ԿԼԱՍԻԿ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մեծ ներդրում ունենք հեղափոխության մեջ ու որեւէ կրեդիտ չենք ուզել, միշտ ասել ենք՝ դուք եք արել: Մարդիկ գիտեն` ով ինչ է արել, ինչքան է արել, երբ ու ոնց է արել: Մի տեսակ ուրացողության ժամանակներ են եկել, ուրանալ բոլորի արարքները, բայց դա էլ է նորմալ, հեղափոխությունից հետո այդպես է, ուրանում են»,- երեկ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Շատերն, իհարկե, կզարմանան՝ այդ խոսքերն ընթերցելով: Բայց նկատենք` մի հարցում Մարուքյանն այնուամենայնիվ ճիշտ է. մարդիկ գիտեն, թե թավշյա հեղափոխության ժամանակ ով ինչ է արել, երբ ու ոնց է արել: Մարդիկ գիտեն ու հիշում են, որ ուղիղ մեկ տարի առաջ` այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկերներին, այդ թվում՝ Մարուքյանին, առաջարկեց միանալ իշխանափոխության իրենց պայքարին, վերջինս դեմ էր: Ավելին, 2018թ. ապրիլի սկզբներին Մարուքյանը նույնիսկ հոդված հրապարակեց, որում անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը` նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով եւ տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։ Եւ մինչեւ ապրիլի 21-ը Մարուքյանը պնդում էր երրորդ ճանապարհի մասին` քննադատելով Փաշինյանին: Հիշում եք նաեւ հայտնի տեսանյութը:
Մեկ փաստ էլ. Էդմոն Մարուքյանը ՀՀԿ իշխանության տարիներին կողմ է քվեարկել ե՛ւ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի ծրագրերին: Երեկ էլ նա այդ փաստը մեկնաբանել է կառավարության հետ համագործակցությամբ: Մինչդեռ Մարուքյանն ու իր ղեկավարած խմբակցությունը դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:

 

 

Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Նրանք պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, եւ Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից: «Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է նա։

 

 

Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, եւ որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պատճառը թերեւս Գարեգին Երկրորդի մտավախություններն են, որ նոր կաթողիկոսը չբացահայտի իր գործունեության հետ կապված անցանկալի դրվագներ. ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին Վեհափառ Հայրապետը բիզնես կապեր է ունեցել` իշխանական վերնախավի թույլտվությամբ, իհարկե: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություննեի համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները:

 

 

 

Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության ներկա նախարարը: Պարզվել է` դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի մեքենաների անվադողեր գնելուն: ԱԻՆ-ը 10.2 մլն դրամով 66 հատ անվադող է գնել, բայց դրանք չեն համապատասխանել «Իսուզու» մակնիշի մեքենայի անվադողերին: Թե ինչու են այդպես վարվել, մնում է միայն ենթադրել: ԱԻՆ-ում հայտնաբերվել է նաեւ բենզինի անհետացման փաստ. Թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել:

 

 

 

ՈՀՄԱԿԻ ՉՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
ՀՀ կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում բավական բուռն ընթացան: Իշխանության եւ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջեւ թեժ բանավեճերի պակաս չեղավ: Բայց, մյուս կողմից, երեք օր տեւած այս քննարկումները որոշ առումներով «դեժավյու» էին հիշեցնում: Ի տարբերություն ՀՀԿ-ականների` իշխող «Իմ քայլի» ներկայացուցիչները քննադատությունների հանդեպ ավելի հանդուրժող էին. ընդդիմախոսներից որեւէ մեկի խոսափողը չանջատեցին, անգամ երբ նրանց ելույթները շեղվում էին թեմայից: Նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն էլ բավական համոզիչ էր, շաատ ավելի համոզիչ, քան ներկայացված ծրագիրը: Փաշինյանը եզրափակիչ ելույթում ներկայացրեց տնտեսական հեղափոխության մեթոդները, վստահեցրեց առաջընթացի հասնելու իր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության առումով, անգամ նշեց՝ հաղթանակին կարող են բոլորը տեր կանգնել, իսկ եթե լինի պարտություն, ապա ինքը կլինի դրա տերը: Նրա խոսքում կային նաեւ բավական սուր, կտրուկ պահեր, երբ հակադարձեց ընդդիմախոսների քննադատություններին, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին: Կարճ ասած` խորհրդարանում բուռն բանավեճեր էին:
ՈՒ այս ամենը նորմալ կդիտվեր, եթե, մյուս կողմից, չլինեին նույն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի ելույթները, որոնք տեղ-տեղ հիշեցնում էին ՀՀԿ-ական նախորդ խորհրդարանը: Հիշում եք` ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին լարված պահերին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու կրծքով պաշտպանել շեֆին՝ Սերժ Սարգսյանին, ընդդիմության հարձակումներից: Նաեւ հիշում եք` ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու գովերգել կառավարության ծրագիրը՝ ամեն մեկն իր ոլորտային հանձնաժողովի շրջանակներում:
Նման իրավիճակում երեկ «Իմ քայլի» պատգամավորներից շատերն էին, որոնք իրենց պարտքն էին համարել մոտենալ ԱԺ ամբիոնին, խորհրդարանում իրենց ավելորդ ներկայության մասին եւս մեկ անգամ հիշեցնելու եւ բարձրագույն իշխանության մոտ աչքի ընկնելու համար:
Ընդ որում` Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը եկավ ապացուցելու, որ վարչապետն ամենեւին էլ որեւէ մեկի, այն էլ՝ քաղաքականություն նոր-նոր ոտք դրածների պաշտպանության կարիքը չունի: Հարկ եղած դեպքում ինքը հակադարձեց ընդդիմախոսներին ու հակադարձեց այնպես, որ արտահայտություններից մի քանիսը դեռ շատ երկար ժամանակ հազիվ թե մոռացվեն:




Լրահոս