Լուսանկարն արվել է Երեւանում
Մարդիկ իրենց հին իրերը այսկերպ են դեն նետում. նրանք իրենց զուգարանակոնքը «տեղադրել են» աղբամանի մոտ: Իհարկե, տեսարանն այնքան էլ հաճելի չէ, հատկապես, Երեւան այցելող զբոսաշրջիկներին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` դրամարկղային գրքում սխալ մուտքագրման դեպքում հնարավոր է արդյոք ճշտում կատարել, թե ոչ:
Հարություն Կարապետյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի N 1408-Ն որոշման 17-րդ կետով` արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ եւ առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը եւ կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի եւ գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը:
Նշենք նաեւ, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ եւ գանձապահի կողմից:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դրամարկղային գործառնությունների հետ կապված սահմանափակումները տարածվում են ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի վրա:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` միանվագ հրատապ օգնություն ստանալու համար երբ կարելի է դիմել սոցիալական բաժին եւ երբ է անհրաժեշտ դիմել:
Նվարդ Մելքոնյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մելքոնյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի` հանրակրթական դպրոց կամ վարժարան տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետության կողմից տրամադրվում է նաեւ եռամսյակային հրատապ օգնություն, որը նշանակվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ: