ԵԿՄ-Ն ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա. այդ պաշտոնում առաջադրվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրան առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն: Հատկանշական է փաստը, որ Միքայելյանը երկար ժամանակ չէր համաձայնում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել, եւ ամիսներ շարունակ ազատամարտիկները ե՛ւ հրապարակային, ե՛ւ ներկուլիսային հանդիպումներում խնդրել, համոզել ու «պարտադրել» են Միքայելյանին՝ գնալու այդ քայլին: Այս առումով պատահական չէր փաստը, որ Միքայելյանին առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն, նրա օգտին են քվեարկել նաեւ նրանք, որ ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից եւ միայն վերջերս վերադարձել: Հիշեցնենք` ԵԿՄ-ում սկզբում ցանկացել էին վարչության նախագահ ընտրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին. նա նույնիսկ տվել էր իր համաձայնությունը: Սակայն, երբ խոսվեց Սասուն Միքայելյանին ԵԿՄ վարչության նախագահ առաջադրելու մասին, Արամ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնեց: Երեկ նա ոչ միայն պաշտպանեց «Սասուն» ջոկատի հրամանատարին, այլեւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արամ Սարգսյանը մտադիր է այսքանից հետո մնալ Սասուն Միքայելյանի կողքին եւ ամեն կերպ աջակցել՝ վերականգնելու ԵԿՄ-ի անունը:

 

 

 

ՀՀԿ-ն լքելու մասին երեկ հայտարարել է կուսակցության գործադիր մարմնի անդամներից եւս մեկը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Այսքանից հետո աննախանձելի վիճակում է հայտնվում ՀՀԿ ԳՄ-ն. 2016թ. նոյեմբերի 26-ի համագումարում որոշվեց ԳՄ կազմը՝ 21 հոգի, այնինչ հիմա այնտեղ մնացել է 17 հոգի: ՀՀԿ ԳՄ անդամներից առաջինը դուրս եկավ Հովիկ Աբրահամյանը դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո արդեն` Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Իսկ ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցել է երկու երրորդից ավելին՝ 15 հոգի: Հաշվի առնելով, որ ԳՄ կազմում դե յուրե մնացածներից մի քանիսն էլ փաստացի դադարեցրել են կուսակցության հետ հարաբերությունները` ԳՄ իրավազոր նիստ անցկացնելն այլեւս խնդիր է. Տարոն Մարգարյանը վաղուց ՀՀ-ում չէ, Կարեն Կարապետյանը վաղուց ՀՀԿ-ի հետ չէ, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված քրեական գործից հետո ասպարեզից անհետացել է նաեւ Կարեն Ավագյանը: Կարճ ասած` նախկին իշխող կուսակցությունում իսկապես ճգնաժամ է:

 

 

 

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ նախկին իշխանությունները, օգտագործելով իրենց կապերը, փորձում են Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել: «Խնդիրներ կան, օրինակ, նախկին իշխանությունների այն ներկայացուցիչների հետ, ովքեր ունեն իրենց կապերը ՌԴ-ում եւ ակտիվորեն աշխատում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ»,- ասել է նա: Մեր հարցին, թե ում նկատի ունեք, ռուս քաղաքագետը պարզաբանել է. «Ես նկատի ունեմ ՀՀ նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. հենց նրանք են փորձում այդ կապերն օգտագործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ` նաեւ այլ պետությունների հարաբերությունների հետ կապված»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են ե՛ւ մարդանց բնակարաններ, ե՛ւ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում: Նրանց հետագա գործողությունները կանխելու եւ բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների եւ սպասարկման կենտրոնների նկատմամբ: Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երեւանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ:

 

 

 

ԻՐԵՆՑ ՓՈՍՈՒՄ
Համայնքապետերից շատերին առաջիկայում շատ ծանր օրեր են սպասվում. խոսքը նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների մասին է, որոնք ժամանակին ընտրվել են ընտրակեղծիքներով, նաեւ համապետական ընտրություններում են ակտիվ դերակատարություն ունեցել ընտրակեղծարարության «սուրբ» գործում` որպես փոխհատուցում ստանալով իրենց պաշտոնը հարստացման նպատակով անխնա օգտագործելու հնարավորություն:
Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խաղի միանգամայն նոր կանոններ է սահմանում: Երեկ` պետություն-համայնք համագործակցությանը նվիրված համաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այս առումով ուշագրավ էր: Նա շեշտել է, որ պետական ծառայությունը ոչ միայն կառավարության անդամների, պատգամավորների, այլեւ համայնքի ղեկավարների կողմից չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն, իսկ համայնքում ամենահաջողակը չի կարող լինել համայնքապետի սեփական բինզեսը: Փաշինյանը նաեւ նշեց. «Մենք շանս ենք տվել եւ շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, եւ ովքեր չեն օգտվի այդ շանսից փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Հայաստանում` գյուղապետարաններում, 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր…»: Եթե անկեղծ, վարչապետի այս հայտարարությունների փոխարեն ավելի լավ կլիներ, եթե հնչեր համապատասխան համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերի մասին վիճակագրությունը. ի վերջո, թավշյա հեղափոխությանը հաջորդած այս 9 ամիսերի ընթացքում վարչապետը բազմիցս է նախազգուշացրել՝ հայտարարելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ու եթե ոմանք այս ընթացքում հետեւություններ չեն արել, ապա իրենց գործն է:
Մինչ այդ մեկ փաստ էլ. ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ անդրադարձել է որոշ համայնքների ոչ լեգիտիմ համայնքապետերի պաշտոնավարման շարունակությանը` ընդգծելով, որ ՏԻՄ մասին օրենքում փոփոխությունների ուղղությամբ քննարկումներ են ընթանում. «Համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Համայնքը պետք է արտահայտվի՝ կողմ է տվյալ համայնքապետի գործունեությանը, թե ոչ. սա վերաբերում է խնդրահարույց համայնքներին»:
Նկատենք, որ հանրաքվեի ինստիտուտին հղումը պատահական չէ, այն ամրագրված է ՀՀ նոր սահմնադրության մեջ, սահմանադրության, որը կեղծիքներով ընդունելու հարցում մեծ դերակատարություն ունեն հենց այդ համայնքապետերը. չէ՞ որ մեծ քաղաքներում 2015թ. «Ոչ»-ը հաղթել էր, եւ սահմանադրությունն անցկացվեց գյուղերում կատարված ընտրակեղծիքների շնորհիվ:




Լրահոս