Շնորհքով ներխուժում են քրեական աշխարհ. արդարադատության նախարարության նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնելու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով պատիժ է սահմանվելու քրեական միջավայրում կամավոր ներգրավվելու, այդ ենթամշակույթին հարելու ու տարածելու համար: Օրեր առաջ այդ նախագիծը հայտնվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, բայց կարճ ժամանակ անց հանվեց. նախարարությունը որոշել է այն եւս մեկ անգամ լրամշակել, նոր ներկայացնել հանրությանը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագիծի համաձայն` քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ 6-10 տարի ժամկետով:

Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:
Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:
Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորումների մեջ նշված է. «Քրեական ենթամշակույթի, դրա տարածման եւ ազդեցության դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում: Այս մոտեցման կարեւորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների եւ նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական ենթամշակույթի լայն տարածում ունեցող ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչեւ դրա լիովին բացառմանը, քանզի, ի վերջո, դրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է: Հարկ է նկատել, որ, օրինակ, հանցագործներին բնորոշ ժարգոնային խոսքը ներթափանցել է հասարակական գրեթե բոլոր ոլորտներ եւ իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա` ձեւափոխելով նրանց պատկերացումները մարդկային հարաբերությունների եւ մշակութային արժեքների վերաբերյալ»:
Բայց հետաքրքիրն այստեղ քրական օրենսգրքի նախագծով «քրեական միջավայր», «քրեական մշակույթ» հասկացություններն են: Այստեղ կարեւոր է հասկացության ճշգրիտ սահմանումը, որպեսզի հետագայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա:

Ի վերջո, ո՞րն է համարվում քրեական մշակույթ, ենթամշակույթ: Օրինակ` համրիչ՝ թզբեխ, օգտագործելը, մարմնին դաջվածքներ՝ տատու, անելն արդյո՞ք համարվում են քրեական մշակույթին կամ ենթամշակույթին հարել: Ինչպե՞ս պետք է որոշվի, օրինակ, ձեռքի վրա տատու արած աղջնակը համարվո՞ւմ է քրեական մշակույթի տարածող, թե՞ ոչ: Ու եթե այո, այս տրամաբանությամբ պե՞տք է փակել տատուի սրահները:
Նույն տրամաբանությամբ՝ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, օրինակ, տաքսիների կամ երթուղայինների վարորդները, որոնք մեքենաներում միացնում են երգեր, որոնցում գովերգվում է գողական կյանքը, բանտի կյանքը, երբեմն հնչում են նաեւ թմրանյութերին նվիրված երգեր:

Իսկ ժարգոնային խոսակցությունները կարո՞ղ են համարվել հիմք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու. չէ՞ որ սրանք եւս միտված են տարածելու քրեական մշակույթը:

Ի վերջո, օրենքի նախագծի ընդունումը, թերեւս, կարող է հիմք հանդիսանալ հայկական հեռուստաեթերը լցնող մի շարք հեռուստասերիալների դադարեցմանը, որովետեւ «օճառային օպերաներում» հնչող արտահայտությունների 80 տոկոսը քարոզում են գողական տերմինալոգիա եւ բարքեր:

Արդարադատության նախարարության նմանօրիանակ քայլերը՝ միտված արատավոր երեւույթների վերացմանը, իհարկե, գովելի են, սակայն մնում է հասկանալ՝ արդյո՞ք նախարարությունը պատվով դուրս կգա իր ներկայացրած նախագծին կյանք տալու գործընթացից:

Ի դեպ, նախագծում նշված է, որ ներկայումս համանման նախաձեռնություններ կան Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաեւ «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար:

Լուսինե Մինասյան




Լրահոս