«ԵԹԵ ԼԻՆԵԻ ՎԱՐՉԱՊԵՏ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, վախերի, սովորությունների, երազանքների մասին: Երկվորյակի նշանի տակ ծնված երգիչը խոստովանել է, որ թեպետ արտաքուստ չի երեւում, բայց շատ հակասություններ ունի եւ դժվարությամբ է ինքն իր հետ ներդաշնակվում: Գեւորգը անդրադարձել է նաեւ արտիստին, որն իրեն ոգեշնչում է. խոսքը Ջասթին Թիմբերլեյքի մասին է, որից ինքը որոշ ընդօրինակելու բաներ ունի:

-Ո՞րն է Ձեր տարերքը՝ ջո՞ւր, կրա՞կ, հո՞ղ, թե՞ օդ:
-Ինձ թվում է՝ ջուր. սիրում եմ լողալ, լինել հատկապես ծովի ափին:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է բնությանը հնարավորինս մոտենալու լավագույն տարբերակը:
-Գյուղ գնալը: Այնտեղ ամեն բան շատ ավելի մոտ է բնականին:
-Ի՞նչ կանեք կամ ի՞նչ կասեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին:
-Կասեմ. «Չե՞ս ամաչում, ա՛յ տղա» (ծիծաղում է):
-Սովորություն, որը տանել չեն կարողանում ընտանիքի անդամները:
-Իմ քիչ խոսելու հատկությունը: Իրականում ես ուրբաթախոս եմ (ծիծաղում է):
-Ձեզ համարում եք լիդե՞ր, թե՞ շրջապատի ոգին:
-Լիդերության որոշ դրսեւորումներ ունեմ, բայց ավելի շատ` շրջապատի ոգի:
-Կա՞ մի արտիստ, որից ոգեշնչվում եք, երբեմն նույնիսկ ցանկանում եք նմանվել:
-Չէի ասի՝ ուզում եմ նմանվել, բայց ոգեշնչվում եմ Ջասթին Թիմբերլեյքից: Նրա արած ամեն բան շատ հոգեհարազատ է ինձ: Կարող եմ նրանից ընդօրինակել այն, ինչն իմն է:
-Կա՞ մի երազանք, որը պահել եք մանուկ ժամանակ, բայց այն դեռ չի իրականացել:
-Փոքր ժամանակ երազում էի երգիչ դառնալ, բեմի, արվեստի մարդ լինել, եւ այն կատարվեց: Ուղղակի միշտ կա այնպիսի զգացում, որ ինչ-որ բան քիչ եմ անում: Դեռ շատ բաներ կան լրացնելու:
-Ձեզ ուժեղ մարդ համարո՞ւմ եք:
-Այո՛, ե՛ւ ինքնակառավարման, ե՛ւ խնդիրների հաղթահարման առումով ուժեղ եմ: Մի խոսք կա, որ ասում են. «Իմ տեղը շուն լիներ, հիմա սատկել էր»: Դա իմ մասին է (ծիծաղում է):
-Ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ հետ ներդաշնակվում: Ի՞նչն է դրան ամենաշատը օգնում:
-Դա ինձ համար փոքր-ինչ բարդ գործընթաց է, քանի որ ներսումս ունեմ մի շարք հակասություններ, որոնք գուցե արտաքուստ չեն երեւում: Ծնվել եմ երկվորյակի համաստեղության ներքո եւ միշտ ինքս ինձ հետ կռիվ ունեմ:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը, որին սպասում եք սրտի թրթիռով:
-Ընտանիքիս անդամների ծննդյան տոները եւ Սուրբ ծնունդը: Օրինակ՝ իմ ծննդյան տոնը, Ամանորը չեմ սիրում:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ես լինեի վարչապետ…»
-Առաջին հերթին կհոգայի, որ սահմանին խաղաղ լիներ, հետո նոր կընկնեի մանր-մունր բաների ետեւից: Ամենակարեւորը դա է մեր երկրի համար:
-Շատ հեռու եք «դզել-փչելո՞ւց», թե՞ եփել-թափելուց:
-Ոչ մեկն էլ ինձից հեռու չեն, միայն թե ցանկություն է հարկավոր: Օրինակ՝ երբ տանը որեւէ բան է փչանում, կարող եմ սարքել, եթե չծուլանամ, ինչպես նաեւ սիրում եմ երբեմն լինել խոհանոցում, խառնվել, իմ համն ու հոտը փոխանցել ուտեստին:
-Մահվան մասին մտածու՞մ եք, վախենու՞մ եք մահից:
-Մտածում եմ այնքան, որքան միջին վիճակագրական մարդը, բայց չեմ վախենում: Միայն թե կցանկանայի հասցնել իրականացնել նպատակներս:
-Ո՞րն է եղել ամենախենթ բանը, որ երբեւէ արել եք:
-Անկեղծ ասած՝ ռոմանտիկ չեմ: Հիմար բաներ շատ եմ արել, բայց խենթ բաներ՝ ոչ այնքան (ծիծաղում է):
-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ օրինապաշտ, պունկտուալ, զուսպ:
-Մի փոքր հեռու եմ պունկտուալ լինելուց: Այդ առումով դեռ աշխատելու տեղ ունեմ:
-Վախենում եք միջատների՞ց, մթությունի՞ց, թե՞ բարձրությունից:
-Բարձրությունից:
-Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:
-Պարույր Սեւակը. նրա պոեզիան շատ խորն է:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Արդեն չեմ հիշում (ծիծաղում է):

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԸ

«Կարծում եմ` լեգիոներների լիմիտն ուղղակի հիմարություն է, անհեթեթություն, դրա մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե հայկական բոլոր թիմերը ունենան ակադեմիաներ»,- ահա այսպես արտահայտվեց լեգիոներների լիմիտի մասին «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Այս խոսքերից հետո հայկական ֆուտբոլի բոլոր ներկայացուցիչները «խառնվեցին իրար»: Հայաստանի հավաքականի նախկին եւ ներկայիս մի շարք ֆուտբոլիստներ սկսեցին քննադատական ուղերձներ հղել Խաշմանյանին:

Մասնավորապես, Էդգար Մալաքյանը, Գոռ Մալաքյանը եւ Էդգար Մանուչարյանը իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել եւ հարգանք պահանջել Աբրահամ Խաշմանյանից` նշելով, որ վերջինս ընդհանրապես չի մտածում հայկական ֆուտբոլի զարգացման մասին եւ իրավունք չունի հիմարություն անվանել այն մարդկանց կարծիքները, ովքեր աշխատանքներ են ծավալում եւ փորձում հայկական ֆուտբոլը զարգացնելու ճանապարհներ գտնել:
Քիչ հետո խոսեց նաեւ Գեւորգ Ղազարյանը, բայց սոցիալական ցանցում. «Շատ հայ մարզիչներ հաստատեցին, որ լեգիոներների սահմանափակման միտքը իսկապես օգուտ կլինի հայկական ֆուտբոլին: Իհարկե, կան նաեւ մարզիչներ, ովքեր հակառակն են պնդում` ի դեմս Խաշմանյանի, ով իր անձնական շահերից է հանդես գալիս…»:
«Արարատի» մարզչի պատասխանը շատ չուշացավ. «Facebook-ում գրառումներին հետեւելու ժամանակ չունեմ, այն ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու վրա: Գիտեմ, որ ֆուտբոլիստներ են պատասխանել ասածիս: Նշեմ, որ այս գործին պետք է խառնվեն մարզիչները, ֆեդերացիայի անդամները, իսկ ֆուտբելիստների կարծիքները բխում են իրենց շահերից… ես մնում եմ իմ կարծիքին..»:
Լեգիոներների սահմանափակման մասին դեռեւս պաշտոնական հայտարարություն չկա, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ սահմանափակումը կկիրառվի:
Այս ամենը Հայաստանի առաջնության մի շարք թիմերի մարզիչների հնարավորություն կտա հայկական ֆուտբոլում աճ գրանցել եւ բացահայտել նորանոր տաղանդների, իսկ, ահա, Խաշմանյանի կարծիքով` դա հետընթաց կգրանցի հայկական ֆուտբոլում եւ այն կմոտեցնի անդունդի եզրին:
Ամեն դեպքում, Խաշմանյանի հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանում, որը դեռեւս չի դադարում եւ չի դադարի մինչեւ վերջնական որշման կայացումը:
Այս մասին դրական է արտահայտվել ԱԱԾ պետ եւ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, որը նշել է, որ ուրախ է լսել այսպիսի քննարկումներ, իսկ ինչ վերաբերում է իր կարծիքին, Վանեցյանը հրաժարվել է պատասխանել` ասելով, որ կքննարկեն բոլոր կողմերի կարծիքները եւ կկայացնեն ճիշտ որոշում:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ թե՛ Խաշմանյանը, թե՛ մնացածները մտահոգված են հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակով, եւ հուսանք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու մնացած անձնակազմը այնպիսի որոշում կկայացնեն, որը իրոք կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս