Հետաքրքիր մանրամասներ ՄԻՊ զեկույցից․ ինչ են քննարկել Քոչարյանն ու Թաթոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարան է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որը բաղկացած է 700 էջից։ Այնտեղ ծավալուն անդրադարձ կա նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին՝ թավշյա հեղափոխությանը, Երեւանի ավագանու եւ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին, մարտի 1-ի քրեական գործով աղմկահարույց բացահայտումներին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուն:

ՄԻՊ-ի զեկույցում նշվում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն է ունեցել, իր կամքի ազատ իրացման շնորհիվ, ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Տարին հարուստ էր ընտրական գործընթացներով, որոնք առաջընթաց արձանագրեցին երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում: «Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը»,- մեջբերված է ՄԻՊ-ի զեկույցից:

Զեկույցի մեջ ծավալուն անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքին: Ընդ որում, ՄԻՊ-ը նախորդ տարիներին բավարարվել է ընդամենը արձանագրելով, որ մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվել:

Այս անգամ ՄԻՊ-ն իր զեկույցում ընդգծել է, որ նախորդ տարիների ընթացքում հանրային նման հետաքրքրություն ունեցող գործերի քննության վերաբերյալ հանրությանը չեն տրամադրվել բավարար տեղեկություններ՝ չնայած դրա հանրային մեծ պահանջին: ՄԻՊ-ը նշել է, որ 2018 թվականի տարեկան հաղորդման պատրաստման շրջանակում համապատասխան հարցումներ են արվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՄԻՊ-ին պատասխանել են տարբեր դրվագներով քրեական գործեր հարուցելու եւ մեկ վարույթում քննելու մասին:

Այնուհետեւ զեկույցում մանրամասն նշված է, թե այս գործերով ովքեր են հանդիսանում մեղադրյալներ, եւ ինչ զարգացումներ են առկա։ Բացի այդ, նշվում է, որ կրկին հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ: Որպես վկա հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են թվով 85 առգրավումներ, կատարվել են 40- ից ավելի խուզարկություններ, նշանակվել է թվով 23 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 146 միավոր հրազեն եւ մեծ քանակությամբ զինամթերք:

«Պաշտպանը ցուցաբերում է մշտական հետեւողականություն, որպեսզի այս գործընթացն իրականացվի մարդու իրավունքների առաջնայնության եւ իրավունքի գերակայության սկզբունքի խստիվ պահպանմամբ: Քննարկվող քրեական գործերի քննությունը հանրային հետաքրքրության ակնհայտ նոր ալիք բարձրացրեց նաեւ այն պատճառով, որ դրա շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվեց եւ հետագայում կալանավորվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հանրային քննարկումներն առավել ակտիվացան այն բանից հետո, երբ հրապարակվեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսային խոսակցությունների գաղտանալսումները, որոնց առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես ներկայացրեց իր հրապարակային դիրքորոշումները: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելեց նրան ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուսումնասիրվեցին պահման պայմաններն ու Պաշտպանի իրավասությանն առնչվող այլ հարցեր: Պաշտպանի կողմից Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանության առնչությամբ նախաձեռնված քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է եղել եւ համագործակցել է նաեւ նրա փաստաբանների հետ», – ասված է զեկույցում:

Այնուհետեւ Արման Թաթոյանը մանրամասը ներկայացրել է իր եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մանրամասները։ «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից: Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հանրապետության երկրորդ նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր։ Մասնավորապես, այդ հարցերի թվում քննարկման առարկա են դարձվել քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը», – մանրամասնել է պաշտպանը:

Այնուհետեւ նշվում է, որ Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց ինտերնետ համացանցի հասանելիության համակարգիչ կամ համարժեք էլեկտրոնային միջոց ունենալու թույլտվություն։ Հետաքրքիր է, որ ընտանիքի հետ կապի հետ կապված նշվում է, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է, եւ պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի: ՀՔԾ-ից ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ վերացրել են Քոչարյանի թոշակի վրա դրված կալանքը:

«Ձեռնպահ մնալով քրեական վարույթի ընթացիկ գործով որեւէ գնահատական տալուց՝ Մարդու իրավունքների պաշտպանն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հանրային բարձր հետաքրքրություն ունեցող քրեական գործեր քննելիս պետությունը ստանձնում է առավել պատասխանատվություն հետեւողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը…

Ավելին` քրեական արդարադատության համակարգը կրում է քրեական վարույթին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ հանրությանը տրամադրելու եւ այդկերպ հաշվետու քննություն ապահովելու պարտադիր բեռը: Սա իր հերթին կոչված է երաշխավորելու հանրության վստահությունն առ այն, որ քրեական կոնկրետ վարույթն իրականացվում է իրավունքի գերակայության մշտական պահպանմամբ»,- մարտի 1-ի գործերի թեման եզրափակել է ՄԻՊ-ը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս