ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ՝ ՀՅԴ-Ն ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից Ազգային ժողովում սկսվել են կառավարության ծրագրի քննարկումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ներկայացրեց այն, հետո մանրամասն պատասխանեց պատգամավորների հարցերին: Իսկ հարց տալու համար հերթագրվել էր 53 հոգի, սակայն աշխատանքային օրը չբավարարեց ծրագիրն ամբողջությամբ քննարկելու համար, եւ ԱԺ նիստը կշարունակվի նաեւ այսօր:

Գնալով կարծես տեսանելի է դառնում, որ կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու միայն «Իմ քայլը» խմբակցությունը, որի ներկայությունը խորհրդարանում բավարար է այն ընդունելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ակնարկել է, որ կողմ չի քվեարկի ծրագրին: «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն: Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», – ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Չի բացառվում` ԲՀԿ-ն, հին սովորության համաձայն, չքվեարկի նաեւ դեմ, այլ մնան ձեռնպահ:
Ըստ էության, ԼՀԿ-ն եւս կողմ չի քվեարկի ծրագրին` նաեւ ընդգծելու համար ուժեղ ընդդիմադիրի կեցվածքը: Սա հատկապես այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչերը տեսնեն, որ ԲՀԿ-ն կողմ չի քվեարկի կառավարության ծրագրին:
Կառավարության ծրագիրը շատ կոշտ քննադատության ենթարկեց արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Դաշնակցությունը»՝ տարածելով հայտարարություն:
«Մի կողմից` անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից` փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:
Կրթության եւ գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց, որ դրա հետ կապված բավարար մեկնաբանություններ տրվել են:
«Վարչապետը նախկինում եւ հիմա էլ ասում է, որ իշխանության տարբեր թեւերը պետք է հավասարակշռվեն: Մենք դա շատ հստակ գիտակցում ենք, ու խորհրդարանի դերի մեծացումն ենք գիտակցում: Նախկինում, երբ ասում էինք, որ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի հաշվետվողականությունը մեծանա, եւ խորհրդարանը ու պատգամավորները հնարավորություն ունենան ուղիղ առնչվելու գործադիր մարմնի ղեկավարների հետ, եւ, ինչու չէ, նաեւ որոշակի վերահսկողություն ունենալու: Պարզապես պետք է մեխանիզմներ գտնել: Առաջնահերթությունները շատ-շատ են: Ըստ էության, ունեցել ենք մի այնպիսի արատավոր հսկայական համակարգ, որը ապրիլ-մայիսին վերացել է, բայց հիմա փոխարենը պետք է լուրջ մեխանիզմներ դնել, որ բոլոր ուղղություններով աշխատանքը նորմալ գնա: Հիմա փորձում ենք առավելագույնը անել: Դրան միանշանակ հերթ կհասնի»,- ասաց Հարությունյանը:
«Դաշնակցության» հայտարարությունում նշված էր նաեւ, որ ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում: Այս հարցին էլ անդրադառնալով` Արայիկ Հարությունյանն ասաց.
««Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի: Մենք միշտ ասել ենք, որ նոր կառավարության առաջնահերթությունները լինելու են կրթությունն ու առողջապահությունը: Եւ, բնականաբար, այս ոլորտներին շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվել, որովհետեւ ակնհայտ է, որ մենք հիմա կարող ենք բոլոր համակարգերը բերել զրոյական վիճակի կամ միջին վիճակի, բայց գիտակցում ենք նաեւ, որ եթե իմ նշած ուղղություններով պատշաճ աշխատանք չկատարվի, ապա լուրջ զարգացումներրի մասին խոսելը սխալ կլինի»:
Հարցին` համաձա՞յն է, որ եթե փոփոխություններ էլ կան, ապա դրանք դեռ տեսանելի չեն, պարոն Հարությունյանն ասաց, որ համաձայն չէ:
«Ի՞նչ է պետք կրթության ոլորտի զարգացման համար. պետք է ազատ, անկախ, ստեղծագործող մասնագետ, ուսուցիչ: Իսկ այս պահին մենք ստեղծել ենք այնպիսի ազատ վիճակ, որը թույլ է տալիս այդ ստեղծագործելու միջավայրը ունենալ, եւ դա անմիջապես ազդել է կրթության որակի վրա: Վերցրե՛ք ցանկացած զարգացած եւ առաջադեմ կրթական համակարգ, կտեսնեք, որ նրանց մոտ նման համակարգ ստեղծվել է երկար տարիների ընացքում: Մեզ տասնամյակներ պետք չեն, որովհետեւ քաղաքական կամքը զգալի կրճատում է այդ տարիները, բայց, այնուամենայնիվ, որոշակի տարիներ պետք են արդյունքի հասնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:
«Դաշնակցությունը» իր հայտարարությունում անդրադարձել է նաեւ ծրագրում նշված տնտեսական աճին` նշելով. «Թեեւ կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ինչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպես է այդ «հեղափոխությունն» իրականացվելու եւ ինչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին զրուցեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ. «Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հետագա բոլոր հաջողությունները կախված են լինելու կազմակերպությունների եւ անհատների վարքից, եւ երբ բոլորը կհասկանան, կհավատան եւ կգնահատեն իրավիճակի հնարավորությունները, կարող ենք ակնկալել շատ ավելի բարձր ցուցանիշներ: Հետաքրքրվեցինք` ըստ նախարարի` ներդրողների համար հիմա գրավի՞չ է Հայաստանի Հանրապետությունը: «Մենք ունենք կոնկրետ առավելություններ եւ սահմանափակումներ, ժամանակի ընթացում բիզնես միջավայրին եւ ներդրումների միջավայրին վերաբերող բոլոր հարցերը պետք է մնան ուշադրության կենտրոնում: Մենք ունենք մրցակցային գրավիչ պայմաններ»,- եղավ պատասխանը: Հարցին` այդ առումով ե՞րբ կունենաք ավելի լավ տնտեսություն, որը կգրավի ներդրողներին, ի վերջո, քանի՞ տարի հետո կտեսնենք լուրջ փոփոխություններ, նախարարը պատասխանեց, որ աշխարհը ամեն օր է փոխվում, եւ կարեւոր է մրցունակ մնալ բոլորի հետ համեմատության մեջ.
«Երբ որեւէ օր լինի, երբ մենք կասենք, որ մրցունակ ենք, գրավիչ ենք, մի՛ հավատացեք, որովհետեւ մեր մրցակից հարեւանները, որոնք մրցում են աշխարհի բոլոր ներդրումների համար, իրենք եւս չեն դադարել մտածել իրենց պայմաններն ավելի գրավիչ դարձնելու մասին. սա շարունակվող վազք է: Փոփոխություն կտեսնենք ամեն տարի, եւ ծրագրային ժամանակի հատվածը այն ժամանակային հորիզոնն է, երբ կանգ առնելու եւ անցյալը գնահատելու հնարավորություն կլինի»:
ՀՅԴ-ի կարծիքով` ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում` Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում հակադարձեց` ասելով, որ ՀՅԴ-ն այս ուղերձը հղել է իր ընտրազանգվածին, որովհտեւ «Դաշնակցությունը» կարիք ունի արդարանալու, թե ինչու չկարողացավ նույն այս թեզերով համոզել հասարակությանը, որ գոնե 5 տոկոս ձայն տա իրեն: «ՀՅԴ-ն եթե կոնկրետ առաջարկ ունի, թող ներկայացնի: Կառավարության ծրագրում հստակ գրված է այդ մասին: Մի հորդոր անեմ բոլորիս. դժգոհ լինելը դեռ չի նշանակում ընդդիմադիր լինել»:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ երեկոյան Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է պետական կառավարման համակարգի մարմինների թվի կրճատում: Այսպես, Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները կմիանան Կրթության եւ գիտության նախարարությանը եւ կվերանվանվեն Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն: Ինչպես հայտնի էր, Գյուղատնտեսության նախարարությունը կմիանա Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը եւ կկոչվի Էկոնոմիկայի նախարարություն: Իսկ, ահա, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կմիանա Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, կկոչվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Ի դեպ, այս կառույցին կփոխանցվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող, տրանսպորտի ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները: Կհանձնվեն նաեւ Պետական գույքի կառավարման եւ Ջրային կոմիտեները, որոնք կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ եւ գլխավոր քարտուղար: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Կկրճատվեն նախարարության բոլոր գործառույթները, կավելացվեն թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ: Երկար քննարկվող Սփյուռքի նախարարությունը կմիանա վարչապետի աշխատակազմին` ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ: Կվերանա նաեւ առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Իսկ, ահա, Բնապահպանության նախարարությունը կվերանվանվի Շրջակա միջավայրի նախարարություն: Ի դեպ, նշենք, որ նախագծերի փաթեթում խոսք չկա այն մասին, թե այս փոփոխությունների արդյունքում քանի քաղաքացի գործազուրկ կդառնա: Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա, իր դիմումի համաձայն, կարող է գրանցվել կադրերի ռեզերվում: Խոսք չկա նաեւ այն մասին, թե այս ամենի արդյունքում ՀՀ պետական բյուջեն որքան խնայողություն կանի:

 

 

ՓՈԽԵՑ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա, ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում։ Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր նաեւ նախորդ գումարման խորհրդարանում։ Հետաքրքիր է, սակայն, որ երեկվա դրությամբ նրա անունն ԱԺ կայքում դեռեւս գրված էր հին հանձնաժողովի անդամների կազմում։

 

 

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ
Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Հայաստանի եւ Բելառուսի մասնակցությանը Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, եւ երկու դաշնակից երկրներին չվստահելու պատճառ չունեն. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Նրա խոսքով` Մոսկվան ըմբռնումով է մոտենում հայ եւ բելառուս գործընկերների հետաքրքրությանը՝ մասնակցելու ծրագրի, որը նրանք դիտարկում են որպես ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն։ «Խոսքն այդ թվում իրենց երկրներում տնտեսության կայուն զարգացման ապահովմանն է վերաբերում: Նրանք մեր հուսալի դաշնակիցներն են, մենք հիմք չունենք նրանց չվստահելու»,-ասել է Կելինը: Ըստ Կելինի՝ ԵՄ-ն ձգտում է ՌԴ-ին մոտ երկրներին դնել ընտրության առաջ՝ կա՛մ լինել Ռուսաստանի հետ, կա՛մ Արեւմուտքի: «Նման փորձերի հետեւանքները մենք ամբողջապես կարող ենք տեսնել Ուկրաինայի օրինակով»,-ասել է պաշտոնյան: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանն աշխատում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի «շտկման» ուղղությամբ:




Լրահոս