ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահ համակարգի համար լուրջ մարտահրավեր է դարձել այս կամ այն քրեական գործով որեւէ մեկին կալանավորելը կամ կալանքից ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացնելը: Ու երբեմն այնպիսի անտրամաբանական եւ իրավազուրկ որոշումներ են կայացվում, որ դժվար է հասկանալ, թե ում մտքով ինչու է նման բան անցել:

 

 

ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը
Հիմա փորձենք առարկայական երկու օրինակով բացատրել, թե ինչն է խնդիրը: 2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»: Ի դեպ, վարչապետը նշել էր, որ սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից:
Չնայած իրավապահները եւ ՀՀ վարչապետը չգաղտնազերծեցին, թե ով է պատգամավորը, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է: Այս հայտարարությունից անցել է մոտ 3 ամիս, սակայն մինչ օրս արդեն նախկին պատգամավորը կալանավորված չէ: Սկզբում խոսվեց այն մասին, որ պատգամավորի ձերբակալումը ուշանում է, քանի որ իրավապահ համակարգը սպասում էր Դուբայից մի կարեւոր փաստաթղթի, որը հիմնական ապացույցն էր: Հետո էլ նա անհետացավ:
Քրեական գործի ակունքները
Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այսինքն՝ Արամ Հարությունյանի նկատմամբ այս քրեական գործը հարուցվել է դեռեւս 2015 թվականին, եւ ինչպես հայտնեցին դատախազության մեր աղբյուրները, այդ քրեական գործը հարուցվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ, եւ այդ ժամանակ բավականին ծանրակշիռ փաստեր ու ապացույցներ են կուտակվել:
Բայց ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դեռ 2015-ին, երբ հարուցվել է այդ քրեական գործը, Արամ Հարությունյանի դրվագով այլ բացահայտումներ էլ են իրականացվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գեւորգ Կոստանյանի հրահանգով 4 տարի առաջ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի թեթեւ ձեռքով Սեւանա լճից մի քանի անգամ ավելի ջուր է բաց թողնվել, որի հետեւանքով մեր միակ քաղցրահամ հարստությունը մսխվել է՝ պետությանը եւ բնությանը հասցնելով լուրջ վնասներ: Սակայն ներկայումս ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազությունը, ե՛ւ Հատուկ քննչական ծառայությունը այս մասով, կարծես թե, ակտիվ քննություն չեն իրականացնում, այլ միայն սեւեռվել են Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների եւ Արամ Հարությունյանի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մասի վրա: Համենայնդեպս, պաշտոնական աղբյուրները լռում են Սեւանա լճից փաստացի ջուր գողանալու դեպքերի մասով:
Բայց այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հերիք չէ` նախաքննական մարմինը, գործը վերահսկող դատախազը Արամ Հարությունյանի կատարած մյուս գործողությունների առումով քննություն չեն տանում, մյուս կողմից էլ` նկատվում է, որ բավական սրտացավ վերաբերմունք են դրսեւորել վերջինիս նկատմամբ: Բանն այն է, որ երբ հայտնի դարձավ` վարչապետի կողմից մատնանշված գործով անցնող պատգամավորը Արամ Հարությունյանն է, ինչպես ՀՔԾ-ն, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությունը ոչինչ չարեցին կամ միգուցե արեցին, բայց անօգուտ: Եւ վերջնարդյունքում Արամ Հարությունյանը կա՛մ հասցրեց լքել երկիրը, կա՛մ երկրի ներսում է հաջողությամբ թաքնվում քննությունից:
Բարոյական եւ իրավական կողմը
Ու այս պատկերին զուգահեռ նկատենք, որ պարզվում է՝ ՀՔԾ քննիչները եւ դատախազությունը բավականին խիստ եւ աչալուրջ են գտնվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի նկատմամբ: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՔԾ-ում 2018 թ.-ի հոկտեմբեր ամսին եւ քրեական գործի շրջանակներում ո՛չ կասկածյալի եւ ո՛չ էլ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել: Ու երբ իր ընտանիքի հետ դեկտեմբերի 20-ին ցանկացել է գնալ Վրաստան (մեր տեղեկություններով` նախկին գործընկերոջ ծնունդին), հայրենի սահմանապահները նրան արգելել են հատել սահմանը:
Նկատենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ ցուցաբերված այս վերաբերմունքը երկու կողմ ունի` բարոյական եւ իրավական: Ու ինչպես երեւում է, երկու դեպքերում էլ վարույթն իրականացող մարմինը եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը առնվազն վրիպում են թույլ տվել: Ինչո՞ւ. որովհետեւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ կետի 4-րդ մասը հստակ սահմանում է. «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը… Կասկածյալի եւ մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ եւ վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես»:
Ստացվում է, որ նախկին նախարարի ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտվել է դեկտեմբերի 20-ին, մինչդեռ մեղադրանքը նրա նկատմամբ առաջադրվել է դեկտեմբերի 26-ին: Ըստ էության, սահմանապահները խախտել են նշված օրենքը, քանի որ Սեյրան Օհանյանը չի ունենցել ոչ մի կարգավիճակ՝ ո՛չ կասկածյալի եւ ո՛չ էլ մեղադրյալի. նրան արգելվել է դուրս գալ երկրից:
Թե ինչ է արել Սեյրան Օհանյանը, թերեւս կպարզվի մարտի 1-ի քրգործի քննության ընթացքում, բայց մի բան ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանը հայոց բանակի համար լուրջ ներդրումներ է արել, գեներալ-գնդապետ է, Արցախի հերոս եւ, ամենակարեւորը, պարկեշտ զինվորական, որի նկատմամբ նման վերաբերմունքը բարոյական տեսանկյունից սխալ է:
Պատժի հրամայականը
Այս իրավիճակում բարոյական փոխհատուցումը անչափ սպասելի է: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առնվազն պետք է ապահովի, որպեսզի պատասխանատվության ենթարկվի այն սահմանապահը, որը, ըստ էության, գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները եւ արգելել գեներալ-գնդապետին հատել սահմանը: Եթե անգամ սահմանապահը կատարել է հրահանգ, ապա գոնե պետք է ցույց տա գրավոր հրահանգի հիմքերը, եւ այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նման հրահանգ տվողը:
Այսպիսով, Արամ Հարությունյանի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը համադրելով` կարող ենք փաստել, որ Սեյրան Օհանյանը եղել է իրավապահների տեսադաշտում, իսկ Արամ Հարությունյանը ինչ-ինչ շահագրգռվածության արդյունքում հասցրեց թաքնվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵ՞Ն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել եւ սպասում է գործը հսկող դատախազի պատասխանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը դատախազության պատասխանին սպասում է արդեն երեք օր, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում անսովոր կերպով լռում են:
2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս դեպքից հետո` ամիսներ անց, գրել էինք, որ Կարեն Ավագյանը, դիմելով իրավապահներին, ավելի ուշ զանգահարել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հասկանալու համար, թե նա ինչ է արել այդ գումարները: Ի պատասխան` Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հայտնել է, թե այդ քայլին գնացել է` ինչ-ինչ խնդիրներից ելնելով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Կարեն Ավագյանը նրանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը, տնօրենը հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ կինը լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձել էր զրուցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի հետ, սակայն վերջինս ասաց. «Այս ժամանակահատվածում հարգե՛ք իմ լռելու իրավունքը»: Մեր այն հարցին` յուրացման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, դուք ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը, հիմնադրամի տնօրենն ասաց. «Ոչ մի բան չեմ ընդունում եւ ոչ մի բան չեմ ցանկանում ասել, խնդրում եմ, իմ լռելու իրավունքը հարգե՛ք, քննություն է գնում, այս իրավիճակում ինչ-որ բան ասելը ճիշտ չէ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նախկին վարչապետը բացատրություն է տվել ՀՀ ՔԿ-ում հարուցված, Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանից բացի ՔԿ-ում բացատրություն է տվել նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Որոշում է կայացվել քրգործն ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:




Լրահոս