Սասուն Խաչատրյանը պատահական մարդ չէ. ո՞վ էր ՀՔԾ-ը պետը հեղափոխությունից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հետհեղափոխական Հայաստանի այն «հատուկ» պաշտոնյան է, որին վերապահվեց «հին Հայաստանի» ողբերգական էջերից մեկի՝ «Մարտի 1»-ի բացահայտման ծանր բեռը: «ՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը «Մարտի 1»-ի ոճրագործության բացահայտումն է»,- ՀՔԾ նոր պետին ծառայության աշխատակազմին ներկայացնելիս ամիսներ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս ցուցումից մոտ մեկ ամիս անց էլ ՀՔԾ-ն, որին հաջողվել էր 10 տարի շարունակ լեթարգիական քնով քնեցնել «Մարտի 1»-ի գործը, սկսեց գործել գերօպերատիվության ռեժիմով՝ մեղադրանք առաջադրելով մասնավորապես պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

ՀՔԾ նոր պետի նշանակումից հետո «տաբուի տակ» եղած գործը սկսվեց զրոյից քննվել. հուլիսին քրեական գործում հայտնվեց 2008թ. խռովահույզ օրերին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի չարաբաստիկ 0038 հրամանը, որը դրված է սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքի հիմքում, եւ որով ապացուցվում է բանակի ներգրավվածությունը «Մարտի 1»-ի իրադարձություններում:

Ս. Խաչատրյանից առաջ, հիշեցնենք, ՀՔԾ-ն ղեկավարում էր Վահրամ Շահինյանը, նրանից առաջ էլ՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո, հայտնի շրջաբերականով Վայոց ձորի դատախազին դիմած Անդրանիկ Միրզոյանը: Ահա նրանց ղեկավարած կառույցում էլ, պարզվեց` քննվել է կեղծված ապացույցներով «Մարտի 1»-ի գործը, իսկ կեղծման կազմակերպման մեջ, ինչպես հայտնի է, մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը, որն ամեն կերպ փորձում է արդարանալ. ապօրինի է համարում իրեն առաջադրված մեղադրանքն ու դատի է տվել ՀՔԾ պետին:

Ո՞վ էր Խաչատրյանը հեղափոխությունից առաջ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Ս. Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում. նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է: Ծնվել է Երեւանում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, դասավանդել նույն ԲՈՒՀ-ում:

Որդի Խաչատրյանն իր կարիերան սկսել եւ /մինչեւ ՀՔԾ պետ նշանակվելը/ ավարտել է դատախազությունում, եւ ինչպես նրան բնորոշում են մտերիմները, ուղն ու ծուծով դատախազ է: Համակարգում աշխատանքի է անցել դեռեւս նախկին նախագահ Քոչարյանի օրոք՝ 2000 թ. մայիսից, որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ, եղել է նաեւ Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, Շենգավիթի դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի դատախազի՝ Հրաչյա Բադալյանի տեղակալը, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն, հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը:

Դատախազի աշխատանքին հրաժեշտ տալուց հետո Խաչատրյանը կարճ ժամանակով ղեկավարեց հոր հիմնած «Մհեր Խաչատրյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակը, իսկ այնուհետ, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը, ստանձնեց ՀՀ դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնից էլ նա 2018 թ. հունիսի 11-ից անցում կատարեց ՀՔԾ եւ մինչ օրս, ինչպես հատուկ նշված է ՀՔԾ կայքում, հիշյալ պաշտոնում է: Մամուլում եւ սոցցանցերում, սակայն, որոշ շահագրգիռ խմբեր խոսում են ՀՔԾ պետի մոտալուտ պաշտոնանկության մասին, իբրեւ թե «փնթի է աշխատում», մեղադրանքներում առկա են անհասկանալի ձեւակերպումներ, խախտում է քրգործերի հետ կապված օրենքով սահմանված որոշ ընթացակարգեր, որոնք վիճարկման առիթ են դառնում, եւ այլն:

Շարունակելի
Հեղինե Մանուկյան




Լրահոս