Ինչպես հայտնի է, դեռեւս այս տարվա փետրվարի 5-ին հրաժարական էր տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը` իր որոշումը պատճառաբանելով, թե նոր իշխանությունը չի կատարել օրենքով պահանջվող համապատասխան քայլեր: Ս. Սահակյանի հրաժարականի օրից արդեն անցել է ուղեղ մեկ ամիս, սակայն հանձնաժողովը նոր նախագահ չունի:
Բանն այն է, որ այժմ օրենքով անգամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` որպես կառույց, լիազորություններ չունի, քանի որ այս կառույցի փոխարեն օրենքով նախատեսված պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն մինչեւ օրս այն չի ստեղծվել, եւ, ըստ էության, պաշտոնյաները շարունակում են իներցիայով իրենց հայտարարագրերը ներկայացնել արդեն գոյություն չունեցող կառույցի:
Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` այս հանձնաժողովը պետք է կազմված լինի հինգ անդամից, իսկ Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով եւ սույն օրենքի 12-15-րդ հոդվածներով սահմանված կարգով` նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով:
Սակայն մինչ օրս այս հարցով որեւէ տեղաշարժ առկա չէ: Ընդգծենք, որ այս գործընթացի դանդաղումն ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ այն պետք է կազմավորվեր 2018 թվականի ապրիլի 10-ից հետո 50-օրյա ժամկետում, սակայն, թերեւս, թավշյա հեղափոխությունն ու հետեւանքները կանխարգելեցին այդ գործընթացը:
Ինչեւէ, Սիրանույշ Սահակյանի հրաժարականից մեկ օր առաջ կառույցը հրապարակել է իր 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, որտեղ հետաքրքիր տվյալներ են ներկայացված: Նախ` էականորեն ավելացել է հայտարարագիր ներկայացնող անձանց թիվը, եւ դա էլ է օրենքի պահանջ: Օրինակ` 2017 թվականի համեմատ` ներկայացված հայտարարագրերի թիվը աճել է շուրջ երկուսուկես անգամ, իսկ 2016թ. համեմատ՝ հինգ անգամ:
Բայց սա իրականում ոչ թե հանձնաժողովի գործունեության արդյունքն է, այլ օրենսդրական պահանջ, քանի որ օրենսդրությամբ շատ ավելի մեծ թվով պաշտոնյաների համար հայտարարագիր ներկայացնելու պահանջ դրվեց: Պատահական չէ, որ, չնայած հայտարարագրերի թվի աճին, տարեցտարի նվազել է այս հանձնաժողովի հանդեպ վստահությունը, սկսել են լուրջ չվերաբերվել, եւ դրա ապացույցը կրկին թվերն են:
Օրինակ` 2018 թվականին ուշ ներկայացված հայտարարագրերի թիվը 2002-ն է կամ ընդհանուրի 18 տոկոսը:
2017 թվականին տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 2 պաշտոնյա, իսկ 2018-ին պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել 32 պաշտոնյա, իսկ դադարեցման` 112:
Վարչական իրաախախտումների վերաբերյալ տվյալները եւս բավական խոսուն են: 2018 թվականին հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի 419 վարույթներ, որոնցից 256-ը եղել է հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, 151-ը` հայտարարագրերում անզգուշությամբ կա՛մ սխալ, կա՛մ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 12-ը` հայտարարագրի լրացման կարգի խախտման առերեւույթ հատկանիշներով: Ընդ որում, հարուցված վարույթների արդյունքում 219 պաշտոնատար անձ ենթարկվել է «նախազգուշացում» վարչական տույժի, 68-ի նկատմամբ կիրառվել է տուգանք, 112-ի դեպքում գործը կասեցվել է:
Այլ հետաքրքիր տվյալներ եւս. 2181 հայտարարագրերի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ: Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:
Եվ նրանց 19 տոկոսում, այսինքն` 99-ում, առկա է եղել շահերի բախման իրավիճակ: Մասնավորապես, ընկերությունները հաղթող են ճանաչվել այն կառույցներում, որտեղ աշխատում էր այդ ընկերության հետ փոխկապակցված պաշտոնյան:
Նշված պայմանագրերի մեծ մասը՝ 469-ը կամ ընդհանուրի 66%-ը, կնքվել է «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» ընթացակարգի շրջանակներում: Սա նշանակում է, որ այդ մրցույթների համար նախապես հայտարարություն չի հրապարակվել: Տարածվածությամբ 2-րդը մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներն են (96 պայմանագիր (13.5%)), որոնք եւս ռիսկային են՝ գնման այլ ընթացակարգերի համեմատ: Ավելին, նմանատիպ գնումների փաստաթղթերը (օրինակ՝ մասնակցի ներկայացրած փաստաթղթերը, ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը) հաճախ չեն հրապարակվել:
Օրինակ` դրանցից մեկը «Աբովյանի հացի գործարան» ՍՊԸ-ն է եղել, եւ պետական ռեգիստրի տվյալների համաձայն` այս ընկերության բաժնետերերից է Շամամ Հարությունյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի քույրն է: Այդ ցանկում տեղ էր գտել նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն:
Հայտնի է, որ այս ընկերությունը հիմնականում ներգրավված է եղել ավտոճաապարհների հիմնանորոգման աշխատանքներում: Այս ցանկում է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն: Ցանկում են եղել նաեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը, հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն եւ այլն:
Այսինքն` նախկին իշխանությունների մարդիկ, եւ գրեթե բոլորը՝ ՀՀԿ-ից:
Նաիրա Հովհաննիսյան