի բոլոր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալու մեջ է. Դալոտից մինչեւ Պոգբա, Ֆելաինիից մինչեւ Լուկակու խաղում են բոլորը եւ խաղում են մեծ պատասխանատվությամբ, իրենց տեղը պահպանելու մեծ ցանկությամբ:
Չնայած որ շատ հարցերում Ուլեին օգնում է «ամենակարող» Ֆերգին, դա դեռ ընդհանրապես չի նսեմացնում Սուլշերի վաստակը. չէ՞ որ հանճարներ դառնում են` սովորելով հանճարներից…
Սուլշերն արդեն իսկ շատ բան է արել. քնից արթնացրել է այն գազանին, որը տարիներ շարունակ իշխում էր Անգլիայում, սակայն պետք է հասկանալ եւ ընդունել այն փաստը, որ նորվեգացու հետագա ճանապարհը լի է լինելու դժվարություններով, իսկ դրանք հաղթահարելու պարգեւավճարը հավերժ փառքն է, բայց դեռեւս «Մանչեստրյան փառքը» պատկանում է միայն Սըր Ալեքս Ֆերգյուսոնին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ