Ապօրինի հողերը կարող են վերադարձվել նաեւ բռնի. Վարազդատ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ունեն ապօրինի սեփականաշնորհված հողեր կամ այլ գույք, եւ կոչ արեց այն վերադարձնել պետությանը: «Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ եւ Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարածք չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, եւ պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։

Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լինել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը»,- նշել էր վարչապետը:

«ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ ապօրինի հողատարածքներին: Դուք` որպես հանձնաժողովի նախագահ, տեղյա՞կ եք` արդյոք շատ են նման տարածքները:

-Չեմ կարող հստակ թիվ ասել, բայց իսկապես կարծում եմ, որ նման դեպքերը շատ են: Բայց չեմ կարող ասել, թե հստակ ինչ թվերի մասին է խոսքը, քանի որ մանրամասների չեմ տիրապետում: Դա ավելի շատ քննչական մարմինների աշխատանքն է, բայց, կարծում եմ, նման դեպքերն իսկապես շատ են:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանք պետք է լինի, եթե վարչապետի կոչին հետեւողներ չլինեն:

-Շատ լավ կլինի, եթե հետեւեն եւ ինքնակամ հրաժարվեն, բերեն, հանձնեն գույքը պետությանը: Իսկ եթե ոչ, չլինեն, ապա կարծում եմ, որ քննչական մարմինները պետք է դա դարձնեն իրենց հիմնական գործառույթը: Եվ երեկ վարչապետը կրկին խոսեց անցումային արդարադատության մասին, եւ այդ կոչը վարչապետի, որը վերաբերում էր ապօրինի հարստացած միջոցներին եւ դրանք վերադարձնելուն, նաեւ անցումային արդարադատության տրամաբանության շրջանակներում է:

Բայց եթե կամավոր գործընթաց տեղի չունենա, ապա պետք է արդեն իրավապահ համակարգը ամբողջությամբ այս ուղղությամբ աշխատի, որովհետեւ քաղաքական կամքը երկրին վերադարձնել ժողովրդից ապօրինի վերցված միջոցները, քաղաքական ղեկավարության մոտ առկա է:

-Հիմնականում հայտնի է, որ այդպիսի սեփականաշնորհված հողեր ունեցել են բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին ղեկավարները: Նույն Մեղրիի անցակետի դեպքում շրջանառվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Այսինքն` կարծում եք` այդպիսի մարդիկ ինքնակամ պատրաստ կլինե՞ն վերադարձնել դրանք:

– Եթե մի քանի օրինակ ունենանք ինքնակամ վերադարձնելու կամ ոչ ինքնակամ վերադարձնելու, կարծում եմ, որ գործընթացը կգնա, եւ մարդիկ կհասկանան, որ ինքնակամ չվերադարձնելու դեպքում բռնի վերադարձի տարբերակները կքննարկվեն:

Այսինքն` կարծում եմ, որ, այո, եթե մենք ունենանք օրինակներ, մենք դրանից հետո ինքնակամ վերադարձի դեպքեր շատ կունենանք:

-Նախկինում այդ դեպքերը կատարվել են ղեկավարության հովանու ներքո, հիմա հանրությունը կարո՞ղ է հանգիստ լինել, որ ապօրինի դեպքեր չեն լինի:

-Չեն հանդուրժելու նորերը, դա միանշանակ, եւ նախկինում նման ձեւով սեփականություն կուտակած մարդկանց եւս: Այսինքն` հիմա թույլ չեն տա նոր դեպքեր եւ չեն հանդուրժելու նախկին դեպքերը թաքցնելը:

-Դուք` որպես հանձնաժողովի նախագահ, այդպիսի դեպքեր, անձանց ունե՞ք Ձեր առջեւ, թե՞ ոչ:

-Ես հիմա չեմ կարող հիշել նման դեպքեր: Դրանք շատ հենց իրենց անուններով գրանցված չեն լինում, այլ իրենց մերձավորների անուններով: Դրա համար այդ ավելի շատ քննչական մարմինների խնդիրն է:

Դա համատարած պրոցես է, սեփականաշնորհման գործընթաց է եղել կապիտալի նախասկզբնային փուլում: Խորհրդային միության փլուզումից հետո այդ մեծ արտադրական հզորությունները դեռ այն ժամանակ քաղաքական վերնախավի կողմից սեփակաշնորհվեցին, եւ այդ գործընթացը տեղի ունեցավ աղաղակող պրոբլեմներով:
Եվ մինչեւ այդ գործընթաց պետք է հետ գնալ եւ հասկանալ, թե ինչպես ենք վերականգնում ժողովրդից գողացածը եւ վերադարձնում պետությանը:

-Այսինքն` այդքան հետ պետք է գնա՞լ:

-Այո, ավելի մեծ ժամանակ եւ մեծ շրջանակ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս