Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպելիքի մեջ 5 եւ ավելի գրամ շաքար պարունակող ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր գազավորված ըմպելիքները:
Նշենք, որ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին են դասվում ջրեր` ներառյալ հանքային եւ գազավորված ջրերը` շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, եւ այլ ոչ ալկոհոլային խմիչքներ` բացառությամբ 2009 ապրանքային դիրքում ընդգրկված մրգային եւ բանջարեղենային հյութերից:
Այլ կերպ ասած` ակցիզային հարկով հարկվելու են գազային խմիչքները՝ լիմոնադները, որ շատերս ենք օգտագործում: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտրի համար կազմում է 30 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ գազավորված ըմպելիքների արտադրողները այս խնդրի շուրջ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկում են ունեցել, սակայն արձագանք չկա:
Երեկ «Պեպսի Կոլա» ընկերության տնօրեն Գուրգեն Նարիմանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոլորտի ներկայացուցիչները սառեցրել են իրենց բոլոր ներդրումային ծրագրերը: Ավելին` նա նշեց, որ գազավորված ըմպելիքները այս հարկատեսակի կիրառման արդյունքում բնականաբար բարձրանալու են: Նաեւ այս ամենի հետեւանքով կնվազեն ընկերությունների կողմից պետբյուջե վճարվող հարկերը:
«Այս օրենքի ընդունումը զրոյացնում է եւ նեգատիվ է դարձնում նման նախագծերում հերթական ներդրումների իրականացման տնտեսական գրավչությունը: 30-40 տոկոս գնաճը շատ մեծ հարցականի տակ է դնում այդ բիզնեսի կայունությունը: Մենք առավել քան վստահ ենք եւ ունենք արդեն ազդանշաններ շուկայից, որ այս հարկատեսակի կիրառման արդյունքում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները չեն շարունակելու իրենց գործունեությունը»,- լրացրեց «Պեպսի Կոլա»-ի տնօրենը: Գուրգեն Նարիմանյանի խոսքերով` բարձր գնային կատեգորիայի ապրանքները կթանկանան 12-15, իսկ ցածր կատեգրոիայի ապրանքները` 30-40 տոկոսով: Այնուհետեւ կնվազեն վաճառքի ծավալները, ինչի հետեւանքով կկրճատվեն ընկերությունների եկամուտները: Սրան կհետեւի տնտեսվարողների շահութաբերության կրճատումը, ապա աշխատատեղերի կրճատումը:
Իսկ, ահա, «Հայ Կոլա»-ի տնօրենն աշխատողներին հավաքել է եւ տեղեկացրել, որ այլ աշխատանք գտնեն. պատճառը ակցիզային հարկի դրույքաչափն է: Գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանի խոսքերով` եթե այս հարկատեսակը կյանքի կոչվի, ապա «Հայ Կոլա» ընկերությունը կկանգնի փակման եզրին: «Իմ գործարանի աշխատակիցներին հավաքել եւ տեղեկացրել եմ, որ եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, ապա մենք կանգնում ենք փակման եզրին:
Եւ դուք, այս պահից սկսած, կարող եք աշխատանքի տեղ գտնել այլ վայրերում: Եթե մեր ապրանքը թանկանա 30 տոկոսով, ապա այն շուկայում կդառանա անմրցունակ: Այսինքն` մենք շուկայից ավտոմատ կերպով կանհետանանք»,- հայտարարեց գործարանի տնօրենը:
Սյունէ Համբարձումյան