Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Եվ չնայած օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը, եւ ամեն ինչ օրենքով է, սակայն հակառակ քննարկումները չեն դադարում։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւին։
-Պարո՛ն Սիլաեւ, Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարության միջոցով ընդգծել է, որ իրենք չեն պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով։
-Ես որքան գիտեմ, այնտեղ ռազմական բժիշկներ են։ Այլ կերպ ասած` դա ռազմական առաքելություն եւ զինված զինվորներ չեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ապա ես կարող եմ ասել՝ դա իրենց չի վերաբերում։ Ես կարծում եմ, որ նրանք մտնում են ուրիշի գործերի մեջ՝ այդպիսի հայտարարություններ անելով։
-Պե՞տք էր սպասել այդօրինակ հայտարարություն։
-Ես կարծում եմ՝ ոչ, քանի որ պարզագույն դիվանագիտական էթիկան այդպիսի հայտարարություններ չի ակնկալում։ Ցավոք, ԱՄՆ-ի դիվանագետները վաղուց մոռացել են, թե ինչ բան է պարզագույն դիվանագիտական էթիկան։
-Դուք մտածում եք՝ Հայաստանի քայլը կարո՞ղ է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։
-Ես չեմ կարող կանխատեսել ԱՄՆ-ի քայլերը։ Ես միայն կարող եմ ասել, որ ռուսական զորքերի ներկայությունը Սիրիայում լիովին օրինական է՝ ի տարբերություն այնտեղ ամերիկյան զորքերի ներկայության։ Դա առաջին, իսկ երկրորդ՝ հայկական մարդասիրական առաքելության ներկայությունն էլ Սիրիայում նույնպես օրինական է եւ չի կարող հանդիպել ոչ մի տրամաբանական հակասության։ Եվ, չգիտես ինչու, ԱՄՆ-ի կողմից անհամաձայնություն չկա, երբ Հայաստանի զինվորներն ու սպաները առաքելություն են իրականացնում Աֆղանստանում կամ Կոսովոյում։
-Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանը շանս ունե՞ր հրաժարվելու, թե՞ դա էլ արդեն կվտանգեր հայ-ռուսական հարաբերությունները։
-Ես կարծում եմ, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո այդ երկրի վերականգմանը մասնակցելը, օգնել բնակչությանը, մարդասիրական օգնություն ցույց տալ բարոյական խնդիր է, որը զարդարում է յուրաքանչյուր պետության, որը մասնակցում է դրան։ Ավելին, այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է։ Դա խոսում է այն մասին, որ հայերը, Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը նույնպես հետաքրքրված են դրան մասնակցելու առումով։
-Իսկ ի՞նչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո։
-Ես չեմ տեսնում, որ ինչ-որ բան փոխված լինի։ Նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանն էր իրականացնում ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, այլ կազմակերպությունների հետ, այդպես էլ բազմավեկտոր քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանի ժամանակ ՌԴ-ն եղել է կարեւոր եւ մեծ գործընկեր Հայաստանի համար եւ այդ կարգավիճակը պահպանում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Ես չեմ տեսնում փոփոխություններ արտաքին քաղաքականության ոլորտում եւ դա բնական եմ համարում։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Երեկ Ազգային Ժողովը 88 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը: Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին կողմ, այն էլ՝ այդ քվեարկությունը չանցավ առանց միջադեպի. 6 պատգամավորի քվեարկության կոճակները չէին աշխատում, եւ վերջիններս քվեարկեցին` ձեռք բարձրացնելով:
Ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին, ու սա ակնհայտ էր ի սկզբանե: Նրանք փորձում են իրենց ընդդիմադիր կերպարը պահել: Պատահական չէ, որ ԲՀԿ-ն հայտարարել է, թե սա հեղափոխական ծրագիր չէ, տնտեսական հեղափոխության չի բերի: Հետո կողմ քվեարկելու համար ԲՀԿ-ն այնպիսի նախապայման էր առաջադրել, որը հնարավոր չէր իրականացնել. նրանք կառավարության ծրագրում իրենց առաջարկներն էին ներկայացրել առանձին գլխի տեսքով` սպառնալով, որ դրանք անտեսվելու դեպքում դեմ կլինեն: Միաժամանակ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ անկախ դեմ քվեարկելուց` իրենք Փաշինյանի կողքին են, օգնելու են, որ կառավարության ծրագիրն իրագործվի:
Նկատենք, որ քննարկումները, հարց ու պատասխանները բավականին բուռն ընթացք ունեցան: Քննարկումների ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խմբակցությունները կառավարության ծրագրի հետ կապված իրենց ցանկություններն ու առաջարկները կարող են գրավոր ներկայացնել: Արդարության համար նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ընդամենը մի գեղեցիկ ժեստ էր ընդդիմությանը հետագայում ապացույց ունենալու, որ կառավարությունը ժողովրդավար է: Բայց, իհարկե, ակնհայտ է, որ սա ձեւական բնույթ էր կրում, քանի որ առաջարկների ընդունումը իրենից կենթադրեր կառավարության ծրագրի ամբողջական վերանայում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հենց Միրզոյանի հայտարարության օրն էլ ասաց, որ իրենք, իհարկե, առաջարկներ կներկայացնեն: Բայց, ըստ էության, ԲՀԿ-ն թերահավատորեն էր ընդունում Միրզոյանի առաջարկը: Աբովյանի խոսքից էլ պարզ դարձավ, որ իրենք չեն հավատում, թե իրենց առաջարկությունները որեւէ դեր կխաղան: Եւ, ըստ էության, այդպես էլ եղավ. 9 առաջարկներից եւ ոչ մեկը չընդունվեց: Ի տարբերություն ԲՀԿ-ի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկության առաջին օրն էլ հայտարարեց, որ որեւէ առաջարկ չի ներկայացնելու, որովհետեւ անիմաստ է համարում: Մեզ հետ զրույցում ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, թե մտահոգիչ է այն, որ վարչապետը մինչ կառավարության ծրագիրը ԱԺ բերելը չի հանդիպել խմբակցություններին եւ չի լսել առաջարկներ: «Իշխանության մոտ ծավալապաշտական մոտեցում է. մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Գորգիսյանը:
Երեկվա քննարկումները բավականին բուռն էին, ու բանավեճը իշխանությունների եւ ԼՀԿ-ի միջեւ էր հիմնականում: Բանը հասավ նրան, որ եզրափակիչ ելույթում Փաշինյանն արդեն բավական կոշտ էր. «Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց (Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին-խմբ.) դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրանց դրե՛ք նույն հարթության վրա, որովհետեւ դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, մենք ո՞նց կարանք անձերի դեմ պայքարենք, արի գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք… Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Մի հատ դեմներդ ու կողքերդ նայե՛ք. որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած: Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետեւ որտեղ ձեր քաղաքական բովանդակությունը առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղը ստեղծվում ա»:
Ամեն դեպքում Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է իր երկրորդ քայլարշավը դեպի տնտեսական հեղափոխություն: Նա կոչ արեց՝ ով քայլ ունի անելու, ինչպես թավշյա հեղափոխության օրերին, այսօր էլ թող քայլի իր հետ, այդ ճանապարհին գլխավերեւում լինելու է ՀՀ դրոշը:
Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա. 4 հոգի բացակա էր եւ 4-ն էլ՝ ԲՀԿ-ից: ԱԺ չէին եկել Գագիկ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Մելքումյանն ու Դավիթ Մանուկյանը:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՔՎՈՐՈՒՄ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Երեկ ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացրել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին: Միայն թե նկատենք, որ ՀՀԿ ԳՄ նիստերի իրավազորությունն այլեւս կասկածի տակ է. ԳՄ-ն 21 հոգուց էր կազմված, բայց նրանցից 4-ն արդեն լքել են կուսակցությունը: ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե մասնակցել է անդամներից 2/3-ից ավելին, այսինքն՝ 15 հոգի: Հիմա ՀՀԿ ԳՄ-ում դե յուրե թեեւ 17 հոգի է մնացել, բայց նրանց մի մասը դադարեցրել է շփումները կուսակցության հետ: Տեւական ժամանակ է՝ Մոսկվայում է Տարոն Մարգարյանը, Կարեն Ավագյանը եւս ՀՀԿ քիչ է գնում, իսկ Կարեն Կարապետյանն էլ ԳՄ նիստերին վաղուց չի մասնակցում: Ըստ այդմ, ՀՀԿ ԳՄ-ում 2/3-ից ավելիի ներկայությունն ապահովելը լուրջ խնդիր է դարձել: Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստին 15 հոգի ներկա չի եղել, ինչը թույլ է տալիս կարծիք հայտնելու, որ այս կուսակցությունում լավագույն դեպքում կարող են հանդիպումներ, խորհրդակցություններ կազմակերպել, բայց ոչ երբեք ԳՄ նիստեր:
ԿԱՐԴԱՐԱՑՆԵ՞Ն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմնի կողմից ներկայացված ապացույցները ուսումնասիրելով եւ առհասարակ ողջ գործը քննության առնելով` դատական համակարգը, ամենայն հավանականությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Հայկ Սարգսյանին կարդարացնի:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության` Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Փետրվարի 13-ի դատական նիստում Դավիթ Սիմոնյանը պատմել է 2007 թ ապրիլի 1-ի միջադեպի մանրամասները:
ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքը շուտով կունենա բավականին նոր, կապիտալ վերանորոգված ու բարեկարգված մանկապարտեզ: Հանքարդյունաբերական միջազգային «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը մեկնարկեց Արարատի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը: Երեկ համապատասխան համաձայնագիրը ստորագրվեց ընկերության եւ Արարատի քաղաքապետարանի միջեւ: Նկատենք, որ ընկերությունը դեռ նախորդ տարի իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որն էլ դարձել է կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը: «Գեոպրոմայնինգ»-ը այս նախագծի շրջանակում պարտավորվում է վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքներն ավարտել երկու տարում, եւ մանկապարտեզը իր դռները կբացի նախադպրոցական տարիքի մոտ 200 սաների առջեւ 2020թ.-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ընկերությունը մանկապարտեզին կտրամադրի կահույք եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ: