Որքանով է այսօր հարմարավետ զգում Զոհրաբ Մնացականյանը, երբ մարտի 1-ից հետո ԵԽ-ում արդարացնում էր նախկին իշխանությունների քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մարտի 1-ն էր. հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը: 11 տարի անց մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանում նշվեցին պետական մակարդակով, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվեց երթ: Սակայն հետաքրքիր է փաստը, որ այսօր` թավշյա հեղափոխությունից հետո իշխանության կազմում նաեւ պաշտոնյաներ են, որոնք ժամանակին որոշակի իրենց դերակատարությունն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին եւ այդ իրադարձությունները միջազգային հանրության մոտ նախկին իշխանություններին ձեռնտու սցենարով ներկայացնելուն:

Այս առումով ամենացցուն օրինակը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է, որը 2008թ. իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Այդ ժամանակ` մարտի 1-ի դեպքերից հետո, ԵԽԽՎ-ն Հայաստանի հանդեպ չորս բանաձեւ ընդունեց: Եվ այդ ողջ ընթացքում Մնացականյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կռիվ էին տալիս ԵԽԽՎ-ում ապացուցելու համար, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, կան սովորական հանցագործներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչներ: Եւ հիշում եք` մարտի 1-ի գործի շրջանակներում քաղբանտարկյալի կարգավիճակում էր նաեւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի դեմ եւս Մնացականյանը քայլեր է արել:

Հաշվի առնելով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարարություն` խնդրելով պատասխանել հետեւյալ երեք հարցերին.

«1 Հայտնի է, որ 2008-2011 թթ. ԵԽԽՎ-֊ում ՀՀ իշխանությունները պայքարում էին միասնական ընդդիմության դեմ` մասնավորապես քաղբանտարկյալներին ներկայացնելով որպես հանցագործ։ Առանձնահատուկ առաքելություն էր դրվսծ ԵԽ-֊ում մեր ներկայացուցչության վրա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` որքա՞ն հարմարավետ է իրեն զգում ներկայիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը քաղաքական իր այսօրվա կարգավիճակում` հաշվի առնելով իր երկարամյա աշխատանքը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, ապա ԵԽ-ում գործունեությունը՝ արդարացնելու նախկին իշխանությունների քայլերը:

2. Չի մտածում, արդյոք, Զ. Մնացականյանը, որ արժի իր գործունեության այդ հատվածների մասին պատմել հայ հասարակությանը, եւ հատկապես իրավապահ մարմիններին, որոնք այսօր կարիք ունեն պարզելու Մարտի 1-ի սպանդի բոլոր մանրամասները, այդ թվում Հայաստանի մասին ստահոդ տեղեկությունների տարածումը միջազգային հարթության վրա:

3. Խնդրում ենք ուղարկել 2008-2011թթ. ԵԽ-ում ՀՀ դեսպան Զ. Մնացականյանի ելույթները, եթե դրանք պահպանվել են»:
Եւ ահա` ԱԳՆ-ից մեր հարցմանը ներկայացվել է հետեւյալ պատասխանը, ավելի ճիշտ` ԱԳՆ-ն խուսափել է հարցերին ուղիղ պատասխան տալուց.

«Ի պատասխան ԱԳՆ ուղղված Ձեր` 19.02.2019թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ Ձեր նամակի առաջին եւ երկրորդ կետերով՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, տեղեկատվության հարցում չի ներկայացվում:

Կապված Ձեր հարցման երրորդ կետի հետ` հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպումներն անց են կացվում դռնփակ, եւ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, ինչը սահմանված է ինչպես ԵԽ կանոնադրությամբ (հոդված 21), այնպես էլ նախարարների կոմիտեի ընթացակարգային կանոններով (9.1.(c) հոդված)։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարների կոմիտեի հանդիպումների արձանագրություն ընդհանրապես չի կազմվում, եւ արձանագրվում են միայն նախարարների մակարդակով ամենամյա նիստերը, որտեղ տեղ գտած ՀՀ ԱԳ նախարարի ելույթները հրապարակվում են նաեւ ԱԳՆ պաշտոնական կայքում»,- ասված է ԱԳՆ-ից մեր հարցման պատասխանում։

Ընդամենն արձանագրենք. Զ. Մնացականյանն ամեն կերպ խուսափում է 2008թ. հայտնի օրերին իր գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Այդ մասին է վկայում մեր հարցմանը նախարարության ուղարկած պատասխանը, որտեղ պարզապես շրջանցել են կարեւոր հարցը` որքանո՞վ է հարմարավետ իրեն զգում ներկայիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր պաշտոնավարելիս` հաշվի առնելով նախկինում արած քայլերը: Մինչդեռ արժեր, որ նա, այնուամենայնիվ, այս հարցում անկեղծ գտնվեր: Գոնե մեկ անգամ:

Չնայած Մնացականյանի պահվածքի պատճառները դժվար չէ ենթադրել: Ի վերջո, ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցում նա պարտական է ոչ թե վարչապետ Փաշինյանին, այլ նախագահ Արմեն Սարգսյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մեկ պարզ պատճառով. Զոհրաբ Մնացականյանը 1993-1997թթ. եղել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղարը: Այդ ժամանակ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն էր:

Մնացականյանը 1997թ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը՝ Արմեն Սարգսյան վարչապետի օգնականը: Այսինքն` ստացվում է, որ նրա քաղաքական ուղին հարթել է հենց Արմեն Սարգսյանը:

Արման Գալոյան




Լրահոս