ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆՄԱՆ ԴՈՒ ԱՆՑԱՐ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմնի իշխող կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, հեռանում են ոչ միայն շարքային անդամները, այլեւ կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Հիշում եք, թավշյա հեղափոխության օրերին շատերը պարզապես պատռում էին իրենց անդամատոմսերը: Մեծ մասը չի էլ զգուշացրել, որ լքում է ՀՀԿ-ն` իրեն համարելով ՀՀԿ-ից դուրս եկած: Դեռ հոկտեմբերին, պաշտոնական տվյալներով, կուսակցության շարքերը լքել են 8000 անդամ: Նշենք նաեւ, որ հիմա դուրս եկածների թիվը ՀՀԿ-ն չի հրապարակում, ըստ երեւույթին, այն պատճառով, որ լքողների թիվը հասել է տասնյակ հազարների: ՈՒ հիմա բանը հասել է նրան, որ կուսակցության շարքերը լքում են ոչ միայն շարքային անդամներ, այլեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ։
Առաջինը ՀՀԿ-ն լքեց նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, որը նախորդ ընտրությունների ժամանակ իր գեղեցիկ ժիլետով ու շարժուձեւով փորձում էր ՀՀԿ դեմքը դառնալ, ՀՀԿ հույսը: Հենց նրա ուսերին էր դրված ՀՀԿ-ի ամբողջ քարոզչությունը։ Անհերքելի է, որ Կարեն Կարապետյանը իրականում որեւէ առնչություն չուներ ՀՀԿ-ի հետ, նրա աշխարհայացքը որեւէ ընդհանրություն չուներ տարոնանժդեհականության գաղափարախոսության հետ, եւ այդ կուսակցությունում, այն էլ` առաջին փոխնախագահի դերում, հայտնվել էր միայն ու միայն վարչապետի պաշտոնում նաեւ Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո աշխատելու համար: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո սպասելի էր նրա` ՀՀԿ-ն լքելը:
Կուսակցությունը լքեց նաեւ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը։ Ճիշտ է, ներկա վիճակում գուցե անսպասելի էր Ֆարմանյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշումը, սակայն պետք է նշենք, որ այն այնքան էլ շոկային չէր՝ հաշվի առնելով փաստը, որ չնայած երիտասարդ տարիքին` հասցրել է անհիշելի թվով կուսակցությունների անդամագրվել ու լքել:
Արդեն երեկ ՀՀԿ ԳՄ անդամներից Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց կուսակցությունը լքելու մասին եւ, ըստ էության, պատճառաբանեց իր որոշումը. «Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո»,-մասնավորապես գրել էր նա:
Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ում պատահական մարդ չէ. թեեւ նա ՀՀԿ-ի համեմատաբար նոր դեմքերից է (տարիքի բերումով), բայց եւ հասցրել է այդ կարճ ժամանակահատվածում հայտնվել կուսակցության վերին օղակներում, դառնալ ԳՄ անդամ: Կուսակցական պատկանելիության շնորհիվ էր թերեւս, որ նա հասցրեց լինել ոչ միայն ԱԺ պատգամավոր, այլեւ ՀՀ արդարադատության նախարար, այնուհետեւ ԱԺ փոխնախագահ: Ավելին, ե՛ւ 2017թ. ԱԺ ընտրություններին, ե՛ւ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններին նա ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Բայց հիմա ստացվում է, որ ՀՀԿ-ն լքում են այդ կուսակցության «դեմքերը»: Թեեւ Հովհաննիսյանը որոշումը պայմանավորել է «..հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո», այնուամենայնիվ, փաստ է, որ ՀՀԿ-ից նա դուրս է գալիս այս կուսակցության համար ամենածանր շրջանում:
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու է մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Չի բացառվում՝ Արփինե Հովհաննիսյանի նման այդ նույն պատճառաբանությամբ ՀՀԿ-ն լքի նաեւ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի պատրաստվում նման բան անել: «Ես միտք չունեմ դադարեցնել անդամակցությունս»: Հարց ուղղեցիք` ինչո՞ւ են ՀՀԿ ԳՄ անդամները լքում կուսակցությունը, վերջինս պատասխանեց, որ, իր կարծիքով, բոլորը հստակ բացատրություններ արդեն տվել են, եւ ինքը ավելացնելու այլ բան չունի:
Փոխարենը ԳՄ-ից ակտիվ գործունեություն են ծավալում միայն Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը։ Անգամ Վիգեն Սարգսյանը, որ ընտրություններին ՀՀԿ ցուցակն էր գլխավորում ու կուսակցությունում դիտվում էր Սերժ Սարգսյանին հավանական փոխարինող, հիմա լուռ է, խորը ընդհատակում է: Եւ արդյունքում ՀՀԿ ԳՄ-ում, մեղմ ասած, տխուր իրավիճակ է: Եթե նույն տեմպով ԳՄ-ից անդամներ դուրս գան, ՀՀԿ-ի ղեկավար մարմինը կկորցնի 2/3-րդ մասը, իսկ կայացրած որոշումները այլեւս իրավազոր չեն լինի։ Չնայած հիմա էլ ՀՀԿ ԳՄ-ն մեծ դժվարությամբ է երկու երրորդը հավաքում, քանի որ նունիսկ նա, ով այդ կուսակցությունից դուրս չի եկել, փաստացի դադարեցրել է կապը:
Հ.Գ. Երեկվա դրությամբ Արփինե Հովհաննիսյանի անունն ու լուսանկարը ՀՀԿ կայքում գործադիր մարմնի անդամների ցանկից դեռ հանված չէր:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Այդ համաժողովին մասնակցել են նաեւ մարզպետներ, քաղաքապետեր, գյուղապետեր եւ այլ պաշտոնյաներ: Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չէին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, այնինչ մյուս բոլոր մարզպետները մեկ մարդու նման ներկա էին միջոցառմանը: «ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանին` պարզելու համար, թե ինչու մարզպետները չեն մասնակցել: Նախ նշենք, որ Արմինեն մեզ հետ զրույցում նշեց, թե մարզպետների ներկայությունը պարտադիր չէր, եւ նրանք եկել են իրենց հայեցողությամբ: «Գեղարքունիքի մարզպետը Հայաստանում չէ, իսկ Սյունիքի մարզպետը պետք է նախօրեին գար, սակայն փլուզում է եղել մարզում, եւ նա մնացել է այնտեղ»,- նշեց նա` հավելելով, թե համայնքների բոլոր ղեկավարները մասնակցել են:

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը շարունակվում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն գերազանցել է 1100 դոլարը. եթե դեկտեմբերին բնակարանի մեկ քմ վաճառվել է 563 հազար 800 դրամով, ապա նոյեմբերին այն կազմել է 569 հազար դրամ: Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ-ն շուրջ 2000 դոլար է կազմում: Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացել են 2300 դրամով: Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2800 դրամով` 385 հազար 200 դրամից դառնալով 388 հազար դրամ: Բնակարանները 1400 դրամով թանկացել են նաեւ Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ-ն դեկտեմբերին վաճառվել է 250 հազար դրամով, բայց Քանաքեռ-Զեյթունում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բնակարանների գները բարձրացել են 600 դրամով` 285 հազար 600 դրամից դառնալով 286 հազար 200 դրամ: Մյուս վարչական շրջաններում` Դավիթաշենում, Աջափնյակում, Շենգավիթում նույնպես բնակարանները թանկացել են: Նկատենք, որ անշարժ գույքի շուկայում այս ակտիվությունը սկսվել է թավշյա հեղափոխությունից հետո, եւ սա անուղղակի ցուցիչ է սոցիալ-տնտեսական իրավիճակի լավացման:

 

 

ՄԱԿՈՒՆՑԸ ԽՈՍԵԼ Է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի` ֆեյսբուքում արտահայտած տեսակետը խմբակցության պաշտոնական դիրքորոշումը չէ. այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր տեսակետը որոշ չափով հայտնել, այլ բան է՝ դա խմբակցության տեսակետն է, թե ոչ։ Իհարկե, դա խմբակցության դիրքորոշումը չէ, առավել եւս` նման ձեւակերպումներով»,- ասաց նա։ Մակունցը նշեց, որ ինքը տեղյակ է Սոֆյա Հովսեփյանի ձեւակերպումներին, քանի որ իրեն ֆեյսբուքում նշել են այդ գրառումների հետ կապված, նաեւ այս թեմայով զրուցել է Սոֆյա Հովսեփյանի հետ։ «Մանրամասները մեր խոսակցության չեմ կարող ասել, թե ինչ ենք մենք քննարկել։ Տիկին Հովսեփյանը ձեւակերպումների հետ կապված ասաց, որ ընդամենը ինքը չի ցանկացել, որպեսզի լինի այն շեշտադրումը, որն անընդհատ շրջանառվում է համացանցում, եւ որ «Իմ քայլը» խմբակցության օրակարգում չկա «տարածքներ խաղաղություն դիմաց» տեսակետ»,- ասաց նա։

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆՔ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ, ցավոք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տարիներ շարունակ ընթանում են, արդյունք չեն տվել: «Սակայն վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ կայացած զրույցները, ինչպես նաեւ իմ հայ գործընկերոջ հետ չորս հանդիպումները հիմք են ստեղծում բանակցային գործընթացի առաջխաղացման համար: Նշվեց նաեւ, որ կողմերը համաձայնություն են արտահայտել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների անհրաժեշտության կապակցությամբ: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ կողմերը դիտարկել են, որպես հաջորդ քայլ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպումը բանակցային դինամիկային խթան հաղորդելու համար»,- ասել է նա: Մամեդյարովը շեշտել է, որ Ադրբեջանը կողմ է բանակցությունների շոշափելի արդյունքներին, այլ ոչ թե զուտ բանակցություններին, եւ դա երկրի սկզբունքային դիրքորոշումն է: «Ընդհանուր առմամբ, ես կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է ցույց տա, որ հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք ունի: Հուսով ենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կգրանցվի, եւ Հայաստանի զինված ուժերը դուրս կբերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կկարգավորվեն»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:

 

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» եւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու մասին օրինագծերը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել է. «Շրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցակայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը: Շրջանառության մեջ կդրվի նաեւ Լենա Նազարյանի եւ իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ին, 2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Նախապատրաստվում է նմանատիպ նախագիծ նաեւ 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ: Եվ վերջինը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչեւ 10%-ի խնայողություններ անել»:

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սամվել Սողոմոնյանը նշանակվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:




Լրահոս