Ընդդեմ Գագիկ Հարությունյանի նոր գործընթաց է սկսվում. միջազգային փորձագետներ կհրավիրվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցել Ձեր դեմ: Դուք բացատրություն եք ներկայացրել նախարարին: Ի՞նչ փուլում է այդ գործը:

-Իսկապես, ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 06.03.2019 թվականի 67-Ա որոշմամբ, կարգապահական վարույթ է հարուցվել իմ նկատմամբ այն փաստի կապակցությամբ, թե, իբր, ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ Սնանկության դատարան փոխանցելու նպատակով:

Ինչպես նախկինում նշել եմ, շատ եմ ափսոսում, որ արդարադատության նախարարին ներքաշել են իմ եւ Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Անձամբ ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին դատական նիստերին ունեցած նրա մասնակցությամբ եւ խորը հարգանք ունեմ ինչպես նրա անձի, այնպես էլ գործունեության նկատմամբ:

Համոզված եմ, որ վարույթի հարուցման պատճառը եղել է այն խեղաթյուրված տեղեկատվությունը, որը դատական դեպարտամենտը տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարին: Հստակ տեղյակ լինելով այն մասին, որ այդ 150 գործերը ավարտված, արխիվացման ենթակա գործեր են եւ Սնանկության դատարանին չեն փոխանցվելու` դատական դեպարտամենտը ապատեղեկատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարին:

Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում բացատրություն եմ ներկայացրել նախարարին եւ սպասում եմ նրա որոշմանը: Կա՛մ կարգապահական վարույթը կկարճվի, կա՛մ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախարարը միջնորդությամբ կդիմի Բարձրագույն դատական խորհրդին, ինչի ակնկալիքով էլ որոշ անձինք նախաձեռնել են այս վարույթի հարուցումը: Երեւի կարծում են, որ նման եղանակով կկարողանան ստիպել մեզ հրաժարվել ընդդեմ ԲԴԽ-ի ներկայացված հայցերից:
Սա ընդամենը անհաջող ճնշման փորձ էր, որի մեջ ներքաշեցին նաեւ արդարադատության նախարարին:

-Արդեն տեւական ժամանակ է, ինչ կռիվ եք տալիս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ, եւ դատելով մինչեւ այս իրավիճակի զարգացումներից` որեւէ արդյունք չկա: Ավելին` բանը հասավ այնտեղ, որ Ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցեցին: Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը:

-Թո՛ւյլ տվեք չհամաձայնել: Արդյունք կա, եւ այն էլ` զգալի: Ես արդյունք չեմ գնահատում միայն մեր օգտին որեւէ բարենպաստ դատական ակտի կայացումը: Մեր պայքարի նպատակը դատավորի խախտված իրավունքի վերականգնումն է եւ այդ շրջանակներում նրա վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեցող մարմնի լեգիտիմության հարցի պարզումը: Այսօր արդեն միայն մենք չենք բարձրաձայնում, որ ԲԴԽ նախագահն ընտրվել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, հետեւաբար առնվազն այդ առումով խիստ կասկածելի է նրա` որպես ԲԴԽ նախագահի լեգիտիմությունը: Ավելին, նշված անձի լիազորությունները վաղուց դադարել են` տարիքը լրանալու հիմքով, սակայն վերջինս շարունակում է պաշտոնավարել:

Դրանց վերաբերյալ եւս առկա են դատական հայցեր, ինչի կապակցությամբ տրվելիք պատասխանը եւս կփնտրենք Եվրոպական դատական ատյանում ներպետական ատյաններում սպառիչ պատասխան չստանալու պարագայում:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթին, ապա դա որեւէ կերպ չի կասեցնի մեր պայքարը: Ավելին` նշված փաստը հաստատում է մեր այն մտավախությունը, որ ԲԴԽ նախագահի անձի շուրջ իրավական պատնեշ է դրված:

-Մեզ հասած տեղեկություններով` Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի համար երկու թափուր տեղ են բացելու եւ ներքին կարգով Ձեզ համոզում են գնալ այնտեղ: Դուք պատրաստվո՞ւմ եք գնալ եւ այդ քայլով, հանուն պաշտոնի, դադարեցնել Ձեր պայքարը Գագիկ Հարությունյանի եւ, առհասարակ, ԲԴԽ-ի գործողությունների դեմ:

-Միանշանակ ոչ: Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի` դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետեւ լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար:

Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ: Խնդիրը դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի` ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքի ոտնահարման դեմ պայքարելն է, քանի որ խաթարվել է դատավոր-ԲԴԽ փոխհարաբերությունները:

Ես, ինչպես յուրաքանչյուր դատավոր, պետք է վստահ լինեմ, որ Բարձրագույն դատական խորհուրդն ունի լեգիտիմ կազմ եւ իր գործունեությունը ծավալում է ոչ թե կամայականությամբ, այլ կոնկրետ փաստերի հիման վրա ձեւավորված ներքին համոզմունքով: Ինչպես ցույց են տալիս դեպքերը, պայքարը չի սպառվելու ներպետական ատյաններով` դատելով որոշ դատական ատյանների խուսափողական քաղաքականությունից:

Մեզ հասած տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի` ԲԴԽ նախագահ լինելու հարցի կապակցությամբ Դուք պարտաստվում եք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից փորձագետներ հրավիրել:

-Եթե դրա իրավական հնարավորությունը ունենայինք, միանշանակ կանեինք: Ինչի՞ց է բխում մեր մտավախությունը: Տեսե՛ք, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության` խորհրդարանական կառավարման ձեւ ունենալու հանգամանքը, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվել է, որ Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 5 անդամ ընտրվեն օրենսդիր մարմնի` ՀՀ Ազգային ժողովի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարվել է:

Սակայն ԲԴԽ 5 անդամների ընտրած Ազգային ժողովը արձակվեց ընդամենը 8-9 ամիս աշխատելուց հետո, ինչի պատճառը գիտի ՀՀ ցանկացած շարքային քաղաքացի: Տվյալ դեպքում արդյոք լեգիտի՞մ է մնում նախորդ Ազգային ժողովի կողմից ընտրված եւ հետագայում ՀՀ Սահմանադրության խախտմամբ ԲԴԽ նախագահ դարձած անձը:

Չնայած դրան` անձինք, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում օրենսդիր եւ գործադիր մարմինների իրավական ոլորտներում, որոշակի անձնական բարյացակամ վերաբերմունք ունեն ԲԴԽ նախագահի նկատմամբ` երեւի թե պայմանավորված նախկին աշխատանքային հարաբերություններով, ինչը դրսեւորվում է նրանց հրապարակային ելույթներում կարծիքների արտահայտմամբ: Մասնավորապես, հաճախ է հնչում այն միտքը, թե ԲԴԽ նախագահին հետ կանչելու ընթացակարգ չկա` դրանով իսկ իրավական պատնեշ ստեղծելով նշված անձի շուրջ: Այդ պատճառով մեզ մոտ ծագեց տեսակետ հրավիրելու միջազգային իրավաբան-փորձագետների:

Այս պահին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լեգիտիմության հարցի լուծումը տեսնում ենք բացառապես իրավական եղանակով` դատարան ներկայացված հայցերի բավարարման միջոցով:

Իսկ միջազգային իրավական մտքի միջամտությունը ակնկալում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր բողոքների քննությամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս