ԿՈՆՖԼԻԿՏԸ ԵՐԲԵՔ ԵՐԿՈՒ ԿՈՂՄ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, որի ժամանակ նախարարը տեղեկություններ է տրամադրել ընթացող բանակցային գործընթացների վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, թե արտաքին գործերի նախարարին կանչել էին, որ եղած մտահոգությունները փարատվեն, ինչպես նաեւ նոր մտահոգություններ չլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ պարզելու համար, թե հնարավոր է արդյոք իշխող խմբակցությունը եւս նման հանդիպում կազմակերպի, թե մտահոգություններ առկա են միայն ընդդիմադիր խմբակցության մոտ։
-Պարո՛ն Իգիթյան, երեկ արտաքին գործերի նախարարը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, եւ մեկնաբանվեց այնպես, թե առկա մտահոգություններն են պատճառը։ Հնարավո՞ր է՝ ձեր խմբակցության կողմից եւս նման հանդիպում կազմակերպվի, թե՞ դուք մտահոգություններ չունեք։
-Նախ մտահոգություններ, մտավախություններ չունենք, մենք պատրաստ ենք կառուցել եւ դա անում ենք։ Եվ տեսնում եք, որ նորմալ է, որ խմբակցությունները հանդիպումներ են ունենում գործադիրի հետ։ Եվ այն աղմուկը, որ նախկինում բարձրաձայնվում էր մեր խմբակցության հանդիպումների հետ կապված, ես համարում եմ անհիմն։ Մենք խնդիրը սկզբից իմանալու համար պետք է հենց գործադիրից իմանանք այդ խնդրի մասին։ Ես շատ դրական են համարում, որ այլ խմբակցություններ հանդիպում են գործադիրի անդամների հետ, եւ գնահատում եմ նրանց պատրաստակամությունը հանդիպելու խմբակցությունների հետ։
-Բայց Ձեզ մոտ մտահոգություններ չկա՞ն։
-Ոչ, չկան մտահոգություններ եւ, ճիշտն ասած, այդ մտահոգ բառն այնքան է վարկաբեկվել։ Մենք ուղղակի ուզում ենք հասկանալ խնդիրը եւ ցանկացած խնդիր։
-Կարծես թե վերջին շրջանում Արցախյան հակամարտության հարցում ակտիվ գործընթացներ են ընթանում, եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ խիզախ որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը։ Ինչի՞ մասին է խոսքը։
-Այդ հանդիպման ժամանակ որոշ բաներ պարզաբանեց հենց Նիկոլ Փաշինյանը։ Այ, օրինակ, երբ վարչապետը խոսում է Արցախի՝ որպես առանձին սուբյեկտ մասնակցելու բանակցությունների սեղանին, երբ ինքը խոսում է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինքն ասում է, որ ներկայացնում է միայն հայ ժողովրդին այնտեղ, իսկ Արցախին պետք է ներկայացնի նրանց ընտրված մարմինը։ Եվ դա նշանակում է, որ Գերմանիան այդ մոտեցումներն ընդունում է եւ դա համարում է խիզախ։ Եվ այստեղ որեւէ դավադիր կամ ստորգետնյա բաներ փնտրել պետք չէ։
-Սակայն Փաշինյանի կողմից հնչեց նաեւ հայտարարություն, թե հակամարտությունը երեք կողմ ունի, այնինչ մշտապես նշվել է երկու կողմի մասին։
-Երբեք կոնֆլիկտը երկու կողմ չի ունեցել Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը սկսեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, եւ Հայաստանը որեւէ կերպ չէր կարող մասնակցել, եւ մեր քաղաքացիներն էին գնում, օգնում։ Բայց երբ մենք դուրս եկանք Մինսկի խմբի ձեւաչափի մակարդակի, այնտեղ խոսք էր գնում հենց երեք կողմի մասին։ Եվ տարբեր բանաձեւերում Հայաստանը ներկայացված է որպես երկիր, որը կարող է ազդեցություն ունենալ։ Բոլոր այդ ժամանակ էլ կար երեք կողմեր, եւ, իհարկե, տարբեր մոտեցումներ կան, բայց դրական է, որ երեք կողմերի մասին է ասվում։ Այս դեպքում միջազգայնացված է խնդիրը, դրանով զբաղվում է Մինսկի խումբը։
-Իսկ անհրաժեշտություն չե՞ք տեսնում Ձեր խմբակցության ձեւաչափով հանդիպում ունենալ հենց արտաքին գործերի նախարարի հետ։
-Իհարկե, մենք հանդիպում կունենանք եւ բոլոր հնարավորություններն օգտագործում ենք հանդիպումների։ Դա պետք է կանոնավոր դարձնել եւ պետք է մասնագիտացված թիմով աշխատել եւ օգտագործենք հանձնաժողովների ձեւաչափը։ Եվ մեր Արտաքին գործերի հանձնաժողովը ոչ միայն հանդիպումներ կունենա նախարարի, այլ նաեւ դեսպանների հետ, ովքեր ներսից գիտեն բոլոր խնդիրները։
-Բայց, կարծես թե, հակամարտության շուրջ զարգացումները գաղտնի են պահվում, եւ հենց դա է հասարակությանը մտահոգում։
-Կան հարցեր, որ ոչ թե գաղտնի են կամ դավադիր ձեւով են պահվում, այլ կան հարցեր, որոնք ուղղակի ձեւով հարմար կամ կոռեկտ չէ հասարակությանը տեղյակ պահել։ Ես չեմ կարծում, թե մեծ անվստահություն կա հասարակության մոտ օրենսդիրի կամ գործադիրի հանդեպ։ Անցել է այն ժամանակը, երբ մի գիշերվա հանդիպումների պատճառով Հայաստանը փոխում է իր վեկտորը։ Ես տեսնում եմ, որ վարչապետ Փաշինյանը շատ բաց է հասարակության հետ շփման մեջ։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2018թ. դեկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կարեն Կիրակոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի Հանրապետությունում գտնվելու ընթացքում մարիխուանա տեսակի թմրամիջոց ձեռք բերելու եւ Հայաստան բերելու համար: Ըստ մեղադրանքի` այդ թմրամիջոցի մի մասը Կիրակոսյանը ծխել է, իսկ մնացած մասը` 3.945 գրամը, փաթեթավորել է պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ թաքցրել իր կողմից վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոբուսի բեռնախցիկում գտնվող արկղիկի մեջ եւ ուղեւորվել Հայաստան: 2018թ. հոկտեմբերի 4-ին նա հասել է ՀՀ պետական սահման, Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով թմրամիջոցը տեղափոխել է Հայաստան, որը նույն օրը մաքսային զննմամբ հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Նախկինում չդատված Կ. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեսկուրանտների մաքսանենգությունը, որը կատարվել է չգալի չափերով») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ(հոգեներգործուն)նրութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, փոխադրելը կամ առաքելը»): Կ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

Ո՞Վ ԿՇԱՀԱԳՈՐԾԻ ԵՐԹՈՒՂԻՆ
Հունվարի 29-ին 65 տարեկան հասակում Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը: Վ. Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը: 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով` 2011թ պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան, եւ նա արտաքսվել է Հայաստան: Վարուժան Կարապետյանը սերտորեն կապված էր Տավուշի մարզի հետ:
Ինչպես հայտնի է, նրա գեղեցիկ, մեծ առանձնատունը Դիլիջան քաղաքի հարավային բարձունքում է: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Իջեւան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը պատկանում է Վարուժան Կարապետյանին: Այսուհետ ո՞վ կշահագործի միկրոավտոբուսային երթուղին, դեռ պարզ չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՊԵԿ-ՈՒՄ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ է

Աշխատավարձերի ու պարգեւատրումների վերաբերյալ մամուլի հրապարակումներից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատողների համակարգիչները «ուժեղացված վերահսկողության» տակ են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացան ՊԵԿ աշխատողները: Համենայնդեպս, ՊԵԿ աշխատողների խոսքերով` համակարգում այս ընթացքում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ:

Տեղեկացնենք, որ, ըստ հրապարակումների, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեկտեմբերին ստացել է 8 մլն 55 հազար դրամ պարգեւավճար, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը` 9 մլն 60 հազար դրամ: Սակայն ինքը` Անանյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր` նշելով. «Այդպիսի պարգեւատրումներ չկան, այդպիսի մեծ թվեր չկան, հնարավոր չէ: Առձեռն վճարված պարգեւավճարի առավելագույն չափը կազմել է 1,5 մլն դրամ»:
Այնուամենայնիվ, ՊԵԿ աշխատողների պատմելով` պարգեւատրումների վերաբերյալ հրապարակումներից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հավաքել է կոմիտեի վերադաս մարմնին եւ զգուշացրել, որ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության միջոցով բոլորի համակարգիչներից կհանվեն այն «մուտքերը», որը կատարել է աշխատակիցը եւ որը կթվա ինֆորմացիոն արտահոսքի համար դիտված ինֆորմացիա: Այսինքն՝ ստուգելու են՝ աշխատակիցները համակարգիչներից ինչ կայքեր են մուտք գործել, ում հետ նամակագրական կապ պահպանել եւ այլն:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` Մաշադյանը հրահանգել է ՊԵԿ ներքին անվտանգության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններին ֆիքսել աշխատողների` լրատվական կայքեր արած դիտումները: Վերադաս մարմնի այս հետապնդումները աշխատողների մոտ 37 թվականն է հիշեցնում:
Բացի այս, եթե նախկինում ՊԵԿ աշխատողների համար աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկությունը բաց է եղել, ապա հիմա`պարգեւատրումների մասին բարձրաձայնելուց հետո, ընդհանրապես «դոստուպից» հանվել է: Այստեղ հարկ ենք համարում մեջբերել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերը, որոնք նա հայտարարել էր ԱԺ «Իմ քայլ» խմբակցության կողմից կանչվելուց հետո. «Մենք իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչ տարբերակով է հնարավոր հանրայնացնել այդ տեղեկատվությունը: Առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կարվեն հանրություն-պետական ծառայող կապը ավելի թափանցիկ դարձնելու համար»: Բայց ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է:
Սրան զուգահեռ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՊԵԿ աշխատողների մի մասը ողջ տարվա ընթացքում են պրեմիաներ ստացել: Իսկ ստորին օղակի աշխատողների մի մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ իրենք եւս ստորագրել են «պրեմիա» ստանալու դիմաց, սակայն այդպես էլ չեն ստացել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանին, սակայն վերջինս հորդորեց հարցերը գրավոր ուղարկել` միաժամանակ նշելով, որ տեղեկությունները հերյուրանք են եւ իրականությանը չեն համապատասխանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս