ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը խրախուսում է դատավորների՝ ՍԴ դիմելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը վերջերս դիմել է ՍԴ` վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը: Բանն այն է, որ եթե նախկինում համաներման ժամանակ նշված է եղել, որ այն չի կարող կիրառվել պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում, ապա այս անգամ նման արգելք չկա: Վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել:

Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվել քաղաքացիական հայց ներկայացնել դատարան` մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցումը: Դատավորները հենց սա էլ համարում են խնդրահարույց ու հիմա այս կապակցությամբ դիմել են ՍԴ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

-Պարո՛ն Զեյնալյան, տեղյա՞կ եք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը համաներման կետերից մեկի օրինականության հարցով դիմել է ՍԴ:

-Մենք ողջունում ենք դատավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելը, շատ ենք ողջունում, խրախուսում ենք` եթե կասկած ունեն սահմանադրականության վերաբերյալ, ապա դիմեն Սահմանադրական դատարան: Նախ` սա շատ ողջունելի է: Հիմա Սահմանադրական դատարանում վեճ է քննվում, եւ մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը: Բոլոր դեպքերում, այն մեզ համար ճանաչելի եւ ընդունելի է լինելու, ինչպիսին էլ որ այն լինի: Այսպիսով, քանի որ վեճ կա, ես դրա վերաբերյալ որպես կողմ եւ որպես որոշակի ազդեցություն ունեցող պաշտոնատար անձ պետք է ձեռնպահ մնամ իրավական դիրքորոշում հայտնելուց: Մեր իրավական որոշումը արտահայտված է համաներման մասին օրենքում:

– Որպես կողմ` կարծիք չեք հայտնում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաներման այդ կետը, այսինքն` անձինք, որոնք պետությանը եւ անձին վնաս են հասցրել եւ չեն փոխհատուցել, չպետք է համաներվեին, ապա օրենքը հետադարձ ուժ կունենա՞, նրանց կրկին կկալանավորե՞ն:

-Այ դա կասի Սահմանադրական դատարանը:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարիներ առաջ Եվրոպական դատարան ներկայացրած Փաշինյանի իսկ դիմումների առնչությամբ: Տեսակետ կա` ինչ էլ պատասխանի Նիկոլ Փաշինյանը, դա լինելու է ՀՀ կառավարության պատասխանը: Այս իրավիճակում ո՞րն է ելքը:

-Չեմ ասի. բնականաբար, մենք լուծումեր ունենք, եւ դրանք իրականացնելուց հետո կիմանաք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս