«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:
-Տիկի՛ն Փոստանջյան, Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը կոշտ քննադատության եք ենթարկում: Սակայն թավշյա հեղափոխության օրերին, երբ Փաշինյանին առեւանգեցին, Դուք ցանկանում էիք բեմից ելույթ ունենալ եւ, ըստ էության, Ձեր ձեռքը վերցնել առաջնորդի ղեկը: Հակասություն չե՞ք տեսնում:
-Չեմ կարծում, որ հակասություն կա, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի շարժումը չէր, ոչ էլ իմ շարժումն էր, դա ժողովրդի շարժումն էր, եւ ժողովրդի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենային իրենց կարծիքները արտահայտելու, եւ եթե Նիկոլ Փաշինյանը իրապես բանտարկված էր, ապա ժողովուրդը չպետք է մնար առանց առաջնորդի: Բայց մենք հասկացանք, որ նա ոչ թե բանտարկված էր, այլ դա այդ շոուի մի մասն էր, եւ իր տիկինը շատ երջանիկ էր, խոսում էր այն մասին, որ իրենք խնդիր չունեն Նիկոլ Փաշինյանի բանտարկության հետ կապված: Երբ Նիկոլին բաց թողեցին, եւ այդ տեքստը հնչեց` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ապացուցում է, որ սա բեմադրություն էր, եւ բեմադրությունը ունի իր նպատակները: Դրա նպատակը ոչ թե ժողովրդի վիճակը բարելավելն էր, այլ տեղափոխություն իրականացնելը:
-Կարծում եք` եթե նման բան լիներ, Սերժ Սարգսյանը այդպիսի բաց տեքստ կասե՞ր:
-Իհարկե: Եթե նա նման բան չասեր, իշխանությունը կփոխանցվեր Կարեն Կարապետյանին, եւ ինքը արդեն այլեւս անելիք չէր ունենա այս քաղաքական գործընթացների մեջ: Ինքը այս ամենը իրականացնում է, որպեսզի հնարավորություն ունենա` ինքը եւ իր ընտանիքի անդամները պահեն իշխանությունը իրենց ձեռքում: Ըստ էության, իրենք են հանդիսանում իշխանության ստվերային տերը:
-Խոսելով տեղի ունեցած հեղափոխության մասին` հայտարարեցիք, որ հստակ օրակարգ կար Արցախի հարցի` հողերը հանձնելու հետ կապված: Ի՞նչ հիմնավորումներ ունեք: Եթե իսկապես ապացույցներ կան, դիմե՞լ եք իրավապահ մարմիններին կամ պատրաստվո՞ւմ եք դիմել:
-Ես իրավապահ մարմիններին դիմել եմ` կապված Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործությունների հետ: Դրան ընթացք չի տրվել, եւ դա ես բողոքարկել եմ դատական կարգով: Ցավալին այն է, որ անընդհատ այդ դատական նիստերը հետաձգվում էին:
-Միայն Սերժ Սարգսյանի մասո՞վ եք դիմել:
-Այո: Ազգային անվտանգության ծառայությունը դեռ ինձ չի հրավիրել: Կարո՞ղ ենք ասել, թե ինչի շուրջ է պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիեւի հետ:
-Դուք ապացույցներ ունե՞ք:
-Իր հայտարարությունն եմ ասում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք պայմանավորվել էին. նման հարթակներում եթե հանդիպում, իրար տեսնում են, կարող են նստել եւ զրուցել: Այդ մասին ինչո՞ւ հանրությանը նախապես չէր տեղեկացրել: Ասում է` մեկուկես ժամ քննարկել ենք արցախյան հիմնահարցի պատմությունը: Մինչ այդ էլ ասում էր, որ ինքը արցախյան հիմնահարցի հետ կապված տեղյակ է եւ գիտի ամբողջ բանակցային գործընթացի մասին: Ասում էր` գիտի, թե ով իրեն ինչպես է դրսեւորել` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, ավարտած Սերժ Սարգսյանով: Դավաճանության համար մյուս փաստարկը. վերջ ի վերջո, ինչպե՞ս տեղի ունեցան միլիոնանոց ինժեներական աշխատանքները նախիջեւանյան սահմանին: Այդ աշխատանքների նպատակն է թիրախ դարձնել մեր ստրատեգիական նշանակության մայրուղին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս ապրեց Նիկոլ Փաշինյանի հետ նույն տանիքի տակ: Ի՞նչ էին պայմանավորվում, ի՞նչ էին փոխանցում, վերջ ի վերջո այսօր ինչո՞ւ քրեական հետապնդման չի ենթարկվում Սերժ Սարգսյանը:
-Երբ Ռոբերտ Քոչարյանին նոր էր մեղադրանք առաջադրվել, Դուք հանդես եկաք հայտարարություններով, որ նրա մեղադրանքը պետք է ընդլայնվի. Ռոբերտ Քոչարյանը պետական դավաճան է: Հիմա ասում եք` Քոչարյանը քաղբանտարկյալ է: Ի՞նչ փոխվեց մի քանի ամիսների ընթացքում:
-Ոչինչ չի փոխվել: Հենց դա եմ ասում, որ դուք վերցնում եք մի դրվագ, մի մարդ միայն, եւ մի փոքր խնդիր, որը ուղղված չէ մարտի 1-ի բացահայտմանը, այլ հետապնդում եք մեկ նպատակ` ձեր քաղաքական շահերը: Այսինքն` նախընտրական շրջանում պետք էր բղավել օգոստոսի 17-ին ՀՀ հրապարակից եւ օգտագործել այդ պահը, ցույց տալ բեմադրություն: Դա արդար չէ, անկեղծ չէ եւ չի հետապնդում այն նպատակը, որը մենք բոլորս ենք ուզում: Ես կցանկանայի, որ բոլոր ուղղություններով լիներ քրեական հետապնդում, բայց եթե դու իրական քրեական հետապնդում չես իրականացնում, եթե մենք այն կանխավարկածից ենք ելակետ վերցնում, որ, այո, 2008 թվականին տեղի է ունեցել սահմանադրական կարգի խախտում, ապա ո՞ւր մնաց 1995-96 թվականների սահմանադրական կարգի խախտումը, ապա ո՞ւր մնաց Նիկոլ Վովայեւիչի կողմից սահմանադրական կարգի խախտումը: Չէ՞ որ այս սահամանադրությունը, որը նա հագել է եւ օգտագործում է, դա սահմանադրական կարգի խախտմամբ ընդունված, կեղծիքով բերված սահմանադրություն է: Հետեւաբար, սա հատվածական, միայն իրենց անձնական շահերը սպասարկող գործառույթներ են, որոնք արդեն հանգեցնում են նրան, որ, այո, այս մարդը արդեն դառնում է քաղաքական բանտարկյալ: Ռոբերտ Քոչարյանի օրոք փակվել է հեռուստաընկերություն: Մեզ համար շատ կարեւոր է խոսքի ազատությունը: Այսօր այդ խոսքի ազատությունը անհրաժեշտ է նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Նրա ժամանակ Հայաստանում եղել են քաղաքական բանտարկյալներ, որոնց իրավունքները ես պաշտպանել եմ: Խնդիրը այն է, թե արդյոք միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք են ապօրինություններ եղել: Մի՞թե այսօր տեղի չի ունենում: Մարդ է մահացել քրեակատարողական հիմնարկում իր քաղաքական հայացքների համար, անհիմն հետապնդվելու պատճառով: Եթե ներկայիս բռնապետը ուզում է մեկ այլ մարդու մեղադրել, ապա ինքը պետք է չլինի բռնապետ: Նա չպետք է խախտի մարդու իրավունքները:
ԻՆՁ ՀԻՄԱ ԴԻՄՈՒՄ ԵՆ` «ՏԻԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ»
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ:
-Տիկի՛ն Զախարյան, երեկ ինչպես հայտնի դարձավ` Դուք հեղափոխություն եք սկսում: Ի՞նչ ուժեր են Ձեզ աջակցում:
-Մեզ աջակցելու է ՀՀ քաղաքացին, որովհետեւ այս հեղափոխությունը, որը ես սկսել եմ, ուղղված է ՀՀ քաղաքացու ու ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Տեղի ունեցավ հեղափոխություն, սակայն որեւէ արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Կադրային տարբեր ուժերի հետ համագործակցում ենք: Այժմ անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ մենք խոսում ենք լուրջ գործընթացի մասին, քանզի այլընտրանքային կառավարություն առայժմ տեղավորված չէ: Երբ պատկերը ամբողջացած կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք:
-Իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն ունե՞ք, ովքե՞ր են Ձեզ աջակցում:
-Տարբեր միջազգային գործիչներ գրում են ֆեյսբուքով, մենք զրուցում ենք:
-Ի՞նչ ձեւով եք պայքարելու, փողոց եք փակելո՞ւ, քայլելո՞ւ եք:
-Մենք առաջին հերթին գործելու ենք սահամանադրությանը համապատասխան, որովհետեւ մենք չունենք դրա կարիքը սահմանադրությունից դուրս ակցիաներ կազմակերպելու: Եթե սաբոտաժ ցանկանայինք անել, ապա դա կանեինք մինչեւ ընտրություններ: Այս համաժողովրդական շարժումը, այս գործընթացը սկիզբ է առել միայն այն դրդապատճառներով, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված ունենք լուրջ հակասություններ, բացի այս` վերջին պարգեւավճարները եւ այլն:
-Ի՞նչ համաժողովրդական շարժում, քանի՞ կողմնակից ունեք, որ անվանում եք համաժողովրդական շարժում:
-Ներեցեք, դուք ուզում եք առաջին ասուլիսից մարդիկ միանա՞ն: Սա դառնալու է համաժողովրդական շարժում: «Իմ ձայնը» նախաձեռնությունը դառնալու է Հայաստանի ձայնը: Հասարակության տրամադրությունը ինձ ստիպեց նման դժվար որոշում կայացնել: Հասարակությունը հուսահատության շեմին է կանգնած: Շատերը ինձ վաղուց գրում էին` Անի վարչապետ: Ինձ հիմա դիմում են` տիկին վարչապետ: Եթե մարդիկ ինձ տեսնում են որպես վարչապետ, ապա ես իրավունք չունեմ չարդարացնել մարդկանց հույսերը:
Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՆՈՐ ՏԱՐԱԾՔ
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանաժողովը առաջիկայում հնարավոր է տեղափոխվի Երեւանի Կորյունի 15-17-19 հասցե: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քմ տարածքը տրամադրվել է հանձնաժողովին: Մեզ հայտնի դարձավ, որ հանձնաժողովին տարածք հատկացրել է դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Այս ընթացքում տարածքը վերանորոգվել է: Բայց, մյուս կողմից, Էթիկայի հանձնաժողովն իր գոյության տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարում, որ հանձնաժողովին ոչ միայն բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն, այլեւ տարածք: Չնայած այս ամենին` Էթիկայի հանձնաժողովն, ըստ էության, որեւէ գործունեություն չի ծավալում, ձեւական կառույց է:
ԸՆԴԴԵՄ ԲԴԽ-Ի
Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների դեմ դատական հայցերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյուզաննա Պողոսյանը 2019 թվականի հունվարի 30-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել 2018 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հետ ԲԴԽ-ի կողմից անցկացված հարցազրույցի փուլը Սյուզաննա Պողոսյանի կողմից հաղթահարած համարելու իրավահարաբերության առկայությունը եւ իր անունը Արդարադատության ակադեմիայում ուսուցումը կազմակերպելու նպատակով ուղարկվող ցուցակում համարել ներառված: Թե ինչով կավարտվի ԲԴԽ-ի դեմ Սյուզաննա Պողոսյանի եւ մյուս դատավորի թեկնածուների հայցերը, դժվար չէ կանխատեսել: Սակայն փաստ է մեկ բան, որ սա միակ նախադեպը չէ:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում միակն է, որտեղ նախորդ տարի անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները անցած տարի, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 7.6 տոկոսով` կազմելով 889 մլրդ 708 մլն դրամ: Իսկ, ահա, մյուս ոլորտներում աճ է արձանագրվել: Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով, այսինքն՝ հենց այս ցուցանիշի սահմաններում կլինի 2018թ. տնտեսական աճը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարի աճել են 4.3 տոկոսով, վերոնշյալ ժամանակահատվածում 16.4 տոկոսով աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը: Միայն ներմուծման ծավալները անցած տարվա հունվար-դեկտեմբերին ավելացել են 21.1 տոկոսով, իսկ արտահանումը` 7.8-ով, ներքին առեւտրաշրջանառության աճը 8.7 տոկոս է կազմել: Վիճակագրական կոմիտեն աճ է արձանագրել նաեւ շինարարության ոլորտում՝ 4.5 տոկոսի չափով, մինչդեռ նախկինում այստեղ շարունակական անկում էր: