Լուսանկարն արվել է Երեւանում
Մայրաքաղաքում ամենուր տիրում է Տեառնընդառաջի տոնական տրամադրություն: Մարդիկ իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են նշել տոնը:
ՀԱՐՑ. Կազմակերպության կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում աշխատողին արձակման նպաստ վճարելիս սոցիալական վճար հաշվարկո՞ւմ է, թե՞ ոչ:
Դիաննա Մարտիրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգի 36-րդ կետի` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված, աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով եւ չափերով, որից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գործատուներն ու անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ: Դրանց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` քաղաքացիների միջեւ ինչ կարգով է իրականացվում ամուuնության պետական գրանցումը:
Հայկուհի Հակոբյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ ամուսնական տարիքի հասնելը:
Արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ.
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ամուuնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:
Եթե ամուuնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ ՀՀ oրենuդրությամբ նախատեuված հարգելի այլ պատճառներով, ապա ամուuնության պետական գրանցումն ամուuնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:
շարունակելի
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչեւ ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր եւ հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք: