Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղապետեր դիմել են Շիրակի մարզպետարան` ոռոգման համակարգի հետ կապված խնդիրների շուրջ խորհրդակցություն անցկացնելու պահանջով: Ըստ որոշ տեղեկությունների` գյուղապետերը չեն ցանկանում օգտվել «Շիրակ» ՋՕԸ-ի ծառայություններից: Այս թեմայի շուրջ էլ երեկ գյուղապետերը հանդիպել են Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Ի դեպ, հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետարան դիմել են հիմնականում Անուշավան, Գեղանիստ, Արեւշատ, Փանիկ, Սպանդարյան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ համայնքների ղեկավարները, qանի որ հենց այս գյուղերի բնակիչներն են իրենց հողատարածքները ոռոգում Մանթաշի ջրամբարից: Բայց գյուղապետերի պնդմամբ` ջրամբարի ջուրը չի բավարարում հողերը ոռոգելու համար:
Օրինակ` Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ հանդիպման միակ նպատակը ոռոգման համակարգը բարելավելն է: «Ուզում ենք, որ ջրի ոռոգումը կազմակերպվի ժամանակին եւ առանց կորուստների: Բացի այս, ուզում ենք, որ ավելի հեշտ ջրտուք կազմակերպվի»,- հույս հայտնեց գյուղապետը:
Մեր այն հարցին` դժգոհ են «Շիրակ» ՋՕԸ-ի ծառայություններից, Սայադ Խաչատրյանն արձագանքեց. «Չէ… ուղղակի մեծ կառույց է, բայց շատ խութեր ունի, որոնք կարելի է լրացնել: Ընդհանուր առմամբ, կապված է կառուցվածքի հետ: Դա տնօրենից կախված չէ: Հետո ոռոգման համակարգը հին է, պետք է այն հիմնովին փոխվի, որպեսզի ջրի կորուստներ չունենանք: Մենք չենք հրաժարվում «Շիրակ» ՋՕԸ-ից, ուղղակի գյուղապետերով հանդիպել ենք մարզպետի հետ եւ քննարկել խնդիրը: Ներկա է գտնվել նաեւ «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանը»: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ «կանալները», որոնց միջոցով ջուրը իրենց է հասնում, բավականին քայքայված են, իսկ դրանց պատերը բետոնապատելու կարիք ունեն: Նրա համոզմամբ` եթե այս հարցը լուծվի, ապա ջուրը չի կորի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ հանդիպմանը մարզպետարանի ներկայացուցիչները գյուղապետերին բացատրել են, որ «Շիրակ» ՋՕԸ-ից չօգտվելու դեպքում պետք է ստեղծվի մեկ այլ ընկերություն, ինչը իր հերթին կառաջացնի ֆինանսական լրացուցիչ ծախսեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մարզպետի հետ հանդիպմանը հստակ ոչինչ չի որոշվել: Տիգրան Պետրոսյանը գյուղապետերին խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերը: «Կգան, տեղում կնայեն, կտեսնեն` ինչը պետք է փոխել, ինչը կառուցել կամ նորոգել»,- բացատրեց Արեւշատի գյուղապետը:
Սյունէ Համբարձումյան