ՀՀԿ-Ն ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն պարտություն կրեց: Սա, իհարկե, սպասելի էր, եթե հաշվի առնենք ՀՀԿ-ի նկատմամբ հասարակության մերժողական վերաբերմունքը: Հիմա ՀՀԿ-ն կամաց-կամաց անցնում է քաղաքական լուսանցք: Ու եթե հաշվի չառնենք ՀՀԿ-ական երկու-երեք գործիչների՝ համացանցում պարբերաբար հնչեցրած հայտարարությունները, այս կուսակցության մյուս հայտնի անդամները պարզապես լռել են:

ՀՀԿ-ից այս օրերին շարունակում են ակտիվ գործել Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը, տեղ-տեղ Արփինե Հովհաննիսյանն է խոսում: Նրանք պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, հարցազրույցներ են տալիս, սոցիալական ցանցերը ակտիվորեն օգտագործում են իրենց գործունեությունը լուսաբանելու եւ ներկայիս իշխանություններին քննադատական մեսիջներ ուղղելու համար, միաժամանակ հենց իրենք են արժանանում նույն հասարակության հակազդեցությանը, երբեմն անգամ վիրավորանքների թիրախ են դառնում: Միաժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն լքում են ոչ միայն շարքային կուսակցականներ, այլ կուսակցության համար մեծ կարեւորություն ունեցող մարդիկ: Մի քանի ամիս առաջ կուսակցությունը լքեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը անցած քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի ամենամեծ հույսն էր: Վերջերս էլ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ լքում է կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին փորձեց զրուցել ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ: Նախկին պատգամավորը փորձում էր անընդհատ լղոզել մեր հարցերն ու չտալ հստակ պատասխաններ: Այնուամենայնիվ, ներկայացնում ենք վերջինիս հետ հարցուպատասխանը առանց խմբագրման:
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչ է անում հիմա ՀՀԿ-ն: Արդեն որպես արտախորհրդարանական ընդդիմություն` ինչե՞ր են փոխվել կուսակցության քաղաքականության մեջ:
-Կուսակցությունը, ինչպես ցանկացած ոչ խորհրդարանական կուսակցություն, զբաղվում է քաղաքական դաշտում իր հայտարարություններով, իր տեսակետների արտահայտմամբ: Մենք նաեւ իրականացնում ենք կուսակցության կառուցվածքի ամրապնդում: Կառուցվածքը փորձում ենք բերել այն իրողություններին, որոնք էսօր առկա են:
-Ձեր կուսակիցները իրենց դիրքորոշումը արտահայտում են` սոցիալական ցանցերն օգտագործելով: Պայքարի էլ ի՞նչ տարբերակներ ունեք:
-Այսօր այն, ինչը որ կա:
– Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Ոչ:
-Ինչո՞ւ:
-Դուք հարցը տվեցիք, ես պատասխանեցի:
-Մի քանի օր է` ներկայիս ԱԺ-ն սկսել է իր աշխատանքները: Ի՞նչ եք կարծում, ունե՞նք այն ընդդիմությունը, որը կարող է հակակշռել իշխանություններին:
-Այն պատկերը, որը այսօր կա, հեռու է ցանկալիից: Եվ ես կարծում եմ, որ որոշակի ժամանակ հետո կարելի է ավելի հստակ անդրադառնալ` հասկանալու, թե ինչու է պատկերը այդպիսին:
-Քարոզարշավի ժամանակ արդեն պարզ չէ՞ր, թե ինչ պատկեր ենք ունենալու:
-Ցանկացած ընտրություն ունի իր սպասելի եւ անակնկալ կողմերը:
-Կուսակցության մի քանի անդամներ խոսում են ՀՀԿ-ի սխալների մասին: Հետեւություններ արե՞լ եք ձեր սխալներից:
-Ես կարծում եմ` ցանկացած կուսակցություն ամեն օր պետք է այդ գործով զբաղվի:
-Կուսակցությունը իր առաջ դրե՞լ է նպատակ իշխանափոխություն անելու:
-Չկա մի կուսակցություն, որը իշխանության չի ձգտում: Եթե չի ձգտում, ուրեմն պիտի դառնա հասարակական կազմակերպություն:
-Պարո՛ն Մինասյան, խնդրում եմ հստակ պատասխանել: Հիմա իշխանափոխություն անելու խնդիր դրե՞լ եք:
-Երբ դուք ինձ հարց եք տալիս, ես կոնկրետ պատասխանում եմ: Պետք չէ նորից տալ հարցը:
-Ասում եք` ձգտում եք իշխանության: Իշխանափոխությունը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Դու ես օգտագործում իշխանափոխություն բառը, ուրեմն էդ հարցը ինքդ քեզ տո՛ւր: Հասկացա՞ր:
-Իսկ ՀՀԿ գործադիր մարմնից ինչո՞ւ են մարդիկ դուրս գալիս:
-Ցանկացած կուսակցության պարագայում կադրերը ե՛ւ հեռանում են, ե՛ւ կադրերը համալրվում են: Մեր կուսակցությունը բացառություն չէ:
-Այսինքն` թավշյա հեղափոխությունը որեւէ դեր չի՞ խաղացել այդ հարցում:
-Ասում եմ` ցանկացած կուսակցություն: Թավշյա հեղափոխությունը ի՞նչ կապ ունի:
-Մենք պարզ տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո դուրս եկողների թիվը կտրուկ աճել է: Դուք հերքո՞ւմ եք սա:
-Ես ասում եմ` ցանկացած կուսակցությունից մարդիկ են դուրս գալիս: Պարզ չե՞մ արտահայտվում: Դրանից ավելի պարզ հնարավոր չի ասել: Ցանկացած կուսակցության վիճակագրություն էլ որ վերցնեք, կտեսնեք, որ բոլորից էլ դուրս են գալիս եւ մտնում են:
-Ուզում եք ասել, որ բոլոր կուսակցություններից նո՞ւյն տեմպով են դուրս գալիս, ինչ ՀՀԿ-ից:
-Ինձ ուրիշ հարցեր տո՛ւր: Քո հարցին ես հստակ պատասխանել եմ:
-Ըստ Ձեզ` դուք շանսեր ունե՞ք մյուս խորհրդարանական ընտրություններին գալ իշխանության կամ հայտնվել խորհրդարանում:
-Չորսուկես տարի հետո կխոսեմ այդ մասին:

 

 

 

ԲՀԿ-Ն` ԼՈՒՍԱՎՈՐ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻ «ԶՈՀ»

Նախօրեին տեղի ունեցած ԱԺ խորհրդի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը: Այդ թեմայով ԱԺ խորհուրդը երեկ էլ է շարունակել նիստը:

Խորհրդի նախորդ նիստին, երբ քննարկվում էր Եվրանեսթում հայկական պատվիրակության հարցը, պատվիրակության համամասնության հարցի վերաբերյալ մեծամասնությունը հայտարարել էր ԱԺ-ում ուժերի համամասնությունը որպես սկզբունք ընդունելու մասին իր դիրքորոշումը, ինչն ամրագրված է եղել նաեւ նախորդ գումարման ԱԺ խորհրդի որոշումներում: Նման պարագայում ստացվում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ներկայացված չեն լինում մի պարագայում ԼՀԿ-ն, մյուս դեպքում՝ ԲՀԿ-ն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկել է պատվիրակություններում ուժերի համամասնորեն ներկայացվածության սկզբունքին զուգահեռ խորհրդարանական վեհաժողովների պարագայում որդեգրել բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը որպես սկզբունք:
«Իմ Քայլի» ներկայացուցիչները պատրաստ են եղել ընդունել ԱԺ նախագահի առաջարկը, եթե բոլոր խորհրդարանական վեհաժողովների պատվիրակությունների կազմերը հաստատվեն կոնսենսուսով եւ, ըստ էության, մեկական քվոտա զիջեն ընդդիմությանը:
Սակայն նիստի ժամանակ ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, այլ պահանջներ են ներկայացրել: Նրանք պահանջել են ավելի շատ քվոտա։ Ըստ մեր տեղեկությունների` Արարատ Միրզոյանը հակադարձել է Էդմոն Մարուքյանին` ասելով, որ «Իմ քայլը» չի պատրաստվում մեկից ավելի քվոտա զիջել։ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ այդ պարագայում իրենք դեմ են քվեարկելու։ Նշենք, որ ԼՀԿ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ուղիղ եթերում հայտարարեց, որ «Իմ քայլի» հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ իրենք մի տեղ ունենալու են Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում։ Վերջինիս խոսքով` նիստի ժամանակ է պարզվել, որ նման բան չկա, դրա համար էլ իրենք դեմ են քվեարկել այդ առաջարկությանը։ ԼՀԿ-ականներն այլ մեկնաբանություններից խուսափեցին:
Մինչ այդ նկատենք, որ ԼՀԿ-ի ամբիցիաների պատճառով տուժել է ԲՀԿ-ն, որը կարող էր միջխորհրդարանական պատվիրակություններում ներկայացվածություն ունենալ, բայց հիմա զրկվել է: Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ խորհրդի նիստին այս հարցում ԲՀԿ-ն չեզոք դիրք է բռնել եւ որեւէ կերպ չի արձագանքել: «Ժողովուրդ» օրաթերթը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ԼՀԿ-ն ինչու դեմ քվեարկեց։ Պատգամավորը չցանկացավ որեւէ բան ասել, միայն հորդորեց ԼՀԿ-ից հետաքրքրվել, թե ինչու իրենք այնպես արեցին, որ այդ քվոտան ապահովել չստացվեց։
Մինչ այդ նկատենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով գուցե վերսկսվի ԼՀԿ-ԲՀԿ հայտնի կոնֆլիկտը:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ
Նոր իշխանությունը մտադիր է Երեւանում 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որը համապատասխան առաջարկ է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ու որեւէ կասկած չկա՝ քաղաքապետարանում քննարկելուց հետո կընդառաջեն ԱԺ փոխնախագահին, ենթադրաբար հենց քաղաքապետարանի դիմաց՝ Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ կառուցվող զբոսայգում էլ կտեղադրվի այդ արձանը: Միայն թե մնում է հուսալ, որ այն չի արժանանա նախորդների ճակատագրին: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ավելի քան տասնհինգ տարի է` նախատեսված է Մաշտոցի պողոտայում՝ Չարենցի տուն թանգարանին հարակից հատվածում, տեղադրել զոհերից ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հուշակոթողը, սակայն տեղը մինչեւ հիմա թափուր է: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի իշխանությունը որեւէ քայլ չարեց այդ ուղղությամբ: Հուսանք` նոր իշխանությունները կլուծեն նաեւ այս խնդիրը:

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԿԱԼԱՆԱՎՈՐ
Հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած կրակոցների գործով մեկ անձ է կալանավորվել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` կալանավորվածներից մեկը «Պարտեզ» ռեստորանի սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդու մտերիմներից է: Միաժամանակ, մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների գործով ձերբակալված Մելիք Մանուկյանի որդին` Շանթ Մանուկյանը, ազատ է արձակվել: Այս գործով երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե` «թող հիմա գա, ակը փչի»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է փոխհրաձգության, ինչի հետեւանքով եղավ մեկ զոհ: Զարմանալի է, սակայն, փաստը, որ տասնյակից ավելի անձինք են եղել վիճաբանության կիզակետում, եւ ընդամենը մեկ անձ է կալանքի տակ գտնվում:

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՕՐՈՔ
Երեկ կառավարության նիստում Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Ուսումնասիրելով նրա մասին տեղեկությունները` հետաքրքիր տվյալների ականատես եղանք: Մասնավորապես, նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախորդ իշխանությունների ժամանակ՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք: 1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա ՀՀ արդարադատության նախարարությունում: 2001-2003 թթ. աշխատել է հրատարակչության տնօրեն: 2003 թվականից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենն է եղել: Դրանից հետո եղել է Տավուշի «Հոգեւոր վերածնունդ» կենտրոնի տնօրեն:




Լրահոս