Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ամբիոնից առաջարկեց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ։ ԱԺ նախագահն այս հայտարարությունը հնչեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի քննարկման ավարտին, ընդ որում՝ նիստերի դահլիճում էր նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ ընտրական ինստիտուտները Հայաստանում կատարելագործման կարիք ունեն։ «Ես, օգտվելով առիթից, քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Հատկանշական է փաստը, որ ԸՕ փոփոխությունների գաղափարը ոչ թե գործադիրն է առաջ քաշում, այլ ԱԺ նախագահը: Միչդեռ ամիսներ առաջ, հիշում եք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախորդ խորհրդարանին ներկայացրեց ԸՕ փոփոխությունների նախագիծ` առաջարկելով անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի` նվազեցնելով ԱԺ անցողիկ շեմը: Բայց այն ժամանակ ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժեց, ու ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեցին հին՝ վարկանիշային ընտրակարգով: Ի դեպ, ԸՕ փոփոխությունների գաղափարը Փաշինյանի կառավարությունն իր նախորդ՝ ժամանակավոր ծրագրում էր ընդգրկել, բայց այս անգամ այդ մասին չկա խոսք:
Հիմա չնայած Արրարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից հանդես եկավ ընդհուպ արմատական փոփոխություններ անելու առաջարկով, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունը, որպես այդպիսին, դեռեւս փոփոխությունների առաջարկությունների շուրջ առանձին փաթեթ չի պատրաստել։ Մեր տեղեկություններով` մինչեւ այլ ուժերի հետ հիմնական քննարկումները սկսելն ու նրանց առաջարկները լսելը իշխող ուժի խմբակցությունն առանձին քննարկումներ կանցկացնի եւ կփորձի ի մի բերել հենց իրենց պատգամավորների անհատական առաջարկները։ Ընդ որում, մեր տեղեկություններով` հենց խմբակցության ներսում այս փոփոխությունների մասով արդեն իսկ բազմակարծություն է առկա, քանի որ մի մասն, օրինակ, կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, մյուս մասն էլ` ոչ այնքան, եւ կարծում են, թե վարկանիշային ընտրակարգով էլ կարող են ազատ ընտրություններ անել եւ որպես ապացույց ներկայացնում են հենց դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները չեն սահմանափակվելու միայն խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներով։ Նա ընդգծեց, թե այդ քննարկումներին պետք է մասնակից դառնան նաեւ արտախորհրդարանական ուժերը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Հովակիմյանը նաեւ ընդգծեց, թե մինչեւ իրենց խմբակցության կողմից փոփոխությունների բուն փաթեթը ներկայացնելը, կքննարկվեն առանձին պատգամավորների առաջարկները, որից հետո արդեն իրենց առաջարկը պարզ կդառնա։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դեռեւս չեն հասցրել իրենց քաղաքական թիմերում քննարկել ԱԺ նախագահի առաջարկը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միանշանակ ողջունեցին իշխող ուժի կողմից քննարկումների պատրաստակամությունը։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց ուժը քննարկումներին մասնակցելու են ամենալայն մակարդակով, սակայն դեռեւս դժվարացավ նշել, թե հենց իրենք ինչպիսի առաջարկություններ կներկայացնեն քննարկումների ընթացքում։
Մեզ հետ զրույցում Արման Աբովյանը կարծիք հայտնեց, թե արտահերթ ընտրություններում գրանցված արդյունքները չպետք է կապել այն հանգամանքի հետ, որ ընտրակարգը չէր փոխվել։ Նրա խոսքով` արդյունքներին նպաստել էր հենց հետհեղափոխական իրավիճակը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք էլ միանշանակ կմասնակցեն քննարկումներին, սակայն դժվարացավ նշել իրենց հնարավոր առաջարկների մասին՝ ընդգծելով, թե, ամեն դեպքում, կոնկրետ ոչինչ հայտնի չէ նաեւ քննարկումների ձեւաչափի մասին:
Ամեն դեպքում, առաջիկայում քաղաքական դաշտում քննարկումների նոր թեմա է բացվել:
Նաիրա Հովհաննիսյան