Շիրակի մարզում դժգոհ են տրանսպորտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում առաջնային խնդիրների շարքում է տրանսպորտի բացակայությունը: Միջհամայնքային, միջմարզային ու ներմարզային մի շարք երթուղիներ տարիներ շարունակ թափուր են: Օրինակ` Արփի խոշորացված համայքնում միջհամայքնային երթուղին երբեք չի սպասարկվել: Բնակիչները Գյումրի հասնելու համար հաճախ են խնդիրների առաջ կանգնում: «Արդեն 20 տարի Արփի համայք որեւէ ավտոբուս չի մտել: Մենք ստիպված են կիլոմետրեր քայլել, մինչեւ դուրս գանք գլխավոր ճանապարհահատված, որ մի բան կանգնեցնենք, հասնենք քաղաք: Ի՞նչ է մտածում մեր կառավարությունը: Ընտրություններից ընտրություն կհիշվին էս գյուղերը, օր գան, ձայներ փախցնեն: Մե պատգամավորմ ու ղեկավարմ չեղավ, որ գային, էս հարցին լուծում տային, ըդոր համար էլ գյուղերը լռիվ կդատարկվին»,-ասաց Արփի համայնքի բնակիչը:

Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի վստահեցմամբ` Արփի համայնքում երթուղիների չգործելու պատճառը ոչ շահութաբերությունն է: «Ներկայումս մեր մարզում միայն Արփի համայնքն է, որ ընդհանրապես չունի տրասնպորտ: Շատ ենք փորձել ապահովել ժամանակավոր տրանսպորտով, ուղեւորավարձը կազմում էր 800-1000 դրամ, 60 կմ ամենավերջին կետի հեռավորությունն էր: Չապահովվեց անգամ վառելիքի ծախսը, դրա համար այդ երթուղին չի շահագործվում»,- ասաց Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարահինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Արփի, Աշոցք, Սարապատ, Ամասիա համայքները առաջիններից էին, որ խոշորացման ծրագրի ընթացքում միավորվեցին: Բնակչությունը երբ բոյկոտում էր, պատասխանատուները վստահեցնում էին, որ խոշորացման արդյունքում ավելի գլոբալ խնդիրներ հնարավոր կլինի լուծել: Տարիներն անցան, սակայն Շիրակի հյուսիսում գտնվող համայքներում գլոբալ բարեփոխումներ այդպես էլ չկատարվեցին: Հատկապես Արփի խոշորացված համայնքում թիվ մեկ խնդիրը այդպես էլ մնաց չլուծված: Տրանսպորտի բացակայությունն էլ համայնքներում հանգեցրեց ներքին միգրացիայի աճին: Հատկապես երիտասարդ ընտանիքները հեռանում են գյուղերից՝ հաստատվելով քաղաքային բնակավայրերում: «Ուսանողները թողնին կերտան ու էլ չեն գա: Ուրիշ ելք չկա: Ի՞նչ անեն. հնարավոր չէ այս գյուղերից ամեն օր գնալ Գյումրի ու հետ գալ»,-ասաց Արփի համայնքի բնակիչը:

Նույն խնդիրն առկա է նաեւ Շիրակի մարզի Լեռնուտ համայնքում: Լեռնուտում երթուղին շահագործվում է շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ անգամ: Երբեմն ամբողջ շաբաթ ավտոբուսը գյուղ չի մտնում: Լեռնուտի վարչական ղեկավար Սեդրակ Պողոսյանին են հաճախ իրենց բողոքները հայտնում բնակիչները, սակայն վերջինս ելք չունի: «Ինչո՞վ են լեռնուտցիները պակաս կրաշենցիներից, սարիարցիներից, ջաջուռցիներից: Ընդամենը 150 մարդ է ապրում այս գյուղում: Գյուղը գնալով դատարկվում է, ի՞նչ է մտածում կառավարությունը: Ընդամենը 5 կմ ճանապարհահատված է, բայց չեն ասֆալտապատում: Վարորդներն էլ ասում են` ձեր գյուղը քարուքանդ է, չենք պատրաստվում մեքենաները կոտրել: Ի վերջո, մարդ են, կսպասեն, մինչեւ մեկը Գյումրի գնա, որ հետները նստեն, հասնեն քաղաք»,-ասաց Լեռնուտի վարչական ղեկավար Սեդրակ Պողոսյանը:

«Ցանկացած երթուղի շահագործելուց գոնե պետք է շահութաբերությունն ապահովվի: Լեռնուտում չկա ուղեւորահոսք, դա է պատճառը, որ միայն մեկ օր է չվերթ իրականացվում: Մարզում ունենք 195 կմ երկարությամբ վատ վիճակի ճանապարհահատված. եթե 54 երթուղիները շահագործվում են, ապա այս մեկն էլ կարող էր շահագործվել»,-ավելացրեց Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

2017 թվականին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փողոխություններ են կատարվել, համաձայն որի` միջպետական, միջհամայնքային եւ ներհամայնքային երթուղիների մրցույթների անցկացման գործառույթները տրվել են Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարությանը: Նախկինում մրցույթները կազմակերպվել են մարզպետարանների կողմից:

Նպատակն էր ստեղծել հանրապետության մեջ ընդհանուր երթուղային ցանց, սակայն այդ ուղղությամբ դեռ ուսումնասիրություններ են կատարվում: Մի շարք երթուղիներ շահագործման ժամկետները ավարտվել են, դրանք մեխանիկորեն երկարացվել են, մինչ հայտնի դառնա այդ հարցում կառավարության դիրքորոշումը:

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի եւ Կառավարության որոշման համաձայն` գործառույթները փոփոխվել են: Եթե նախկինում մրցույթներն իրականացնում էին մարզպետարանները, ապա հիմա գործառույթներն անցել են Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը: Մենք ստացել ենք շրջաբերականներ, որ շահագործող կազմակերպությունների ժամկետները պետք է երկարացվեն»,-ասաց Խաչատուր Խնձրցյանը:

Այժմ անորոշ վիճակ է: Հայտնի չէ, թե միասնական երթուղային ցանց Հայաստանի Հանրապետությունը երբ կունենա: Եթե ծրագիրն իրականացվի, Շիրակի մարզում 35 ավտոբուսային երթուղի կձեւավորվի: Մնում է հուսալ, որ թավշյա հեղափոխության արդյունքում հաստատված իշխանությունը կլուծի նաեւ Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանի բնակիչների խնդիրները, որովհետեւ Հայաստանը միայն Երեւանն ու շրջակա մարզերը չեն:

Հեղինե Մանուկյան
Շիրակ




Լրահոս