Դեռ թավշյա հեղափոխության օրերին անթաքույց ընդգծված էր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերմունքը տեղի ունցող իրադարձություններին: Հեղափոխության ամենածանր օրերին անգամ Վեհափառ Հայրապետը որեւէ քայլ չարեց, սակայն, ըստ էության, պետք է տեղի ունենար լրիվ հակառակը, եւ Վեհափառի համար այս իրադարձությունները յուրահատուկ շանս էին ժողովրդի վստահությունը շահելու համար:
Խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ կաթողիկոսը պետք է քաղաքական որեւէ կողմ բռներ, բայց, այնուամենայնիվ, օրինաչափ կլիներ, եթե նա մեկ անգամ դուրս գար փողոց ընդամենը ժողովրդի կողքին կանգնելու: Ուշագրավն այն է, որ վերջինս բացի արհամարհանքից որեւէ վերաբերմունք ցույց չտվեց սեփական ժողովրդի նկատմամբ, ավելին` ըստ մեր տեղեկությունների` այդ օրերին ներքին կարգով հրահանգ է տրվել հոգեւորականներին, որ փորձեր չանեն ցույցերի մասնակցել: Սա այն դեպքում, երբ Վեհափառը հստակ հասկացել էր, որ հագեւորականների այնտեղ գտնվելը կարող էր բախումներից խուսափելու միջոց դառնալ: Պարզվում է` այս ամենը ավելի խորը արմատներ ունի: Դեռ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ այն հոգեւորականները, որոնք համարձակվել էին գնալ քաղաքապետարանի մոտ եւ աղոթել ժողովրդի համար, պատժվել են կաթողիկոսի կողմից: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Փաշինյանի` բանտում գտնվելու ժամանակ ցանկացել է հանդիպել նրան, սակայն վերջինս մերժել է տիկին Հակոբյանին:
Իսկ արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «ԵԼՔ» դաշինքը ցանկություն է հայտնել հանդիպել եւ օրհնություն ստանալ Վեհափառից, սակայն վերջինս մերժել է դաշինքին` պատճառ բերելով իր խիստ զբաղված ռեժիմ ունենալը: Հեղափոխությունը սկսելուց առաջ` մարտ ամսին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին ցանկություն է հայտնել հանդիպելու եւ այս անգամ եւս մերժվել է: Իհարկե, սա բացատրելի է: Գաղտնիք չէ այն, որ կաթողիկոսը շատ մտերիմ է եղել նախկին ռեժիմի հետ: Մի կողմից էլ` չենք կարող մեղադրել նրան, որովհետեւ նա չի կարող ներել վարչապետին եւ ներկայիս իշխանությանը հեղափոխությունը կյանքի կոչելու համար, որովհետեւ հեղափոխությունից հետո միայն ջրի երես դուրս եկան կաթողիկոսի անձի հետ կապված այն բոլոր դժգոհությունները, որոնք տարիներ շարունակ քնած են եղել ճնշվածության մթնոլորտում: Ի դեպ, ինչքան էլ որ կաթողիկոսը փորձի թաքցնել, մենք տեղեկացանք, որ սփյուռքահայության շրջանում եւս դժգոհություններ կան:
Մասնավորապես, վերջերս կաթողիկոսի` Ավստրալիա այցից առաջ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները ցանկացել են իրենց դժգոհությունը արտահայտել վերջինիս կայացրած որոշումներից մեկի առնչությամբ: Կաթողիկոսը նույնիսկ որոշել է չգնալ, սակայն հետո ավելի շահեկան տարբերակ է գտել: Վերջինս զանգահարել Ավստրալիայի թեմի առաջնորդին եւ ասել, որ եթե չկարողանա պատշաճ կերպով կազմակերպել իր այցը, հետ կկանչվի:
Այն, որ հեղափոխությունից հետո ինչ-որ բաներ է խախտվել եկեղեցական իշխանության եւ պետական իշխանության հարաբերություններում, միանգամայն հասկանալի է, որովհետեւ եկեղեցու սովորույթը սպասարկելու, ծառայելու իշխանությանը վերջինիս լեգիտիմացնելու նպատակով, այլեւս պետք չէ ներկայիս վստահություն վայլող իշխանություններին, եւ պետական իշխանությունը այլեւս կարիք չունի եկեղեցին իր կցորդը դարձնելու: Ավելի վաղ գրել էինք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Գարեգին Բ կաթողիկոսի եւ ՀՀ նոր իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն` Վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով:
Ըստ մեր տեղեկությունների` այս պայմանավորվածությունից հետո Վեհափառը դեռ ժամանակ է ձգում, որովհետեւ վստահ չէ, որ իր հեռանալուց հետո եկեղեցում չեն բացահայտվի այնպիսի բաներ, որոնք կվնասեն վերջինիս հեղինակությանը: Բացի այդ էլ, ըստ մեր հավաստի աղբյուրների, կաթողիկոսը շատ վաղուց նպատակ է փայփայում իրենից հետո գահին «նշանակել» իր եղբորը` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Ըստ էության, եկեղեցին հիմա մնացել է միայնակ եւ սկսում է բացահայտել իր բոլոր թերությունները: Թերությունները քողարկելու համար, բնական է, քայլեր են արվում կեղտոտելու եւ սեւացնելու իշխանությանը: Պատահական չէր, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությույանի հայտնի զրույցը հոգեւորականի հետ մեծ սկանդալ բարձրացրեց` հիշեցնելով մի կաթիլ մեղրի պատմությունը: Նկատենք, որ այս իշխանությունը միակն էր, որը դեռ թավշյա հեղափոխության օրերին բարձրաձայնեց եկեղեցու խնդիրների մասին քաղաքական ասպեկտով: Գարեգին Բ-ի համար հարված էր նաեւ կաթողիկոսին թիկնապահ տրամադրելու օրինագծի տապալումը: Նկատենք նաեւ, որ այս օրենքի քննարկման ժամանակ իշխանությունը առաջին անգամ բարձրաձայնեց այն մասին, որ կաթողիկոսը իր ժողվորդից պաշտպանության կարիք ունի: Այս ամենը, անշուշտ, դուր չեկավ եկեղեցական իշխանությանը, եւ դրա համար էլ կաթողիկոսը իր ողջ ռեսուրսը ուղղորդել է մերօրյա իշխանության քննադատությանը: Մի շարք հասարակական կազմակերպություններ, անհայտ եւ դաշտից կորած գործիչներ ամեն օր ինչ-որ հայտարարություններ են տարածում, որտեղ քննադատություններ են հնչեցնում իշխանությունների հասցեին եւ մեղադրում եկեղեցու դեմ ուղղորդված լինելու համար: Սա էլ, ըստ էության, նպատակ է հետապնդում իշխանությանը հակաեկեղեցական հռչակելու: Այս ամենից հետո զարմանալի է վարչապետ Փաշինյանի եւ վերջինիս կառավարության հնչեցրած տեսակետերն այն մասին, թե այս հարցերը միայն եկեղեցական են, եւ իրենք չեն պատրաստվում խառնվել որեւէ հարցի: Չնայած հիշեցնենք` այս տարվա հունվարի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ, որը ստեղծված իրավիճակում մեկ քայլ առաջ է:
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությունների պարզաբանման համար դիմեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԿԳԱ
Չնայած յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը երեկ ավարտվեց կառավարության ծրագրի ընդունմամբ, սակայն մենք տեղեկացանք, որ վաղը տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նիստ, որի ժամանակ տեղի կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, այս զեկույցը պատրաստ էր դեռեւս տարեվերջին, սակայն այդպես էլ չէր ընդգրկվել նիստերի օրակարգ։ Վաղը` հանձնաժողովում հաստատվելուց հետո, այն կընդգրկվի մարտի 5-ին մեկնարկող հերթական նստաշրջանում, իսկ հարցն էլ վաղը կներկայացնի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որին նախկինում մշտապես մեղադրել են ընտրությունները կեղծելու համար:
ՆՎԱԶԵՑՐԵԼ Է
ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկի` անցած տարվա չորրորդ եռամսյակում «Քեթրին գրուպ» ընկերությունը զբաղեցրել է ցանկի 184-րդ տեղը, իսկ պետական բյուջե վճարել է 913 մլն 864 հազար դրամ: Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածում «Քեթրին գրուպ»-ը զբաղեցրել է ցանկի 140-րդ տեղը` կատարելով 1 մլրդ 29 մլն 550 հազար դրամ հարկային վճարումներ: Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը «Քեթրին գրուպ»-ը համարվում էր բանանի միակ ներկրողը: Ավելին` Պողոսյանին է պատկանում նաեւ բանան ներկրող «Մելատրոպիկ» ընկերությունը, որը, սակայն, խոշոր հարկատուների ցանկում ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին ընդհանրապես չի եղել:
ԱՆՈՒՆՆԵՐ ՉԻ ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործով գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի ցուցմունքից: Վերջինս պատմել է, թե ինչպես է գումարը տնօրինվել, եւ ասել, որ կատարվածում միակ մեղավորը չէ: Արդյունքում, երբ նախաքննական մարմինը պահանջել էր անուններ տալ, վերջինս հրաժարվել է անուններ տալուց: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
ՆԻՍՏԸ ՎԱՐԵԼ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը:
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների եւ այլ գործընկերների հետ: Նշենք, որ Մյունխենի համաժողովին մասնակցելու է նաեւ հարեւան Ադրբեւանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինիս հետ ԼՂ հարցի քննարկման նպատակով հնարավոր հանդիպումը համաժողովի շրջանակում ավելի վաղ չէր բացառել Հայաստանի արտաքին հարաբերությունեների գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ ուսանողները ԵՊՀ-ի գլխավոր շենքի բակում իրազեկման ակցիա էին են իրականացնում` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Մասնակցները դժգոհ են, որ ԵՊՀ-ում թեպետ հոգաբարձուների նոր խորհուրդ է ձեւավորվել, այն ունի նոր նախագահ, սակայն անտարբերության են մատնվում ուսանողների պահանջները: Նրանք պնդում են, որ հոգաբարձուների նոր խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն: Ակցիան իրականացնողները պահանջում են խորհրդի արտահերթ նիստ: