Մեր զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
-Կառավարության ծրագրի ձեւավորման գործընթացը փաստորեն ներառական չի եղել, քանի որ նշված չէ` ինչպես է կազմվել այն, ինչ կառույցներ են մասնակցել եւ այլն: Մյուս կողմից` ծրագրին չնախորդեցին հանրային քննարկումներ, ծրագրային հոդվածներ, վերլուծություններ: Սա հեղափոխակա՞ն ծրագիր է, ինչպե՞ս կգնահատեք:
-Կարծում եմ` բնական է, որ կառավարությունը ինքն իրենով մշակել ու բերել է: Լավ կլիներ իհարկե, որ քննարկումներ լինեին, բայց հիշենք, որ սահմանադրությամբ եւ օրենքով շատ կարճ ժամանակ է նախատեսված դրա համար` 15 օր: Այդ ընթացքում բավական բարդ կլիներ այդ ամենը իրականացնել:
-Ծրագրում չկա սահմանադրական փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվի իշխանության ճյուղերը, Ընտրական օրենսգրքի փոփոխություններ նախատեսված չեն, այնինչ սրանք ժողովրդավարական բարեփոխումների հիմքն են: Ի՞նչ կասեք այս մասին:
-Իշխանության ճյուղերի հավասարակշռման համար սահմանադրական բարեփոխում պետք չէ, դրա համար պետք է կառավարության կառուցվածքի փոփոխություն, պետք է ուղղակի հրաժարվել սուպերվարչապետական համակարգից. ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը,ՊԵԿ-ը բերել կառավարության կազմ որպես նախարարություններ, որպեսզի դրանք դառնան հաշվետու Ազգային ժողովին եւ լինեն Ազգային ժողովի վերահսկողության ներքո: Սահմանադրությունը բացարձակ չի ասում, որ պիտի ունենանք հիպերվարչապետական համակարգ, լրիվ հակառակը, Սահմանադրությունը ասում է, որ պիտի լինի Կառավարություն, պիտի լինի Ազգային ժողով, Ազգային ժողովը պետք է վերահսկի գործադիրին: Երբ շատ ու շատ խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրներում սա ուղղակի ավանդույթի ուժով է գործում, մեզ մոտ դա սահմանադրությամբ է սահմանված: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների բացակայությունը իրոք որ զարմացնում է, որովհետեւ մենք սպասում էին, որ դա պետք է ներառված լինի կառավարության ծրագրում:
-Ծրագրով կառավարությունը խոստանում է մինչեւ 2023 թվականը էապես նվազեցնել աղքատությունը, սակայն նշված չէ` թիրախային ինչ ցուցանիշներ կարելի է ակնկալել, գոնե մոտավոր թվեր ներկայացված չեն: Ի՞նչ հետեւություն կանեք:
-Ամենամեծ թերությունը այս ծրագրի հենց դա է, որ չկան կոնկրետ նշաձողեր՝ ինչի եւ ինչպես ենք մենք ձգտելու, չկան թվային չափելի ցուցանիշներ, վերացական էր հիմնականում, եւ ամբողջ ծրագրում ընդամենը 12 թվանիշ է նշված եղել: Ամբողջ ծրագրում` 69 էջանոց, պատերազմող երկրի պարագայում ընդամենը 3 էջով է անվտանգությանը անդրադարձած, այն էլ` բավականին վերացական: Այսինքն` ճանապարհային քարտեզ չկա, բայց մյուս կողմից էլ` զարմանալի չէ, որովհետեւ մենք չունենք դեռ կառավարության վերջնական կառուցվածք: Ունենք 17 նախարարություններով կառավարություն, որոնցից նշանակված են 12-ը, եւ ունենք 5 նախարարություն, որոնք չունեն նախարար, եւ ինչ է լինելու այդ նախարարությունների հետագա ճակատագիրը` անհայտ է. ո՞վ է իրականացնելու նրանց գործառույթները, ո՞վ է քաղաքական պատասխանատուն այդ ոլորտների համար, եւ առանց այս ամենը իմանալու բերվում է ծրագիր: Պետք է առաջին հերթին հաստատվեր կառավարության կառուցվածքը, որպեսզի ոլորտի պատասխանատուները նաեւ ներգրավվեին ծրագրի կազմման մեջ եւ իրենց ոլորտի համար ներկայացնեին այդ ճանապարհային քարտեզը:Եւ եթե այդպես արվեր, կարծում եմ` այսքան վերացական չէր լինի կառավարության ծրագիրը:
-Չե՞ք կարծում, որ այդ վերացականությամբ կառավարությունը իրեն ապահովագրում է հաշվետվություն ներկայացնելուց:
-Նման գնահատական չեմ կարող տալ:Քաղաքական գնահատական ա՞յդ տիպի: Հիմա Դուք տվեցիք գնահատական եւ ուզում եք` ես համաձայնեմ դրա հետ: Ես ասում եմ, որ շատ վերացական ծրագիր է, մնացած ամեն ինչ մենք կասենք առաջիկա նիստի ժամանակ:
-Ինչ վերաբերում է թվերին, տեսե՛ք, խոստացվել է ՀՆԱ աճի միջին տեմպի առնվազն 5%-ի ապահովում, որն ամենեւին համարժեք չէ խոստացված «տնտեսական հեղափոխության» տրամաբանությանը, քանի որ նախորդ իշխանություններից այս իշխանությունը ստացել է տարեկան 7,7% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ծրագրում տնտեսական հեղափոխության նշույլներ չտեսա եւ նախանշաններ: Հեղափոխությունը ավարտվել է, հիմա կառուցման, պետականաշինության գործընթացն է սկսել: Պետք է լիներ բարեփոխումների լուրջ մարտահրավերների ծրագիր.դա չենք տեսնում:
-Ծրագրի ո՞ր առանցքային դրույթների շուրջ եք պատրաստվում քննարկում ծավալել Ազգային ժողովում:
-Մտահոգություն կա, որ արտաքին քաղաքականության ոլորտում շարունակվում է նախկինների մոտեցումը: Հայաստանի որպես միակ ռազմավարական գործընկեր նշված է Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն` այստեղ այլընտրանքների փնտրտուք կամ հարաբերությունների զարգացման օրակարգ չկա: Նույնը անվտանգության ոլորտին է վերաբերում: Այստեղ նույնիսկ ավելի թույլ ձեւակերպումներ կան, քան Կարեն Կարապետյանի բերած ծրագրում: Կառավարության ծրագիրը չպիտի լինի աբստրակտ, պիտի լինեին չափելի, առարկայական դրույթներ, որպեսզի հասարակությունն իմանար` ինչ սպասել, ինչ ակնկալել առաջիկա 5 տարիներին:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕՐԴԵՐՆԵՐԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ
Մարմաշենի վարչական տարածքում գտնվող Աշոցք թաղամասը կռվախնձոր է դարձել: Թաղամասը ձեւավորվել է հետերկրաշարժյան տարիներին: Մրցութային կարգով ընտրված շինարարական կազմակերպությունն աշխատակիցների համար երկու շենք է կառուցել, այնուհետ շինարարությունը թողնելով կիսատ` շինարարը հեռացել է: Երկու շինությունը ոչ պաշտոնապես անցել է Գյումրու համայնքապետարանին: Այդ տարիներին Գյումրու քաղաքապետն էր Վարդան Ղուկասյանը: Վերջինս էլ հիմնականում նախընտրական շրջանում մի շարք բնակիչների օրդերներ է բաժանել` հաստատելով բնակության թույլտվությունը, բայց բնակարանները սեփականաշնորհված չեն: Դա է, որ անհանգստացնում է բնակիչներին: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են նոր քաղաքացիներ` ձեռքներին բնակարանների օրդերներ, ու պահանջում են լքել տունը:
Գյումրեցի Շուշան Ղազարյանն ասում է, որ 16 տարի ահը սրտում է ապրել: Երկրաշարժին բնակարան կորցրել է, այնուհետ հայտնվել տնակում: Երբ տնակն այլեւս բնակության համար ոչ պիտանի է դարձել, կինը դիմել է քաղաքապետին ու խնդրել օգնել ժամանակավոր կացարանով: «Էն ժամանակ քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր: Էրեխեն ձեռս` ներս մտա, քաղաքապետը թուղթը տվեց` սենց գնա՛ ապրի: Ես էլ եկա, ինչ իմանայի` ինչ կարող էր լինել: Հետո իմացա, որ հերթացուցակից էլ դուրս մնացի: Հմի մե հոգիմ հայտնվել է, կսե սիկ իմ տունս է, ես ի՞նչ ենեմ»,- ասաց Աշոցք թաղամասի բնակիչ Շուշան Ղազարյանը:
Տասնյակ ընտանիքներ են նույն խնդրի առաջ կանգնած: Սեփականաշնորհել բնակարանները չեն կարող, քանի որ երկու շենքը Գյումրու համայնքապետարանի հաշվեկշռում էլ չեն. «Ինչպես շատ թաղամասեր, Աշոցք թաղամասն էլ ամբողջական չկառուցվեց: Ընդամենը երկու շենք է կառուցվել կոոպերատիվի հիմունքներով: «Ուրալ Սիպ Շին» կազմակերպությունն է իրականացրել շինարարությունը, սակայն մինչեւ հիմա բնակարանները սեփականաշնորհված չեն, քանի որ ընդունում հանձնում էլ չի եղել, ընդունման ակտ էլ չի եղել: Մենք իրավունք չունենք դրանք սեփականաշնորհել»,-ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Ստացվում է` շենքը ո՛չ բնակիչներինն է, ո՛չ համայնքինն է, շինկազմակերպությունն էլ շահագրգռվածություն չունի հետաքրքրվել խնդրով: Բայց քանի որ թաղամասը կառուցվելու էր Գյումրու համար, այս պարագայում պատասխանատուն համայնքն է:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրահանգով` հանձնաժողով է ձեւավորվել, որն ուսումնասիրություն է կատարում պարզելու շենքի տեխնիկական վիճակն ու թե ընտանիքներից ով ինչ ճանապարհով է հայտնվել բնակարաններում: Այդ ուսումնասիրություններն են դարձել պատճառը, որ բնակչության շրջանում խուճապ է սկսվել: Երկու տասնյակից ավելի ընտանիք տներից զրկվելու վտանգի առաջ են: Շատ դռներ էլ փակ են, քանի որ որոշ քաղաքացիներ էլ մի քանի տարի ապրել, հետո փակել են դռներն ու հեռացել` գիտակցումով, որ բնակարանը հենց իրենց է պատկանում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԹԵԺ Է
ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը համացանցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը մանկավարժական էթիկայի կանոնները խախտելու եւ սուտ տեղեկատվություն հաղորդելու համար այդ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Սիմոնյանին հայտարարել է գրավոր նկատողություն:
Ա. Բախշյանը գրել է. «Խնդրեմ, օրինակ, թե ինչպես է Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն օգտագործում «էթիկայի կանոններն» այն ուսուցչի դեմ, ով, ըստ ուսուցչուհու, հունվարի 8-ին զանգահարել է սանէպիդկայան ու հայտնել, որ դպրոցում ցուրտ է, ջերմաչափեր չկան դասասենյակներում, որտեղից զանգահարել են տնօրենին, տնօրենն իմացել է, թե ով է զանգահարել: Բոլորս հիշում ենք հունվարի սկզբին ԿԳ նախարարի հորդորը, որ դպրոցներն ապահովեն տաքությամբ: Արդյունքում հետին թվով` փետրվարի 5-ին, ուսուցչուհուն ծանուցել է այս նկատողության մասին, որտեղ չկա հղում ԱՕ-ի վրա: Ինչպե՞ս է այս տնօրենը հավաստագիր ստացել, եթե հանձնել է քննություն ու այսօր «նկատողություն» է տալիս մանկավարժին` հղում անելով վերոնշյալ փաստաթղթի վրա, որն իրավական ուժ չունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին: Նա հայտնեց, որ ինքը տեղյակ է խնդրին, զրուցել է Դեբեդավանի դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանի հետ: Բացի այդ, մարզպետարանի ներկայացուցիչը զրուցել է այդ դպրոցի ուսմասվար Լուսինե Գեւորգյանի հետ: Գեւորգյանն, ի դեպ, տնօրենի գործունեությունը քննադատող դպրոցի ուսուցիչների խմբում է: Դպրոցի տնօրենն ասել է, որ այդ օրը դպրոցում նորմալ ջերմաստիճան է եղել, ուսմասվարը պնդել է, որ այն եղել է ցածր` +12 աստիճան: Այդ ժամանակ Դեբեդավանի դպրոցում մի քանի ջերմաչափ էր տեղադրված, հիմա բոլոր դասասենյակներում կան ջերմաչափեր: Մ.Ղազումյանն ասաց, որ դպրոցի տնօրենն իրավունք չուներ նման իրավական հիմնավորմամբ ուսուցչուհուն նկատողություն հայտարարելու, այդ դպրոցում վաղուց խնդիրներ կան, աշխատակիցների մի խումբ տնօրենի հանդեպ ընդդիմություն է, կա միջանձնային հարաբերությունների խնդիր: Ղազումյանը հայտնեց, որ մտադիր են առաջիկայում Դեբեդավանի դպրոցում ուսումնասիրություններ կատարել, առկա խնդիրներին իրավական լուծում տալ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ