Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո որեւէ փոփոխություն չի լինելու ՊՆ ռազմավարությունում:
-Պարո՛ն Բալայան, տեղեկություններ են շրջանառվում, որ օպերատիվ շտաբի հավաքը կապված է մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի սպասվելիք հանդիպման հետ։ Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:
-Բացարձակ կապ չունի։ Դրանք տարեկան օպերատիվ հավաքներ են, որոնք տարիներ շարունակ պլանավորվում են։ Ընդհանուր դա զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառում է, եւ որեւիցե կերպ կապել Ալիեւ-Փաշինյան հանդիպման հետ սխալ կլինի։
Բայց նաեւ չեմ ուզում բացառել, որ քննարկումների ընթացքում հնարավոր է շոշափվեն նաեւ այդ հարցերը, քանի որ բավականին հետաքրքիր քննարկումներ են լինում։
-Ապրիլ ամիսն է մոտենում՝ քառօրյա պատերազմի օրերը, սրա հետ նույնպե՞ս կապ չունի։
-Կրկնում եմ` բացարձակապես կապ չունի։ Եթե հետեւեք լրահոսին, ապա կտեսնեք, որ Պաշտպանության նախարարությունում ամեն տարի նույն օպերատիվ հավաքները տեղի են ունենում։ Ինչպես արդեն ասացի, դա կազմում է ՀՀ զինված ուժերի պլանի մի մաս, եւ այս տարի ֆորմատը մի փոքր փոխվել է քաղաքացիական ավելի շատ բանախոսներ էինք հրավիրել, որոնց դասախոսություններից հետո բավականին հետաքրքիր քննարկմուներ են ծավալվել։
-Իսկ ի՞նչ ակնկալիքեր ունեք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից: Ըստ Ձեզ` ի՞նչ տեղի կունենա այդ հանդիպման ընթացքում, արդյոք բանակցությունները կշարունակվե՞ն, թե՞ այլ ֆորմատ կընդունվի ԼՂՀ-ի հարցի քննարկման վերաբերյալ:
-Ես կարող եմ մեր Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի մասով ակնկալիքներից խոսել, որ մեր համար բացարձակապես ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու այդ հանդիպումից հետո։ Այսինքն` զգոնության, մարտական պատրաստության հետ կապված որեւիցե փոփոխություն մենք չենք ենթադրում ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հետո։ Այսինքն` որեւէ փոփոխություն, այդ թվում` մարտական ծառայություների կրման պայմանների կամ մարտական կազմակեպման առումով, չի ենթադրում։
-Օրերս Մեղրիի զորամասում տեղի ունեցավ աղմկալի իրադարձություն: Տեղեկություններ կան, որ որոշում է կայացվել, որ զինծառայողներին պատժելու համար պետք է նրանց առաջնագիծ ուղարկել: Արդյոք առանջագիծ ուղարկելը պատի՞ժ է։
-Ո՞վ է նման կարծիք հայտնել, ծնողների մասի՞ն է խոսքը։ Ինձ թվում է` դա պարզապես սուբյեկտիվ շահարկում է, որովհետեւ որեւէ կերպ չեմ կարող պատկերացնել մեր մնացած զինծառայողներին, որոնք ծառայում են առաջնագծում․ինչու նրանք պատժվա՞ծ են։ Ո՛չ։ Դա ծառայության կարգ է եւ ամբողջությամբ տեղավորվում է այն իրավահարաբերությունների մեջ, որոնց շրջանում գործում են Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը։ Առաջնագծում ծառայելը առաջին հերթին պատվաբեր է, օրենքով սահմանված որոշակի արտոնություններ ունենք հենց առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, զորացրված զինծառայողների համար։ Դա պատվաբեր է, ոչ թե պատիժ։ Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ․պետք է արժեւորվի այն զինծառայողը, որը առաջնագծում է ծառայում, եւ դա որպես պատիժ մեկնաբանել, գտնում եմ, անընդունելի է։
-Պարո՛ն Բալայան, մինչեւ 2019 թվականի հունվար ամիսը այն զինծառայողները, որոնց ընտանիքում երեխա էր ծնվում, պետության կողմից նրանց ընտանիքներին տրամադրվում էր հարյուր հազար դրամ, սակայն հունվար ամսից այդ գումարը չի վճարվում պետության կողմից։ Ինչո՞ւ։
-Ես խնդրին տեղյակ չեմ, բայց կուսումնասիրենք։ Առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման խնդրի մասին։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ