Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հ.Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը):
-Տի՛կին Խաչատուրյան, Մշակույթի նախարարության վերակազմակերպման հայեցակարգը օրակարգ բերելիս ի՞նչ առաջնահերթություններ են նկատի առնվել, արդյոք այս գաղափարը փորձագիտական շրջանակի հետ քննարկմա՞ն, վերլուծությա՞ն արդյունք է:
-Ես որքան գիտեմ, դեռ ամեն ինչ չի հստակեցված, եթե վերջին երեք-չորս ժամում բան չի փոխվել: Խոսակցություններից մեկը, ինչպես Դուք եք լսել, այն է, որ պետք է միաձուլվի Կրթության եւ գիտության նախարարության հետ, եւ Երիտասարդությունն ու Սպորտը եւս, եւ տեղակալների մակարդակով այդ ոլորտները պետք է ներկայացված լինեն: Նպատակը օպտիմալացումն է, առավել արդյունավետ աշխատանքը, որովհետեւ այն տարբերակը, որով գործել է նախարարությունը, չի կարող ուղղակի այդպես շարունակվել, չի կարող արդյունք տալ: Տարբերակներից մեկը կարող էր լինել այն, որ նախարարությունը իր փիլիսոփայության մեջ փոխվեր, դառնար ուժեղ նախարարություն, զբոսաշրջությունը միանար: Սրանք տարբերակներ են այսինքն:
-Վերակազմավորման առումով հղում է արվում միջազգային փորձին` շատ դեպքերում անտեսելով այդ պետությունների առանձնահատկությունները, մշակույթի դերի ընկալումը նրանց հանրային, քաղաքական գիտակցության մեջ եւ այլն: Մշակույթի դերը` որպես տնտեսապես ոչ այնքան կայացած պետության միակ մրցունակ պրոեկցիա դեպի աշխարհ, չի՞ թերագնահատվում արդյոք, քանի որ նախարարության լուծարմամբ մշակույթի ինստիտուցիոնալ նշանակության ընկալումն է կորում: Սա ազգային անվտանգության կոնտեքստում ինչպե՞ս կգնահատեք:
-Տեսեք, հիմա վերհիշենք մինչեւ այս պահը, որ կար եւ կա դեռ Մշակույթի նախարարություն, եւ անվտանգային ի՞նչ հարցեր է լուծել, մենք ունե՞նք մեծ ձեռքբերում: Ես ոչ թե հիմա փորձում եմ արդարացնել կամ չարդարացնել, ես փորձում եմ հասկանալ` անվտանգային առումով Մշակույթի նախարարությունը ինչ նպաստ է բերել:Ամբողջ փիլիսոփայությունն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված եղել:Մենք ունեցել ենք կառույց, որը բովանդակային առումով օգտակար չի եղել, բովանդակություն, ըստ էության, չի եղել: Հիմա թե դա ինչպես կկոչվի` կլինի Կրթության նախարարության հետ միաձույլ, թե կլինի առանձին մի կառույց,էական չէ:Էական է, թե մենք ինչպես ենք դա աշխատեցնում, ինչ ենք դնում դրա հիմքում: Աշխատելով երկար տարիներ մշակութային ոլորտում` կասեմ, որ ինչքան քիչ պետությունը, կառավարությունը սկսի միջամտել, այնքան շատ ավելի մեծ արդյունքի կհասնեն մշակութային տարբեր ոլորտները: Իհարկե, կան ֆունդամենտալ բաներ, որ անպատճառ պետությունը ուղղակի պարտավոր է, իրավունք չունի դրանց վրա ուշադրություն չդարձնելու եւ իր անմիջական հովանու տակ չվերցնելու, օրինակ հուշարձանները, հնագիտական աշխատանքները: Դրանք մեծ փողեր պահանջող բաներ են, մնացած հարցերում շատ նուրբ մոտեցումներ պետք է լինեն մշակութային հաստատությունների նկատմամբ: Որեւէ մշակութային, հայեցակարգային խնդիր մեր առջեւ դրված չի եղել. ինչ-որ ՊՈԱԿ-ները արել եւ անում են, արել եւ անում են իրենց պատկերացումներով եւ իրենց նախաձեռնությամբ: Մշակույթ ստեղծում է ժողովուրդը, մշակույթ ստեղծում են անհատները: Մշակույթի նախարարությունը, որն ունի բովանդակություն եւ հասկանում է, որ մեր ազգային մշակույթը շատ կարեւոր է, որ մեր լեզուն` որպես մշակութային ամենակարեւոր գործոն եւ այլն.. Բայց նորից եմ ասում` հայեցակարգային խնդիրներ նախարարության կողմից չեն դրվել: Ժամանակն է, որ մենք շատ ավելի գործուն եւ շատ ավելի արդյունավետ բաներ կարեւորենք, թե դա ինչ կկոչվի,կկոչվի գործակալություն կամ նախարարություն… Ժամանակի ընթացքում կարելի է ստեղծել մեր երազած նախարարությունը` բովանդակությամբ լեցուն:
-Մշակույթի գործառույթների այդ ահռելի համախումբը հնարավո՞ր է իրագործել մեկ այլ նախարարության հետ կառույցը կցելու դեպքում, քանի որ մեկ նախարարությունը, ի վերջո, ենթադրում է կադրերի ու գործառնությունների սահմանափակություն:
-Եթե հիշում եք, տարիներ առաջ Մշակույթի նախարարություն չէր կոչվում, այլ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, եւ դա մեկ նախարարություն էր: Հիմա սա էլ մեկ նախարարություն է, որ կունենա նախարար, տեղակալներ, մշակույթի, կրթության, սպորտի գծով տարբեր վարչություններ: Գործառույթները չեն կրճատվի, ուղղակի գործառույթները շատ ավելի արդյունավետ կսկսեն իրականացվել նրանց միջոցով, ովքեր կշարունակեն աշխատել: Ես վստահ եմ, որ ամբողջ պատմությունը նրա համար է, որպեսզի արդյունավետությունը բարձրանա, ոչ թե որ խնայողություններ լինեն: Նախկինում մենք երբեւէ չենք տեսել, որ, ասենք, կառավարության նիստերի ժամանակ մշակույթի նախկին նախարարը, ասենք, Արմեն Ամիրյանը, ընդդիմանա ինչ-որ մի հարցում, այդպիսի բան չի եղել, ամեն ինչ գլխի դրական շարժումով ընդունվել է, դրա համար ունենք շատ տարօրինակ հարկային ու գանձապետական վիճակ. մշակույթի առանձնահատկությունները հաշվի չեն առնվել այս կամ այն օրենքը մշակելիս եւ ընդունելիս:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԽՆԴԻՐՆԵՐ`ՇԻՐԱԿԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Հանրապետության երկրորդ քաղաքում առողջապահության ոլորտում չի լուծվում մասնագետների խնդիրը: Ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, ակնաբույժներ, նյարդաբաններ, գինեկոլոգներ. սրանք հիմնական մասնագետներն են, որոնց պահանջարկը կա քաղաքում: Առավել զգացվում է նեղ մասնագետների կարիքը: Խնդիրը մարզում նոր չէ: Տարիների ընթացքում որոշ բուժհաստատություններում համալրում լինում է, բայց որոշ ժամանակ անց խնդիրը նորից գլուխ է բարձրացնում: Երիտասարդ կադրերի որոշ մասը փորձ ձեռք բերելուն պես նախընտրում է մասնագիտական գործունեությունը շարունակել մայրաքաղաքում, որտեղ առաջարկվող պայմաններն են տարբեր, մասնավորապես` վարձատրությունն է բարձր: Իսկ Շիրակի մարզում բնակչության վճարունակությունն է ցածր, ինչն ուղիղ ազդում է մասնագետների գրպանի վրա: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ բուժսպասարկման որակը ցածր է, վճարունակ քաղաքացին էլ հայացքն ուղղում է դեպի մայրաքաղաք: Իհարկե, դրությունը փոքր-ինչ փոխվեց, երբ ստեղծվեց «Գյումրի» ԲԿ-ն: Բայց այստեղ էլ նեղ մասնագետների պակաս կա:
«Շիրակի մարզում` 6 բուժհաստատությունում, առկա է տնօրենի թափուր հաստիք: Հատկապես բժշկական ամբուլատորիաներում հաստիքները չեն համալրվում տարիներ շարունակ. 6 հիմնարկում ունենք տնօրենի թափուր պաշտոններ, որոնց համար հայտարարված էին մրցույթներ, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն էլ հունվարի 29-ն էր: Մարտին մենք նշված տեղերի համար անցկացնելու ենք երկուական մրցույթներ»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանը:
Մրցույթներն էլ առանց թեժ մրցակցության են անցնում: Ֆինանսական խնդիրներից զատ բուժհաստատություններում շենքային խնդիրներն էլ դեռ լուծված չեն: Դրան էլ գումարվում է անհրաժեշտ բուժսարքավորումների մաշվածությունն ու բացակայությունը, եւ այդ ամենն ուղիղ ազդում է բուժսպասարկման որակի վրա: Օրինակ` «Բեռլին» պոլիկլինիկայում 17 հազար 500 բնակիչ է սպասարկվում: Շենքային պայմանները պոլիկլինիկայում բարվոք են, բայց բուժսարքերն են հին ու մաշված. «Լաբորատորիաների նորացման խնդիր ունենք, Ֆիզիոթերապիայի կաբինետի նորացման խնդիր ունենք: Իհարկե, այդ ամենը ազդում է բնակչության թվի կրճատման վրա»,- ասաց «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի ժպ Արմեն Դավթյանը:
Հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսերում էլ, որը գտնվում է Գյումրիում, նեղ մասնագետների ու բուժսարքավորումների խնդիր կա: Գրանցված ցուցանիշն էլ փաստում է, որ առկա վիճակը հանգեցրել է հիվանդների արտահոսքի:
Խնդիրն առավել օրհասական է Մարալիկի ու Արթիկի հիվանդանոցների դեպքում, որտեղ առաջնային տեղում շենքային անմխիթար պայմաններն են, սա այն պարագայում, երբ մայրաքաղաքում տարեցտարի նոր բուժհիմնարկներ են ստեղծվում, եղածների պահպանման զարգացման համար էլ Առողջապահության նախարարությունը մշտապես նոր ծրագրեր է մշակում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Տավուշի սահմանագոտում վերջին շրջանում հարաբերական անդորր է. սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ չկան: Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողները «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ ադրբեջանական զինծառայողները սահմանագոտում ակտիվորեն աշխատանքներ են կատարում, մեծ բեռնատարները տարբեր նյութեր են տեղափոխում առաջնագիծ, ադրբեջանական զինուժը բետոնապատում է իր դիրքերը, այլ գործեր կատարում, որոնք լեռնային տեղանքի պատճառով լավ տեսանելի չեն մեր սահմանապահների համար:
ՓՈՐՁԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ
Փետրվարի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր Հրաչ Խանոյանի եւ Ժիրայր Վանյանի դատավարության առաջին նիստը: Հ. Խանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կոմունալ շահագործման ծառայության պետը, փորձել է վաճառել 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակներ: Այդ նպատակով նա պայմանավորվածություն է ձեռք բերել Վանաձորի բնակիչ Ժիրայր Վանյանի հետ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցվել: Ժ. Վանյանը մեղադրվում է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստից հափշտակված մահճակալների անկյունակները գնելու համար: Հ. Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»), Ժ. Վանյանին` 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձին հանցակցությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»):
ՆԵՂՈՒՄ ԵՆ ՓՈՔՐ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ
«Տիգրան Մեծ» տնտեսական խանութի տերը՝ Դավիթ Ղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհել է, որ Իջեւան քաղաքում սուպերմարկետների հետ մրցակցության պատճառով փոքր եւ միջին խանութները հայտնվել են փակման եզրին: Մատակարարներից մեծաքանակ ապրանքներ վերցնող սուպերմարկետներին առաքիչներն ավելի ցածր գնով են ապրանքներ հանձնում, սուպերմարկետները վաճառքի ավելի ցածր գին են սահմանում: Սուպերմարկետների հարեւանությամբ գործող խանութները հաճախորդ չկորցնելու համար ստիպված են նույն գները սահմանել: Մանր ու միջին խանութները հարկ վճարելուց հետո շահույթներ շատ քիչ են ունենում: Դ. Ղազարյանն ասաց, որ եթե խանութի տարածքը իրենցը չլիներ, այն վարձակալած լինեին, ստիպված կլինեին խանութը փակել: Նա հաշվել է, որ օրինական աշխատելու եւ սուպերմարկետների գներին հետեւելու դեպքում 100 հազար դրամի ապրանք վաճառելու պարագայում իրենց եկամուտը կազմում է 1500-2000 դրամ: Նա նշել է, որ միջին հաշվով իրենց խանութը 3 օրում է 100 հազար դրամի ապրանք իրացնում, այսինքն՝ օրական եկամուտը կազմում է 500-1000 դրամ: Դ. Ղազարյանը հայտնեց, որ գները բարձրացնելու դեպքերում ինքն ավելի շատ եկամուտ կունենա, սակայն կկորցնի գնորդներին եւ հարցրեց՝ ի՞նչ անեն իրենք՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ