Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային երգչախումբը մարտի 21-ին կատարեց հեղինակի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի հանրահայտ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան», «Քամին» եւ այլ բանաստեղծությունների հիման վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը չարենցյան եւ այլ թեմաների շուրջ զրուցեց կոմպոզիտորի հետ:
-Պարո՛ն Մանսուրյան, ինչո՞ւ մենք պետք է կարդանք Չարենցի «Երկիր Նաիրի»-ն:
-Սթափ լինելու, ինքներս մեզ, մեր կանգնած տեղը, մեր ամրության հիմքը ճիշտ գնահատելու եւ, մանավանդ, մեր վիճակից հսկայական դաս առնելու համար, այն իրական վիճակից, որը հարյուր տարի է՝ մխում է մեր մեջ: Մի վայրկյան անգամ չենք շեղվել այդ իրականությունից: Բոլորը` «Երկիր Նաիրի»-ի նույն կերպարները, շարված են այսօր էլ…Պետք է ճանաչել եւ քայլ անել առաջ՝ դեպի քաղաքակրթական մեծ տարածք՝ գավառից դեպի մայրաքաղաք՝ հոգու մայրաքաղաք:
-Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը…
Այնքա՜ն երաժշտականություն կա Չարենցի պոեզիայում: Ի՞նչ ժանրի «երաժշտություն է» Չարենցը:
-Շատ տարբեր…Այդ գործը նա Աբեղյանի հետ վեճի արդյունքում է գրել: Աբեղյանն ասում էր, որ նման տաղաչափություն մենք չունենք՝ թույլ-ուժեղ-թույլ…Ասում էր՝ այս երեք վանկերի համակարգը հայ պոեզիայում չկա, բնորոշ է գերմանական պոեզիային: Չարենցը դիտմամբ այնպես է անում, որ լինի դա, եւ ոչ միայն տաղաչափություն է ստանում, այլեւս գիշերային ահռելի պատկեր, բանաստեղծական ապրված կյանք:
-Սա Ձեր 80-ամյակին նվիրված միակ համերգը չէ, բազմիցս այդ առիթը նշանավորվեց: Հետադարձ հայացք նետելով անցած 80 տարիներին` ո՞րն եք համարում Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Այն, որ ես ազնիվ կռիվ տվեցի, եւ, կարծես թե, զուր չէր իմ կռիվը: Շատ վաղուց եմ այդ կռիվը սկսել՝ 8-9 տարեկանից, երբ հայտնվեցի Պեմզաշեն գյուղում` ձյուների մեջ, կարճ շալվարով երբ մտա գոմի պես գյուղական մի դպրոց, աչքերս մթին սովորեցին, միջանցքի երկու կողմերում դասարաններ եւ պատերին նկարներ տեսա: Ես չգիտեի՝ դրանք ում դիմանկարներն էին, բայց հստակ տեսա, որ այդ ուղղությամբ պետք է գնամ…Դա՝ իբրեւ հիմնական ծրագիր, աշխատել է իմ մեջ տարիներով: Պետք է որ Պուշկինը, Թումանյանը, Աբովյանը լինեին… Դպրոցներում ի՞նչ նկարներ են պատերին…
-Ուզում եք ասել՝ գիտեի՞ք, որ առաքելություն ունեք:
-Չէ, առաքելություն չէր, այդտեղից դուրս գալու ելք էր պետք գտնել…Այդտեղ չէր լինելու իմ գոյության շարունակությունը, պետք է դուրս գայի. իմ ամբողջ կռիվը սա էր:
Մանրամասները` տեսանյութում
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան