ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո չուշացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել է Գյումրու փողոցների անմխիթար վիճակին, նաեւ ասել, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կզրուցի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
Քաղաքապետը երեկ անկեղծացել է՝ ասելով, որ առավոտյան հեռախոսազանգ է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, զրուցել են, ինքն էլ տեղեկացրել է, որ հրավիրել է մամուլի ասուլիս, լրագրողների հարցերին պատասխանելու է, մանրամասներ է ներկայացնելու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, համայնքի բյուջեի միջոցներով կատարվող փողոցաշինության ընթացքի եւ ծրագրերի մասին: «Հստակ ժամանակացույց կա, նախագծերը կան, ամեն ինչ կա: Ակտիվ աշխատում են, ամեն մի փողոցում կա պատասխանատու: Եթե որեւէ շինարար չի կատարում իր պարտականությունը, ամեն մի օր տույժ ու տուգանքի տակ է, այսպիսին են միջազգային պայմանագրերը:
Մտահոգվելու կարիք չկա: Միանգամից հնարավոր չէ վերանորոգել ամբողջը, եւ բնակիչներին հորդորեց ներաղամիտ լինել: Չի կարելի ասել` վատ էր, հիմա ավելի վատ է, հետո ավելի վատ կլինի, փողոցները քանդել ենք, պարզ է, որ այդ քանդման ընթացքում եղել է տարբեր տեսակի անհանգստություն մեր ժողովրդի մոտ՝ կապված ցեխի, փոսերի եւ այլնի հետ, բայց շինարարությունը, որը պիտի կատարվի, բնականաբար, այդ ընթացքում կլինի թոզ, ցեխ»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Գյումրիում ձնհալի հետ բոլոր խնդիրները ջրի երես են դուրս եկել: Բոլոր ճանապարհները պարզապես քարուքանդ են, մեղմ ասած: Խնդիրն առկա է ոչ միայն գլխավոր, այլեւ երկրորդական փողոցներում: Առավել բողոքում են վարորդները, որոնք մեքենաների հետ կապված լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյումրիում վերջին օրերին էլ նոր ակցիա է սկզբնավորվել՝ «Չկա ճանապարհ` չկա գույքահարկ» խորագրով: Գյումրեցի վարորդները հրաժարվում են գույքահարկ վճարել, քանի դեռ ճանապարհները բարեկարգ վիճակի չեն հասցվի:
Բանն այն է, որ մասնակի փոսալցումներն էլ այլեւս իրավիճակը չեն փոխում: Նախորդ տարի քանդված փողոցներում գործ անելը գրեթե անհնար է: «Միանգամից հնարավոր չէ կառուցել, կախարդական փայտիկով, ասենք, փողոց չի սարքվի: Փողոցը սարքելու համար անհրաժեշտ է նվազագույնը 1 տարի ժամանակ, ծրագիրը նախատեսված է փողոցների վերակառուցում 3 տարում»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է դեռ նախորդ տարվանից: Ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 3 ամսից` հունիսին, երկրորդ փուլը սկսվելու է օգոստոսին, ավարտվելու է հաջորդ տարի հունիսին, այնուհետ մեկնարկելու է ծրագրի վերջին փուլը, որի ընթացքում լուծվելու է նաեւ քաղաքի արտաքին լուսավորության հարցը: Գյումրիում 220 փողոց կա վերակառուցման ենթակա, իսկ եղած ծրագրերն ու ֆինանսական միջոցները կբավարարեն միայն աշխատանքների 60 տոկոսի իրականացմանը: Ծրագրով նախատեսված է 40կմ երկարությամբ ճանապարհի նորոգում:
Սամվել Բալսանյանը կոչ արեց բնակչությանը համբերել, քանի որ որոշ ժամանակ անց Գյումրին կունենա բարեկարգ ճանապարհներ:
Հեղինե Մանուկյան
Շիրակ