ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ: Ու թեեւ պատգամավորն իր հիմնավորմամբ փորձում է բուքմեյքերական գրասենյակների փակմանը հասնել Հայաստանում խաղամոլությունն արմատախիլ անելու համար, սակայն, մասնագետների պնդմամբ, իրականում այդպես որեւէ հարց չի լուծվում. միեւնույն է, խաղամոլները խաղադրույքներ կկատարեն համացանցի միջոցով:
Ալեն Սիմոնյանի նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում, եւ մատնանշվել են բազմաթիվ խնդրահարույց թերություններ:
Նախ` նշենք հիմնական փոփոխությունները, որոնք ցանկանում է իրականացնել ԱԺ փոխնախագահը. «Վիճակախաղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:
Նախագծում նշվում է, որ այժմ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորի եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, եւ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է արգելել տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով` բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով: Եվ, որպես հիմնավորում, նշվում է, թե նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով (տոտալիզատորով) տարվելու անմիջական հնարավորությունը:
Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է. «Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում»:
Վարչությունը գտել է, որ այս դրույթները բացասաբար կարող են ազդել նշված համայնքների զբոսաշրջային գրավչության մակարդակի վրա, քանի որ արտասահմանցի զբոսաշրջիկը, որը պարբերաբար խաղադրույքներ է կատարում ամբողջ աշխարհում գործող տոտալիզատորների միջոցով, ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում զրկված է լինելու նման հնարավորությունից, իսկ հայկական տոտալիզատորների միջոցով խաղադրույքների կատարումն էլ քիչ հավանական կլինի` կապված լեզվական եւ այլ դժվարությունների հետ: Վարչությունը մի շարք խնդիրներ է արձանագրել նաեւ մի քանի այլ հոդվածներում եւ հատկապես այն դրույթը, որը կազմակերպիչը պետք է ապահովի 500 մլն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն: Վարչությունը սա համարում է ավելորդ բեռ, որը կհանգեցնի այդ ոլորտում գործունեություն ծավալողների հեռացման:
Նշենք, որ այս նախագծի ամբողջ հիմնավորման մեջ հղում է արվում այն մտքին, որ այսպես մարդիկ խաղամոլ չեն դառնա եւ գումարները չեն վատնի: Սակայն դրանից զատ մի քանի ասպեկտներ անտեսված են: Օրինակ, այս նախագծի ընդունման հետեւանքով մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Մոտավոր հաշվարկներով` ընկերություններից յուրաքանչյուրն ունի 400-ից ավել աշխատակից, իսկ տարածքի տերերը, որտեղ գտնվում են այդ կենտրոնները, կզրկվեն վարձակալության գումարներից:
Դա էլ մեծ թվով տարածքների մասին է:
Ըստ ՊԵԿ-ի տվյալների` 2017 թվականին 5 կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 212 մլն դրամ՝ առանց տեղական հարկերի եւ տուրքերի, իսկ շահույթը կազմել է 3 մլրդ 110 մլն դրամ: Արդեն 2018 թվականին 4 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցել 4 մլրդ 119 մլն դրամ: Սրանք փաստական տվյալներ են, որոնք չեն լինելու նախագծի ընդունումից հետո, իսկ, օրինակ, նախագծի հիմնավորման մեջ ոչ մի փաստացի տվյալ առկա չէ եւ միայն հուզական մեկնաբանություններ են: Մասնավորապես, երբ ասվում է՝ մոլախաղերով զբաղվելու հետեւանքով ընտանիքները հայտնվել են ծանր դրության մեջ, կամ անչափահասների մասնակցության դեպք է գրանցվել, ապա ոչ մի տվյալ առկա չէ, եւ միայն ենթադրությունների դաշտից են:
Ի դեպ, բուքմեյքերական գրասենյակների փակման մասին մի քանի անգամ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա նշել է, թե այդ քայլին պետք է գնալ աստիճանաբար, այլապես կարող է տնտեսության մեջ, հատկապես անշարժ գույքի շուկայում լուրջ ցնցումներ լինեն:
«Աղքատության այսպիսի շեմ ունեցող երկրում շատ են խաղադրույքներ անողները։ Կարծում եմ՝ դա նաեւ հուսահատությունից է։ Այս ուղղությամբ մենք հետեւյալ քայլերը պետք է անենք՝ խիստ սահմանափակել գովազդները, էականորեն փոխել հարկային ռեժիմն ու քայլ–քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը ու փակմանը»,- նախորդ տարվա հոկտեմբերին ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը կողմ է՝ օր սահմանվի, ու բուքմեյքերական գրասենյակները փակվեն, սակայն մասնագետներն ասում են՝ դա վտանգավոր է. «Մասնագետները նշում են, որ անշարժ գույքի շուկայում կարող են ցնցումներ լինել»։
Նաիրա Հովհաննիսյան