Իրավապահներից ով է որոշել հարցաքննել մահացածին. միջգերատեսչական կռիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք:

Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքը այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա:

Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզի Արեւիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում, եւ դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխատակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդացե՛ք քրեական գործը եւ կհասկանաք, որ դա հնարավոր չէ եւ անհրաժեշտ չէ»: Դատախազ-քննիչ բանավեճը բավականին թեժացել է: Դատախազը շարունակել է պնդել եւ ցուցում տալ, որ, այնուամենայնիվ, պետք է հարցաքննել մատնանշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախազին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է»:

Ասել է թե` իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքննել մահացած մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հարկ չեմ համարում մեկնաբանել ներքին աշխատանքային այնպիսի իրավիճակների մասին լուրեր, որոնք վերաբերում են քրեական գործերով նախաքննության ընթացքում դատավարության մասնակիցների աշխատանքային հարաբերություններին:

Քրեական դատավարության օրենքը շատ հստակ սահմանում է ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի լիազորությունները ցանկացած իրավիճակի համար, այդ թվում նաեւ` դատախազների տված ցուցումների հետ կապված նախաքննություն իրականացնող մարմինների կողմից առարկություններ ներկայացնելու: Եվ այդ համատեքստում քննիչներն իրենց քրեադատավարական լիազորություններն են իրացնում, դատախազներն էլ` իրենց: Իսկ միջգերատեսչական ինչ-որ խնդիրների մասին խոսելու, առհասարակ, որեւէ հիմք չկա. բնականոն, աշխատանքային հարաբերություններ են, որոնք ենթադրում են ինչպես քրեական գործերի վարույթների շահերից բխող համագործակցություն` տարբեր հարցերի շուրջ, այնպես էլ առաջացող աշխատանքային խնդիրների լուծումներ»:

Իրավիճակի պարզաբանման համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող կառույց է, եւ քրեական գործերի վերաբերյալ ցուցումներ տալը իրենց լիազորությունների շրջանակում է: Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ միջգերատեսչական կռիվներ կան, ապա նման բան չկա, նորմալ, առողջ աշխատանքային մթոլորտ է»:

Քնար Մանուկյան




Լրահոս