ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Ողջունելով հոգեւոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել, թե ինչով կարող է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հայ հավատացյալ, աջակցել ու օժանդակել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ասել է. «Պարոն նախագահ, ուրախ եմ, որ այսօր Արամ Ա Վեհափառի հետ այցելեցինք Ձեր օջախ: Արամ կաթողիկոսը եռօրյա այցով Հայաստանում է, և այս օրերին միասնաբար եկեղեցուն հուզող բազում հարցեր, խնդիրներ ու ծրագրեր քննարկեցինք:

Մենք հստակ, վճռական կերպով հաստատեցինք, որ պետք է շարունակենք պատմական առաքելությունը մեր եկեղեցու, մեր ժողովրդի կյանքում՝ զորավիգ լինելով մեր հայրենի պետությանը, նպաստելով, որ մեր երկիրը շարունակի ապահով, անվտանգ առաջընթացի մեջ իր բարօր կյանքը: Այս իմաստով, անշուշտ, աշխարհասփյուռ եկեղեցու մեր հանգամանքը պետք է կարողանանք օգտագործել՝ մեր ժողովրդին համախմբելու հայրենիքի շուրջը: Հայրենիքն այն հիմնական արժեքն է, որի համար մեր ժողովուրդը դարերի ընթացքում հանձն է առել գնալ նահատակության:

Հայոց պետությունը, հայոց պետականությունը մեր պատմության մեծագույն ձեռքբերումն են, և մենք այսօր պատասխանատվություն ունենք՝ այդ պետականությունն ամուր, անվտանգ պահելու և այդ պետականության համար մեր ժողովրդի բոլոր կարողություններն ու հնարավորությունները համադրելու, որպեսզի անվտանգ կարողանա մեր երկիրն առաջ գնալ, շենանալ, զորանալ և ապահովել մեր ժողովրդի բարօր կյանքը:

Բոլոր առիթներով մենք բարձրաձայնում ենք, որ մեր եկեղեցու հոգեփրկչական առաքելության հետ միասին նույնքան կարևորությամբ մեր եկեղեցին իրականացնում է հայապահպանության, ազգապահպանության և պետականաշինման առաքելությունը: Պետության ամրացումը, հզորացումը, բարգավաճումը, պայծառացումը մեր եկեղեցու գերագույն առաքելություններից է:

Աստված թող օրհնի Ձեզ, քաջառողջություն ենք մաղթում , արգասաբեր գործունեություն մեր երկրի ու ժողովրդի բարօրության և առաջընթացի համար»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ջերմ սիրով ողջունում եմ ևս մեկ անգամ՝ որպես Հայաստանի Հանրապետության արժանընտիր նախագահ:

Մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի: Ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են : Որպես եկեղեցի, որպես կառավարություն, խորհրդարան, նախագահ, վարչապետ մեզնից յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակում անելիքներ ունի, և մենք կոչված ենք այդ անելիքները կատարելու բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ, գիտակցությամբ, հանձնառությամբ:

Եկեղեցի-պետություն գործակցությունը մեր պատմությունից ժառանգված իրողություն է, չենք կարող այլապես մտածել՝ ոչ եկեղեցին, ոչ էլ պետությունը, որովհետև եկեղեցին կառույց չէ, վայր չէ, մեր ժողովուրդն է, առաքելությունն է: Մեր ժողովրդի ծառայությամբ լցված մեր հոգևոր հայրերը մեկ նպատակ ունեն՝ ժողովրդի կյանքը պայծառակերպել հոգևոր, բարոյական արժեքներով: Ազգը, հայրենիքը արժեքներով է հզորանում:

Ճիշտ է, այսօրվա աշխարհում, ինչպես Դուք հաճախ նշում եք Ձեր խոսքում, տեխնոլոգիան շատ կարևոր է, սակայն այդ տեխնոլոգիան մենք պետք է օգտագործենք մեր արժեքների հարստացման, կենսագործման համար: Հետևաբար, այս հանդիպումները բոլորիս համար առիթներ են ևս մեկ անգամ տեսնելու մեր ժողովրդի՝ հայրենիքի ներսում դիմագրաված դժվարությունները, մարտահրավերները և միասնաբար աշխատել ու տեսնել, թե ինչ կարող ենք անել մենք հայրենիքի հզորացման համար:
Հետևաբար, ես այս առիթով Ձեզ եմ ներկայացնում իմ ջերմ մաղթանքը. Աստված Ձեզ հաջողություն թող պարգևի Ձեր առաքելության մեջ: Հայրենիքին ծառայելն առաքելություն է, կոչում է, և մենք բոլորս միասնաբար լծված ենք զանազան շեշտադրումներով, մոտեցումներով նույն առաքելությանը, նույն նպատակասլաց աշխատանքին»:

Շնորհակալություն հայտնելով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Համաձայն եմ, որ հայրենիքին ծառայելն առաքելություն է: Ինչպիսին էլ լինեն այդ առաքելության գործիքները՝ քաղաքական, տնտեսական, գիտական կամ նոր տեխնոլոգիաների, եթե այդ բոլորի հետևում հավատ և բարոյականություն չկա, ապա այդ գործիքները դրական նպատակի փոխարեն բացասականին կծառայեն: Հետևաբար, ամեն ինչից վեր մնում են նվիրվածությունը, հավատն ու մարդու բարոյական արժեքները, իսկ հայ մարդու դեպքում՝ նաև մեր ազգային արժեքները: Այնպես որ, բոլոր գործիքներն՝ այո, բայց, իհարկե, առանցքը և արժեքը հավատքի, բարոյականության և հոգևոր ազգային արժեքների մեջ են»:




Լրահոս