Այսօր Հայաստան կժամանեն ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը: Նրանք Հայաստան են գալիս փաստահավաք այցով եւ հանդիպումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկացանք, որ քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները եւ նոր ձեւավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումները: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ-ում ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին:
-Տիկի՛ն Զոհրաբյան, հայտնի է` փաստահավաք այցով համազեկուցողներ են գալու Հայաստան եւ հանդիպելու են նաեւ Ձեզ: Ի՞նչ է օրակարգում, ի՞նչ սպասել այս հանդիպումից:
-Դուք գիտեք, որ պարբերաբար ԵԽ անդամ երկրների, որոնք գտնվում են մոնիթորինգի տակ, իսկ Հայաստանը շարունակում է գտնվել մոնիթորինգի տակ, ԵԽԽՎ-ում ներկայացվում են զեկույցներ այս կամ այն երկրում դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ:
Պարզապես հերթական աշխատանքային այցն է լինելու համազեկուցողների այդ զեկույցին ընդառաջ, որպեսզի իրենք կարողանան ընտրություններից հետո եւս մեկ անգամ գնահատեն Հայաստանում ինստիտուտների դեմոկրատիզացիայի աստիճանը, խնդիրները եւ պրոբլեմները, որովհետեւ առաջիկայում Ստրասբուրգում կքննարկվի համազեկուցողների զեկույցը: Արտառոց ոչինչ փնտրել պետք չէ, իրենց հերթական աշխատանքային այցն է:
-Քանի որ Հայաստանը շարունակում է գտնվել մոնիթորինգի տակ, ի՞նչ դժվարություններ կարող են լինել:
-Եթե երկիրը գտնվում է մոնիթորինգի տակ, երկրներ էլ կան, որ այլեւս մոնիթորինգի տակ չեն, եւ Եվրոպայի խորհուրդն արձանագրում է, որ ժողովրդավարության առումով այդ երկրներում հիմնական գերակա խնդիրները լուծված են: Իսկ եթե երկիրը մոնիթորինգի տակ է, նշանակում է` դեռեւս կան խնդիրներ, մտահոգություններ, որոնք դիտարկման արժանի են, եւ որոնց վերաբերյալ պետք է անընդհատ անցկացվի մշտադիտարկում:
-Իսկ հետեւանքներ կարո՞ղ են լինել:
-Ես չգիտեմ, թե իրենք ում հետ կհանդիպեն, կհանդիպեն արդյոք արտախորհրդարանական ուժերին, ընդդիմությանը, տարբեր հասարակական կազմակերպությունների: Եվ այս պահին ես կդժվարանամ ասել` որ քաղաքական ուժն ինչպիսի օրակարգ կներկայացնի իրենց, դրանից որքանը կլինի հավաստի եւ, ինչ կներառեն իրենց զեկույցում, որը կարող է լինել մտահոգիչ կամ ոչ մտահոգիչ ՀՀ իշխանությունների համար:
-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում, որում անդրադարձ է կատարվում դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին, անդրադարձ է կատարում նաեւ Ձեզ, Արփինե Հովհաննիսյանին եւ Լենա Նազարյանին այն կոնտեքստով, որ Դուք դարձել էիք անհարգալից լեզվի կիրառման թիրախներ:
-Ես, բնականաբար, շատ կարեւորում եմ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական ամփոփման մեջ, որը վերաբերում է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը, անդրադարձել է նաեւ ատելության եւ այդ կոշտ քարոզին, որոնց ենթարկվել են որոշ քաղաքական գործիչներ եւ հատկապես կին թեկնածուներ: ԵԽԽՎ-ն իր հունվարյան նստաշրջանում անդրադարձել էր այդ խնդրին եւ թեկնածուների հանդեպ սոցիալական ցանցերում տարվող գռեհիկ եւ կոշտ քարոզչությանը:
Եվ հիմա Եվրոպայի խորհրդի գիտության, կրթության, մշակույթի եւ մեդիայի հանձնաժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որը, կարծում եմ, կուղարկվի նաեւ ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարաններ, որպեսզի հասկանանք, թե ինչպես է հնարավոր այդ քարոզը եւ կին թեկածուների հանդեպ օրենքով կարգավորել:
Այս պահի դրությամբ մի քիչ դժվար եմ պատկերացնում իրավական եւ օրենսդրական այն մեխանիզմները, որպեսզի դա չդիտվի խոսքի ազատության դեմ պայքար: Պետք է ճիշտ սահմանը գծել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջարկում է, որ լրատվամիջոցները հստակ նշեն իրենց հասցեատերերին, սեփականատերերին: Սա առաջարկ է` կոնկրետ լրատվամիջոցներին ուղղված, եւ այս առաջարկը պետք է գա հենց նրանց ղեկավարներից:
-Բայց շատ հաճախ այդ ամենը կատարվում է, այսպես կոչված, ֆեյքերի կողմից: Այս տիրույթում պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Դե գիտեք, հենց այդտեղ դժվարություններ կան, որովհետեւ հիմնականում այդ գռեհկաբանությունն ու բառամթերքը տարածվում է ֆեյքերի մակարդակով, այսպես կոչված, ֆեյք կամ պադվալներում բացված կայքերի, որոնց նպատակը ոչ թե օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն է, այլ լրիվ այլ տեղեկատվություն տրամադրելը: Մենք կնայենք եվրոպական օրենսդրությունը, եւ եթե կլինի առաջարկ լրատվամիջոցների ղեկավարների կողմից, ապա մեր հանձնաժողովը պատրաստ է լինել այդ հարթակը կարգավորումները գտնելու համար:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը