«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որն իր ցուցմունքում խոսել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին զինվորական համազգեստ հատկացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ հարցաքննությունից:
Քննիչի հարցը. Նախկինում Ձեր տված ցուցմունքը ճի՞շտ է գրված: Ի՞նչ ունեք ավելացնելու:
Գագիկ Մելքոնյանի պատասխանը. Նախկին ցուցմունքս գրված է ճիշտ: Ավելացնելու բան չունեմ:
Հարց. Նախաքննությամբ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին հատկացվել է զինվորական համազգեստ: Այդ մասին իր զեկույցում անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փատահավաք խումբը եւ զեկույցին կցել «01-02.03.2008թ. բաշխված իրային ունեցվածքի ցուցակը» վերնագրով, այսպես ասած, փաստաթուղթը: Դուք 2008թ. հանդիսացել եք ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալը, Ձեզ եմ ներկայացնում նշված ցուցակը եւ առաջարկում եմ հայտնել Ձեր ունեցած տեղեկությունները նշված ցուցակի, դուրս գրված զինվորական համազգեստի խմբաքանակների, այն բաշխելու հանձարարություն տված անձի, հանձնարարությունը կատարող անձի, ծառայողների եւ այլ մանրամասների վերաբերյալ:
Պատասխան. Ծանոթացա ինձ ներկայացված իրային ունեցվածքի բաշխման ցուցակին, այն ինձ ծանոթ փաստաթուղթ է: Այն ես առաջին անգամ տեսել եմ 2008թ. ապրիլի սկզբներին, երբ դուրս էի գրվել հոսպիտալից եւ ներկայացել էի աշխատանքի: Այդ ժամանակ նշված ցուցակը` նույն տեսքով, ինձ է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը:
Նշեմ, որ դեռեւս հոսպիտալում բուժվելու ժամանակ նույն Վարդան Պողոսյանը զանհագարել է ինձ եւ զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք: Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում:
Դա ընդունելով ի գիտություն` Վարդանին ասացի` տվե՛ք: Վարդանը կատարել է հրամանը, բաշխել է համազգեստը եւ կազմել նշված ցուցակը, թե ում ինչ քանակի ու տեսակի համազգեստ է բաշխել: Ցուցակում նշվել են այն բարձրաստիճան պաշտոնյաների անուները, ում թիկնազորին հատկացվել են համազգեստի խմբաքանակները: Դրանք են (ընթերցում եմ ցուցակից) Ղազարյան Վաչիկը, որը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետն էր, Ծառուկյան Գագիկը, Խաչատրյան Սուրիկը, Սարգսյանը Լեւոնը, Բեգլարյան Գագիկը, Աբրահամյան Հովիկը, Մովսիսյան Առաքելը, Սեդրակյան Մհերը եւ Ալեքսանյան Սամվելը: Ցուցակում արդեն նշված են յուրաքանչյուր պաշտոնյայի թիկնազորի անդամների քանակը:
Համազգեստը բազայից` իրային պահեստից, դուրս է գրվել, բեռնատարով տեղափոխվել ինչ-որ տեղ ու բաշխվել: Ստույգ, թե որտեղ է բաշխվել համազգեստը, տեղյակ չեմ: Համազգեստը դուրս գրելու համար, ըստ կարգի, իրային ծառայությունից իջեցվում է հրահանգ, որի համաձայն` իրային բազայից ըստ բեռնագրի ելքի մատյանում կատարվել է համապատասխան գրառում, դուրս է գրվել համազգեստը:
Թե ինչ մակնիշի բեռնատարով է բազային պահեստից տեղափոխվել, ով է եղել վարորդը, տեղյակ չեմ: Հիմա ես տեղեկություն չունեմ նաեւ` արդյոք այդ փաստաթղթերը պահպանվել են, թե ոչ, միգուցե արխիվացված կամ ոչնչանցված լինեն` պահման ժամկետի հետ կապված: Սակայն պետք է նշեմ, որ այդ ժամանակվա իրային ծառայության պետը` գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք: Իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի. Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է:
Հարց. Ո՞րն է ԱԺ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համասզգետներ բաշխելու նպատակը:
Պատասխան. Իմ կարծիքով` դա ինչ-որ գործողություններ քողարկելու նպատակն է հետապնդել, որ այդ գործողություններն իրականացվեին զինվորականների անվան տակ: Պատկերացնենք` եթե այդ անձինք զինված հարձակում գործեին ցուցարարների վրա, ապա տպավորություն կառաջանա, որ զինված հարձակում կատարողները զինվորականներն էին: Ստույգ տեղեկություններ այդ նպատակի եւ գործողությունների մասին չունեմ:
Հարց. Նշված ցուցակը, ըստ տեղեկությունների, փաստահավաք խմբին է փոխանցել ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը: Ի՞նչ տեղեկություններ ունեք այն մասին, թե Լեւոն Զուրաբյանին ով է փոխանցել համազգեստների բաշխման նշված ցուցակը:
Պատասխան. Տեղեկություններ չունեմ: Նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, ենթադրել, թե այդ ցուցակն ով կարող էր փոխանցած լինել ՀԱԿ որեւէ անդամին, այդ թվում Լեւոն Զուրաբյանին: Ինքս այդ ժամանակ ճանաչել եմ Լեւոն Զուրաբյանին, սակայն շփում չեմ ունեցել: Ցանկանում եմ նշել, որ երբ հոսպիտալից վերադարձա աշխատանքի եւ Միքայել Հարությունյանին հարցրեցի` համազգեստը երբ են վերադարձնելու, նա պատասխանեց, թե պետք չի վերադարձնել. արդեն հագած շորեր են, ի՞նչ ենք անելու:
Հարց. Իսկ ինչպե՞ս է ձեւակերպվել համազգեստները փաստացի քաղաքացիական անձանց անվամբ դուրս գրելու հանգամանքը: Նման իրավասություն ունեցե՞լ են իրային ծառայության եւ իրային բազայի ծառայողները` համազգեստը դուրս գրել ու բաշխել քաղաքացիական անձանց:
Պատասխան. Հիմա չեմ կարող տեղեկություններ տալ, թե ինչպես է փաստաթղթերում ձեւակերպվել: Դա կատարվել է նախարարի հրամանով, եւ պետք է ուսումնասիրել փաստաթղթերը, թե կոնկրետ ինչ ձեւակերպում է տրվել:
Քնար Մանուկյան