Օրբելյանն իրեն է սիրում թատրոնում, այլ ոչ թե թատրոնն իր մեջ. վրեժխնդրություն՝ քննադատության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խնդիրների մասին խոսելիս-քննարկելիս, հաճախ այն միտքն է արծարծվում, որ թատրոնում չկա թափանցիկություն կատարված ֆինանսական ծախսերի, կնքված պայմանագրերի վերաբերյալ: Ասվում է նաև, որ 2018-իմարտի 21-ին թատրոնի արտիստները կնքել են՝ 2017-ի հուլիսի 1-ին կնքված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, համաձայնագիր N2, որտեղ, հմտորեն կողոպտվել են արտիստների իրավունքները: Այդ համաձայնագրով, ըստ էության, թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Օրբելյանին է փոխանցվում արտիստների հեղինակային ամբողջ իրավունքները:

Թե Օրբելյանի եւ Դուբայում ու Քուվեյթում մեր օպերային ներկայացումներն ընդունող կազմակերպության միջեւ ինչ բովանդակությամբ ֆինանսական պայմանագիր է կնքվել՝ հայտնի չէ: Եթե, անգամ, բոլոր ծախսերը կատարել է Օրբելյանը, ինչպես ինք ն է պնդում, միեւնույն է, պետք է ներկայացնի փաստաթղթեր: Նա ստացել է որոշակի գումարներ հրավիրած կողմի հետ կնքված պայմանագրերից: Այնպես որ, իր գրպանից ոչ միայն հետ է բերել, այլեւ,մի բան էլ դրա վրա շահել է:

Օպերային թատրոնը պետական հիմնարկ է ու նրա հետ կամ նրա անունից կատարվող յուրաքանչյուր գործարք և գործողություն պետք է լինի թափանցիկ, հասկանալի յուրաքանչյուր աշխատակցի համար: Այդ ոլորտի մարդ չլինելով, չեմ կարող պնդել, դա այդպես է, թե՝ ոչ: Հավանաբար, անհրաժեշտ է կատարել մանրակրկիտ, բծախնդիր աուդիտ-ստուգումներ: Սա պետք է իրականացնեն կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները՝ իբրեւ շահագրգիռ եւ աշխատողների ու արտիստների շահերը պաշտպանող կողմ: Եթե կան չարաշահումներ, կեղծումներ, պետք է դիմել դատական մարմիններին, եթե կանթ երություններ, օգնել դրանց վերացմանը, եթե ամեն ինչ պարզ է եւ մաքուր՝ հայտնել շնորհակալություն: Վերադառնանք բուն խնդիրներին: Երբ ասում եմ չկա կազմակերպված գեղարվեստական ներքին աշխատանք, նկատի ունեմ աշխատանքի բովանդակությունը, կանոնապահությունը: Սկզբում այն պետք է լինի խիստ անհատական, այնուհետև անսամբլային:

Նոր բեմադրությունները պետք է կատարվեն կատարողական թերությունների հաղթահարման ավելի բարձր մակարդակով: Օրբելյանի օրոք իրականացված նոր բեմադրությունները կամ համերգային կատարումները անցնում են հին, արմատացած թերություններով, իսկ այն լավը, որ կա, երգչի անհատական-ստեղծագործական ընդունակության հետևանք է, այլ ոչ Օրբելյանի՝ իբրեւ գեղարվեստական ղեկավարի, որը պետք է քաջ գիտենար յուրաքանչյուր վոկալիստի ձայնային առավելություններն ու թերությունները եւ կազմեր համապատասխան աշխատանքային օրակարգ, մանավանդ, կոնսերվատորիայից միշտ չէ, որ թատրոն են գալիս արդեն պատրաստի երգիչներ: Օրբելյանը ներկայացումներից, հատկապես նոր բեմադրություններից կամ արտիստի նորամուտից հետո չի կազմակերպում ոչ մի քննարկում, որն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատել:

Մեր օպերային թատրոնի գեղարվեստական անձնակազմը, տնտեսական և ֆինանսական խնդիրների հետևանքով, գտնվում է առանձնահատուկ իրավիճակում: Ուստի գեղարվեստական ղեկավարը պետք է ճանաչի եւ հասկանա այդ խնդիրները եւ դրանց համապատասխան լուծի արտաքին պատճառներով առաջացած խնդիրները եւ կազմի կամ կազմել տա կայուն օրակարգ, այնպիսին, որը հնարավորություն կտա ոչ միայն պատրաստել դերերգը, այլեւ հաղթահարել երգչական, տեխնիկական թերությունները՝ եւ դերասանական, եւ կրթողական: Երգիչների հետ աշխատանքը, օրակարգը կատարում են եւ կազմում կոնցերտմայստերները՝ փոխադարձ պայմանավորվածությամբ:

Օրբելյանը չի կարողանում վերահսկել վոկալիստների, նվագախմբի, երգչախմբի գեղարվեստական մակարդակն ու իրավիճակը: Չի անցկացնում փորձեր, փորձերին՝ չնչին բացառությամբ, ներկա չի լինում: Չի ղեկավարում ոչ մի ներկայացում: Չափազանց քիչ են իր ղեկավարած, թեկուզ աղքատիկ ծրագրով համերգները:

Գեղարվեստական ղեկավար դիրիժորը չի կարող գնահատել գեղարվեստական անձնակազմի կատարողական որակը՝ առանց անմիջական շփման: Ինքը ոչ միայն պետք է տեսնի-գնահատի, այլեւ՝ լսի-գնահատի: Ուրիշի պատմածով հնարավոր չէ եւ ճիշտ չէ պատկերացում կազմել կատարողական որակի մասին: Երբեք ներկա չի լինում վոկալիստների դասերին: Մյուս կողմից էլ, գա ի՞նչ ասի: Երբեք չեմ լսել, որ ցույց տա վոկալիստի թերությունները եւ օգնի դրանց վերացմանը, խորհուրդ տա շնչառական, ձայնի կառուցման, շեշտադրումների, ձայնի արտարկման, վիբրատո ձայնի եւ գործիքային՝ ուղիղ ձայնի, բառի արտահայտչականության վերաբերյալ: Մի քանի անգամ ներկա եմ եղել Վերդիի «Ռեքվիեմ»-ի, այլ համերգային ծրագրերի փորձերին:

Բացարձակապես անօգնական մարդ: Մի կողմ թողնելով ձայնաարտաբերման տեխնիկական խնդիրների իմացականության հարցերը՝ Օրբելյանը՝ իբրեւ դիրիժոր, բացարձակապես չգիտի նվագախմբի ներքին խոհանոցը, անընդունակ է օգնելու այս կամ այն դժվարությունը հաղթահարել, չի կարողանում օգնել նվագախմբին՝ստանալ գեղեցիկ, ճշգրիտ կառուցված ֆրազ, հավասարեցնել հնչողությունը տարբեր ընտանիքների պատկանող գործիքային խմբերի միջեւ, առաջ քաշել կարեւորագույն տարրերը, ստանալ հյութեղ հնչողություն, հասնել տեմբրային անհատականության կամ միասնականության: Նա չի զգում վոկալ եւ գործիքային հնչյունի բնությունը, չի կարողանում մեկ ոճի բերել կատարումը, այս բոլորը վերահսկել եւ ուղղություն տալ:

Նա չի տարբերում ձայների տեսակը՝ ովէիտալական, ով է գերմանական վոկալին իր բնույթով ավելի նպատակահարմար, ինչ ոճով պետք է երգել այս կամ այն ստեղծագործությունը: Նա չունի պատկերացում տարբեր դարաշրջանների օպերաների կատարողական արվեստի, դպրոցների առանձնահատկություններ մասին: Մեկնաբանության մասին խոսելն ավելորդ է: Նրա «դիրիժորական ձեռքերը» պարզապես անէսթետ, միայն վերեւ-ներքեւ միաժամանակյա շարժվող մեխանիկական վերջույթներ են: Գիտելիքների ահռելի պակասի հետեւանքով նա ոչինչ չի կարող տալ թատրոնի գեղարվեստական կազմին, վոկալիստներին, երգչախմբին եւ նվագախմբին: Իսկ մեր թատրոնի գեղարվեստական անձնակազմը, իր թերություններով հանդերձ՝ որոնց մեծ մասը հաղթահարելի են նրանց հետ ճիշտ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում, հրաշալի մարդիկ են եւ ունակ հաղթահարելու այն թերությունները, որոնք այսօր լսելիեն: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որը նաեւ դիրիժոր է, պետք է մի քիչ ռեժիսոր լինի, մի քիչ՝դրամատուրգ: Այն տպավորությունն ունեմ, որ նա, ընդհանրապես, գեղարվեստական զարգացածություն չունի: Նա չի կարող ղեկավարել այնպիսի մի հաստատություն, ինչպիսին օպերային թատրոնն է, որտեղ մեկտեղված են արվեստի այլ ճյուղեր նույնպես՝ գեղանկարչություն, տարազագիտություն, պարարվեստ, ռեժիսուրա, դրամատուրգիա, վոկալ, ճարտարապետություն… Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը պետք է լինի ինտելեկտուալ անձնավորություն:

Դեռ 2016 թ-ին ասել էր, թե երկու տարուց մեր թատրոնը կդառնա միջազգային մակարդակի: 2017թ.-ին «Ռիգոլետտո» եւ 2018 թ.-ին «Պուրիտաններ» օպերաները ձայնագրող դիրիժորը ինչո՞ւ չի բեմադրում կամ համերգային ձևով դրանք չի ղեկավարում Երեւանում: Հետաքրքիր է՝ այդ օպերաների ձայնագրություններն ինչո՞ւ չի կատարել մեր օպերային թատրոնի գեղարվեստական կազմի հետ: Մեր նվագախումբը, մենակատարները որակապես զիջո՞ւմ են կաունասցիներին եւ Կաունասում ձայնագրությունը իրականացրած մենակատարներին ու երգչախմբին: Այդ ձայնագրություններում արտասահմանցի նշանավոր մենակատարների ընդգրկումը նրահամար է, որ միա՛յն շնորհիվ նրանց մասնակցության Օրբելյանը կկարողանա ստանալ «Գրեմմի»: Այդ անվանակարգում՝ «Լավագույն դասական ձայնագրություն» մրցանակ ստանում են բոլոր գլխավոր մասնակիցները եւ դիրիժորը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ չի մասնակցում «Լավագույն նվագախմբային ձայնագրություն» անվանակարգում…

Հիմա էլ նոր կոչ է անում հանրությանը, թե՝ սպասեք, ձայնագրել եմ «Պուրիտաններ» օպերան, որի ձայնագրությունն իրականացվել է ամերիկյան մի ընկերության կողմից: Եվ «համեստորեն» ավելացնում է. «Ընկերությունն է ներկայացնողը, կամ կներկայացնի կամ չի ներկայացնի»: Մի՞թե պարզ չէ, որ ընկերությունը կներկայացնի, այլապես Օրբելյանը գումարներ չէր ծախսի եւ այդ ձայնագրությունը չէր անի… Հենց հայտնվում էԵրեւանում, սկսվում է հարցազրույցների շարանը: Լուրջ ասելիք չլինելու հետեւանքով, բնականաբար, գրվում են պարզունակ, գովաբանական բնույթի «հոդվածիկներ»:

Վերջերս ձեռքս ընկավ Մոսկվայում, անցյալ տարի ներկայացված «Գայանե» բալետի մի աֆիշ, որի տեքստը եւ իրականում կատարվածը պարզապես խաբեություն է, աղաղակող կեղծարարություն: Ամբողջ ներկայացումը ղեկավարել է դիրիժոր Աթանես Առաքելյանը: Ներկայացման ավարտից հետո, երբ արտիստներն ու դիրիժորն ընդունում էին վաստակած ծափողջույնները, Օրբելյանը, աննկատ՝ նվագախումբը, ինչպես ասում են, փոսում է, մոտենում է դիրիժորական վահանակին եւ սկսում է ղեկավարել «Սուսերով պարը», որն ամենուրեք ընդունվում է մեծ խանդավառությամբ: Նորից բուռն ծափեր… Եվ սա նույնպես ձայնագրվում է… Այս կեղծումի նպատակն այն է, որ այլ տեղերում, ինքը՝ Օրբելյանը, ցույց տա. տեսե՛ք, ես ղեկավարել եմ «Գայանե» բալետը «Большой театр»-ում, ահա խնդրեմ աֆիշը, ահա ձայնագրությունը: Այլապես ի՞նչ կարիք կար կատարել այդ տգեղ քայլը: Մի շարք երգիչ-երգչուհիների ազատեցին հնարովի հիմքերի հիման վրա: Բազմափորձ կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչին ազատեցին աշխատանքից, իբր կատարողական մակարդակը չի բավարարում: Վերջինս բողոքեց եւ օպերային թատրոնի ղեկավարության կողմից հրավիրված հանձնաժողովը բարձր գնահատեց Ռոլիչի կատարողական մակարդակը: Նրա աշխատելու իրավունքը վերականգնվեց: Այս եւ նման այլ դատապարտելի վարքագիծն է, որ ստեղծում է անվստահության մթնոլորտ: Չկա արդարացի եւ ճշմարտացի գործելակերպի ներդաշնակություն թատրոնում: Թատրոնում բացակայումէդիալոգը:Օրբելյանըչիհանդուրժումիրենուղղվածորևէքննադատություն:

Ահա մեկ ամիս է, որ Օրբելյանը, ժամանակից շուտ, իրավական հիմքից զուրկ «փաստարկով»,լուծարել է իր եւ իմ միջեւ ստորագրված աշխատանքային պայմանագիրը, ըստ որի, թատրոնը պետքէ ինձ վճարի, իբրեւ տուգանք, իմ միջին աշխատավարձի քսանհինգապատիկը: Չի համբերել, ուզեցել է հնարավորինս արագ ազատվել ինձանից: Այս արարքով Օրբելյանը վրեժ է լուծում իրեն ուղղված իմ քննադատության համար: Ես միշտ էլ բարձրաձայնել եւ քննադատել եմ մեր երաժշտական կյանքում հանդիպող արատները: Յուրաքանչյուր Քաղաքացի կարող է օգտվել խոսքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքից, որը հիմնված է բոլոր հիմքերից ամենաանվիճելի հիմքի՝ անհրաժեշտության վրա: Օրբելյանին թվում է, թե իր ունեցած ֆինանսական հարստությունը բավարար պատճառ է նախկինների օգնությամբ, օրենքների խախտման գնով, դառնալ եւ նոր իրականության մեջ շարունակել մնալ թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար:

Թավշյա հեղափոխության հիմնական խնդիրներից մեկը եղել է՝ ազատվել Օրենքների կամայական մեկնաբանման նողկալի գործելակերպից: Ես շարունակելու եմ քննադատել իրեն, իբրեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին անհամապատասխան անձ եւ օրենքի խախտումով նշանակված տնօրեն, նշելու եմ թատրոնի թերությունները եւ առավելությունները: Երբ գրում էի այս հոդվածը բարեկամներիցս մեկը զանգահարեց եւ ասաց, որՀ1-ով օպերային թատրոնի մասին հաղորդում է: Հետեւեցի հաղորդմանը: Ինչպես միշտ, թվարկումներ եւ գերադրական խոսքեր: Վերջում Օրբելյանն արեց մի ցնցող արտահայտություն. «Мы супер»: Եվ կրկնեց: Ա՜յ քեզ բան: Մարդն էլ այսքան ստախոս եւ լոպազ լինի: Նույնիսկ մեր թատրոնի բարձրակարգ երգիչները, որոնք երգում են եվրոպական առաջնակարգ թատրոններում, այդպիսի արտահայտություն չեն անում:

Պարզվում է՝ Օրբելյանը ոչ միայն չունի անհրաժեշտ գիտելիքներ՝ տարբերելու լավն ու վատը, այլեւ չունի լսողություն՝տարբերելու մաքուրն ու ֆալշը, ուստի նրա համար «все прекрaсно, всевосхитительно…»:
1993-2016 թթ., մեր թատրոնը պետական պատվերով, հովանավորչական գումարներով իրականացրել է 27 օպերա եւ բալետ: Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացրել է «Պողիկտոս» եւ «Անուշ» օպերաները, իսկ նրա նոր բեմի բացմանը՝ «Նորմա» օպերան,իսպանական երկու շրջագայություններում «Պողիկտոս» եւ «Օթելլո» օպերաները, ԱՄՆ-ում՝ «Անուշ», Լիբանանում՝ «Տրավիատա», Թուրքիայում եւ Եգիպտոսում՝ «Գայանե» բալետը, Սանկտ Պետերբուրգում, Մարինյան թատրոնի նվագախմբի համագործակցությամբ՝ «Գայանե»-ի երկու ներկայացում, Մալայզիայում՝ «Գայանե», «Սպարտակ», «Щелкунчик» եւ «Կարապիլիճը» բալետները (բալետմայստեր՝Ա. Գրիգորյան): Վերջին երկու հյուրախաղերը իրականացվել են «Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի աջակցման հիմնադրամ»-ի (տնօրեն՝Շ. Գրիգորյան) շնորհիվ: Եղել են նաեւ բալետային մասի, նվագախմբի մասնակի հյուրախաղեր: Եվ այս եղելությունը Օրբելյանը փորձում է հերքել:

Թավշյա եւ սիրո հեղափոխությունը չմտավ օպերային թատրոնի պատերից ներս: Օպերային թատրոնը շարունակում է մնալ հին ավանդույթների միջնաբերդը: Ղեկավարման ձեւի մեջ տեղաշարժ, փոփոխություն, նոր պատկերացումներ նոր պահանջների իմաստով տեղի չունեցավ: Հիմնական արգելքը Օրբելյանն է, նրա եսակենտրոնականությունը, ինքնասիրահարվածությունը՝շրջանակված «դու ես, որ կաս» շողոքորթական նշանաբանով, նաեւ, ինչպես Վոլտերն էր ասում. «Ում մոտ խելքը չի համապատասխանում տարիքին, նա կրում է իր տարիների ամբողջ դժբախտությունը» մարդկանցով:

Օրբելյանի շուրջ հնացած հայացքների տեր մարդիկ են, բերված նախորդ՝ մերժված համակարգից: Չգործող Արհմիություն, փոփոխության չենթարկված գեղարվեստական խորհուրդ, մինչեւ այսօր չկազմավորված կառավարման խորհուրդ, թեեւ թատրոնի գեղարվեստական կազմն ընտրել է իր թեկնածուներին, ի հակառակ Օրբելյանի կամքի, որը ուներ երկու այլ թեկնածու: Երբ հրաժարական տվեց գեղարվեստական ղեկավարի տեղակալը, Օրբելյանն այդ պաշտոնը անմիջապես կրճատեց, ինչը հաստատում է բացարձակ, միահեծան իշխանության հասնելու նրա տենչը: Օրբելյանն իրեն է սիրում թատրոնում, այլ ոչ թե թատրոնն իր մեջ:

Օրբելյան-տնօրեն-գեղարվեստական ղեկավար-դիրիժոր՝ անկատար նախագիծ է: Ինչպիսի՞ն է Օրբելյանի գեղարվեստական արժեքների համակարգը, ո՞րն է նրա գեղարվեստական հավատամքը, գեղարվեստական ի՞նչ կրոնի հետեւորդ է: Հայտնի չէ: Դրանք բացակայում են: Մեծահույս եմ, որ մշակույթի գծով փոխնախարարները շուտով կնշանակվեն, եւ հարցը արագ լուծում կստանա:

Զավեն Վարդանյան

Դիրիժոր




Լրահոս