ԳՆԱԼՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայն դեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա: Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա եւ մեր խափանման միջոցը փոխելու, «լկստված» համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»: Այստեղ խնդիրն ավելի լուրջ է: Քննադատելով իշխանություններին` Մանուկյանն ասել է՝ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ըմբոստանալ, ընդ որում՝ չբացառելով կրկին զենքի դիմելը: «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի… անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում. եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»: Բացի այդ, նա հայտարարել է. «Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»: Ու այս խոսքերի հեղինակը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէր պատկերացնի՝ ինքը եւ, ընդհանրապես, զինված խմբավորման անդամներն ազատ կարձակվեին: Նրանց սպառնում էր ցմահ ազատազրկում, նախկին իշխանությունը որոշումը կայացրել էր, ուղղակի իրագործմանը խանգարեց թավշա հեղափոխությունը: Այսօր Պավլիկ Մանուկյանն ու ընկերներն ազատության մեջ են ու սա բացառապես Փաշինյանի ղեկավարած թավշյա հեղափոխության արդյունքում, Փաշինյանի իշխանության քաղաքական կամքի շնորհիվ: Այն Փաշինյանի, որի մասին ՊՊԾ գնդի գրավման օրերին Պավլիկն ասել էր. «Նիկոլին մի՛ լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվե՛ք գանգին՝ չերեւա»: Նրան այս խոսքերը Ն.Փաշինյանը հեշտ ներեց: Ինչպես տեսում եք, շատ իզուր. ապարանցի Պավլիկը շարունակում է զենքի գործադրման մասին ակնարկել:

 

 

Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել ու հաստատվել է միջխորհրդարանական վեհաժողովներում խմբակցությունների ներկայացվածության համամասնության հարցը: Սակայն երեկ պատվիրակությունների անդամերի ու, ամենակարեւորը, պատվիրակությունների ղեկավարների վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` խմբակցությունները չեն հասցրել իրենց թեկնածուներին ներկայացնել, նրանք անգամ իրենց ներսում այդ հարցերը չեն քննարկել ու չեն որոշել: Այդ պատճառով էլ ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է մինչեւ այսօր, եւ միգուցե հենց այսօր հաստատվեն պատվիրակությունները: Մինչ այդ նկատենք, որ միջխորհրդարանական պատվիրակությունների հարցը շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք դրանց դերն ու նշանակությունը միջազգային ասպարեզում: Ի վերջո, այդ պատվիրակությունները բացի միջխորհրդարանական կապերի ամրապնդումից, բացի ՀՀ-ն արտերկրում ներկայացնելու գործառույթներից մեկ այլ կարեւոր առաքելություն ունեն. տարբեր հարթակներում պետք է դիմագրավեն ադրբեջանական լոբինգի հարձակումներին ու փաստաթղթերում հակահայկական ձեւակերպումներ մտցնելու փորձերին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել է ԱԻՆ-ում, եւ որին նախկին նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքից ազատել էր ենթակաների հետ կոպիտ վարվելու, անբարեկիրթ խոսելու համար: ԱԻՆ աշխատակիցները հերթական միջադեպը ձայնագրել էին ու ներկայացրել Տոնոյանին, վերջինս էլ Ցոլակյանին հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ցոլակյանը հերքել է այդ միջադեպը` ասելով, որ ինքն ԱԻՆ-ից սեփական դիմումի համաձայն է ազատվել: «Ոչ, նման բան չի եղել, ես չեմ լսել նման ձայնագրություն»,- ասել է նա:

 

 

 

Հայաստանում նախորդ տարի կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ եթե 2017թ. երկրից մեկնած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է 36 հազար 191 հոգի, ապա արդեն նախորդ տարի արտագաղթողների թիվը պակասել է 7.5 անգամ՝ 2018թ. կազմելով 4 հազար 588 ՀՀ քաղաքացի: Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, բայց ամբողջությամբ չի գոհացնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, նվազել է 7.6 հազարով: Բացի այդ, շարունակվել է ծնելիության ցուցանիշի նվազումը, պարզապես ոչ այն ահագնացող տեմպերով, ինչ նախկինում էր. 2017թ. համեմատ` 2018թ ընթացքում ծնվածների քանակը պակասել է 1198-ով: Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ժողովրդագրական աղետը կանխելու ուղղությամբ:

 

 

ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօրվա նիստում ներկայացնելու եւ խորհրդարանի հաստատմանն է ուղարկելու հնգամյա գործունեության ծրագիրը: Թեեւ նախագիծը դեռ չի հրապարակվել, սակայն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մի քանի բառով ներկայացրել է` նշելով, որ ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման եւ արտահանման խթանման վրա:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ակնկալիքները բավական մեծ են, եւ հենց դրանով է պայմանավորված նրա ծրագրի նկատմամբ ե՛ւ հանրության, ե՛ւ միջազգային կազմակերպությունների հետաքրքրությունը: Այլապես, նկատենք, նախորդ բոլոր կառավարություններն էլ խորհրդարան էին ներկայացնում հրաշալի ծրագրեր՝ մեկը մեկից պերճախոս, մեկը մեկից հավակնոտ, ու այդ բոլոր ծրագրերում նախորդ կառավարությունները միաբերան հայտարարում էին, թե նպատակը Հայաստանն աննախադեպ տեմպերով զարգացնելն է, նույնիսկ տնտեսական աճի կոնկրետ ցուցանիշներ էին խոստանում: Բայց չնայած հավակնոտ ծրագրերի ու շռայլ խոստումների առատությանը` իրականությունը միանգամայն այլ էր, տնտեսության վիճակը՝ գորշ ու մղձավանջային: Հասկանալի է՝ որեւէ իշխանություն չի ասի, թե երկրի ղեկավարման ղեկին են հայտնվել միայն ու միայն սեփական հարստացման խնդիրը լուծելու նպատակով, բյուջեն մսխելու, ժողովրդին անխնա հարստահարելու եւ թալանելու հաշվին, կոռուպցիայի ու ատկատների գնով:
Այնպես որ, զարգացման տարատեսակ ծրագրեր ներկայացնելը, ցուցանիշներ նախանշելն ու խոստումներ տալը միանգամայն բնական էին: Ձախողումներից հետո արդարացումների պակաս չկար. միայն միջազգային տնտեսական զարգացումները, համաշխարհային շուկայի վայրիվերումները բավական էին արդարացնելու ամեն ինչ: Այդ ձախողումների շարանն էր նաեւ պատճառը, որ նախկին իշխանությունները հետզհետե սկսեցին ծրագրերը գրել կենացի կամ «ես երազում եմ, որ իմ հայրենիքը դառնա…» շարադրությունների ոճով առանց կոնկրետ ցուցանիշներ մատնանշելու:
Հիմա իրականությունն այլ է: Փաշինյանի կառավարությունն իշխանության է եկել համաժողովրդական շարժման արդյունքում: Ուստի մեծ են Փաշինյանի կառավարությունից ժողովրդի ակնկալիքներն ու պահանջները` քաջ գիտակցելով, որ ծրագրերի իրականացման համար առաջին հերթին պետք են ոչ թե գեղեցիկ ճառեր, լավ մշակված փաստաթղթեր, այլ առաջին հերթին քաղաքական կամք:




Լրահոս