Ինչու փակվեց Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 10 օր է` դադարել է գործել Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին: Ամեն առավոտ Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղից միկրոավտոբուսը ուղղություն էր վերցնում Այրում քաղաք, այնտեղից` Նոյեմբերյան, ապա` դեպի մայրաքաղաք: Կեսօրից հետո այն Երեւանի կենտրոնական ավտոկայարանից մեկնում էր հակադարձ ուղղությամբ: Այդ երթուղում աշխատում էր 2 հատ նոր «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս:

Միկրոավտոբուսային երթուղում տոմսի գինը բարձր չէր` 2 հազար դրամ: Տաքսիներով 3 այլ ուղեւորների հետ Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկնելու գինը 3 հազար դրամ է: Տաքսի ավտոմեքենաները 4 ուղեւորներին վերցնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի ցանկացած բնակավայրի ցանկացած կետից, հասցնում Երեւան` ուղեւորի ցանկացած տեղը, կամ Երեւանի հարակից բնակավայրեր:

Դա բավական ուշացնում է ուղեւորների մեկնման եւ ժամանման ժամը, տաքսի ավտոմեքենաները ճանապարհի կեսին, ԱԳԼՃԿ-ում գազով լիցքավորվում են, ինչը նույնպես ժամանակի կորստի պատճառ է: Միկրոավտոբուսային երթուղու վարորդ, Արճիս գյուղի բնակիչ Գուրգենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը երթուղին շահագործում էր 2018թ. օգոստոսից, այդ ընթացքում շատ ծախսեր է կատարել, երթուղային մեքենաների համար 10 հատ անվադող գնել: Քանի որ միկրոավտոբուսի ուղեւորները քիչ էին, այն շահույթով չէր աշխատում, ուստի ստիպված էր դադարեցնել ուղերթները:

Անհավասար մրցակցություն էր, որովհետեւ նույն ուղեգծում աշխատող անհատ տաքսիստները, ի տարբերություն միկրոավտոբուսների սեփականատիրոջ, պետությանը հարկ չեն վճարում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս