ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության բաժնում արյունը պատերին էր ցփնված. Արամ Մանուկյանը մարտի 1-ից մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, 2008 թվականին տեղի ունեցած ցույցերից, հենց մարտի 1-ից ի՞նչ հիշողություններ ունեք:

-Ամենածանր տպավորությունը գիշերվա հարձակումն էր: Մենք բոլորս 100-ներով, 1000-ներով այդ փետրվարյան ցուրտ օրերին գիշերում էինք Ազատության հրապարակում, բայց ամենամռայլը 1-ի գիշերն էր, երբ ոստիկանական շղթան ներխուժեց հրապարակ, օղակ ստեղծվեց վրանային քաղաքի շուրջ: Մենք արթնացանք:

Տեր-Պետրոսյանը հրահանգեց միացնել խոսափողները, որպեսզի ժողովրդին դիմելու հնարավորություն լինի: Տեր-Պետրոսյանը դիմեց ցույցի մասնակիցներին մոտավորապես այսպիսի բառերով. «Միգուցե ոստիկանները մեզ ասելու բան ունեն: Պետք չէ խառնվել եւ շփոթվել»: Ժողովուրդը ոչ մի քայլ չձեռնարկեց, մի մասն էլ քնած էին վրաններում:

Դա եղել է ժամը վեցն անց կես: Եւ Ոստիկանները չարձագանքեցին: Դրանից հետո սկսեց հարձակումը վրանների վրա, քնած մարդկանց վրա, սկսեցին վայրենավարի ջարդել մեր սարքերը, ապարատուրան, դինամիկները փշուր-փշուր էին անում ու գցում օպերայի աստիճաններից ներքեւ: Մարդիկ սկսեցին փախչել, որովհետեւ ուրիշ տարբերակ չկար. հարձակվողները վահաններով, մահակներով էին, իսկ քաղաքացիները՝ բաց ձեռքերով:

Ոչ մի կրակոց չի եղել այդ ժամանակ: Ես, որքան որ հնարավոր էր, մնացի, բայց այնպիսի իրավիճակ էր, որ այդ պատը կարծես քեզ տանում էր: Մենք մոտ 6-8 հոգով գնացինք դեպի «Խնկո ապոր» գրադարան, փորձեցինք շունչ առնել: Չէր անցել 2 րոպե, ոստիկանները հասան նաեւ այդտեղ, սկսեցին քշել: Անցանք շենքերի հետեւ, էնտեղ էլ հասան, եւ մենք Հյուսիսային պողոտայով փորձեցինք հեռանալ ոստիկաններից, մինչդեռ մի քիչ ներքեւ` երկու կողմից, ոստիկանական մեքենաները եկան մեր առաջ, արդեն փախչելու տեղ չունեինք, եւ մահակներով հարձակվեցին մեզ վրա: Մեզ ոչխարների նման բռնեցին եւ շպրտեցին բեռնատար մեքենայի մեջ:

Մինչեւ ոստիկանական բաժին տանելը, մեզ խփում էին: Իմ բախտը բերեց. ես հատակին էի պառկել, բայց մեր ընկերներին խփում էին՝ ջարդելով մատները, գլուխները: Մեզ տարան կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ արդեն դժոխք էր, տեղ չկար, արյունը պատերին ցփնված: Մեր ընկերներից Տիգրան Բաղդասարյանին տեսանք, չճանաչեցինք. գլուխը ամբողջությամբ արյան մեջ էր: Ժամը 4-ին մեր աղմուկներից հետո ինձ եւ Հրանտ Բագրատյանին թողեցին: Մենք այդ ընթացքում փորձում էինք բանակցություններ վարել իրենց հետ, որ մեղմ լինեին գոնե երեխաների եւ կանանց նկատմամբ: Ժուռնալիստներից Գագիկ Շամշյանի հետ պատին հենված էինք, ինքը ինձ տվեց իր ֆոտոապարատի չիպը:

Ասաց. «Պարո՛ն Մանուկյան, Ձեզ կարող է մանրամասն չխուզարկեն, վերցրե՛ք»: Ես վերցրի, հետս դուրս հանեցի: Էդտեղից դուրս եկանք, եւ ես ու Հրանտ Բագրատյանը Գերմանիայի դեսպանատանը ասուլիս կազմակերպեցինք, որին մասնակցում էին Եվրամիության բոլոր դեսպանները: Ներկայացրինք այն ամենը, ինչը տեսել ենք ոստիկանական բաժիններում, որից հետո եկանք Մյասնիկյանի արձանի մոտ, ես ելույթ ունեցա: Գիշերը, երբ որոշեցինք տուն գնալ, արտակարգ դրություն հայտարարվեց ապօրինի, որի իրավունքը չուներ Ռոբերտ Քոչարյանը: Տուն գնալու ճանապարհին տեսա, որ մեր շենքը ամբողջովին շրջափակված է: Մեծ արագությամբ հեռացանք այդտեղից: Եղան մարդիկ, ընդ որում` ոստիկաններ, որոնք օգնեցին ինձ քաղաքից դուրս գալ, եւ ես այդ պայմաններում փախա եւ հետ վերադարձա օգոստոսի 23-ին՝ հռչակագրի օրը՝ հույս ունենալով, որ իմ հռչակած անկախության օրը ինձ չեն ձերբակալի, այդպես էլ եղավ:

-Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջնում բացահայտվեց, որ անհամաչափ ուժ է կիրառվել ոստիկանության կողմից, սակայն այս մասով մեղադրյալներ չկան գործում ներգրավված: Սա ինչո՞վ կպայմանավորեք:

-Կլինեն: Սպասե՛ք: Հիմա հետաքրքիր պրոցես է գնում, եւ ես կոչ եմ անում բոլոր ոստիկաններին, որոնք մասնակցել են այս օպերացիաներին, թող իրենք գնան ՀՔԾ, իրենք մեղայական գրեն: Եւ հիմա կա այդպիսի պրոցես: Կան մարդիկ, որոնք կամավոր գրում են, թե ինչ է տեղի ունեցել:

Գրում են, որ իրենց ստիպել են, որ իրենց պարտադրել են ծեծել մարդկանց, ցուցմունք գրել կամ դատական վճիռ հրապարակել: Շատ լավ է, որ հիմա հնարավորություն կա դուրս գալ այդ մեղքի տակից, այդ խարանից: Մենք ցուցակները ունենք այդ մարդկանց, բոլոր կառույցներին ուղարկել ենք դա: Ուշ թե շուտ, մեղավորները դատվելու են: Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր գործերը բացվեն, քննվեն: Նույն բանը անելու է ՄԻԵԴ-ը: Մեր երկրի, մեր ժողովրդի, մեր իշխանության պարտքն է լուծել մարտի 1-ի խնդիրը:

-Սերժ Սարգսյանը` որպես վկա, հարցաքննվեց մարտի 1-ի գործով: Չենք կարող չնշել, որ հասարակության մի մասը զարմացավ այդ կարգավիճակից: Այնինչ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը միանգամից մեղադրյալի կարգավիճակով հարցաննվեց: Որքանո՞վ է սա օրինաչափ:

-Ոչինչ: Իրենց խոսքով՝ օրենքի տառով կներխուժեն բոլոր հանցագործների տները, եւ մարդիկ պետք է պատմության, ազգի եւ Աստծո առաջ պատասխան տան: Ես վստահ եմ՝ ժամանակի ընթացքում կարգավիճակ կփոխվի Սերժ Սագսյանի մասով: Ժողովուրդը մի փոքր պետք է համբերատար հետեւի գործընթացներին՝ հավատալով, որ այս իշխանությունները կամք են արտահայտել եւ մինչեւ վերջ տանելու են այդ գործը: Այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան




Լրահոս