«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հաղորդավար, դերասան, շոումեն Սուրեն Փահլեւանյանն է: Մենք զրուցել ենք նրա ստեղծագործական կյանքի, նոր ծրագրերի մասին: Սուրենը պատմել է, որ «Կարմիր բլուր»-ում նկարահանվելուց հետո մի փոքր դադար է վերցրել, որեւէ նախագծում չի նկարահանվում, որպեսզի հեռուստադիտողներն էլ կարոտեն իրեն: Փոխարենը երեւանյան ակումբներից մեկում հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար եւ շոումեն: Մենք Սուրենի հետ զրուցել ենք նաեւ հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին: Նա խոստովանել է, որ քաղաքականությամբ, առհասարակ, հետաքրքրված չէ, ափսոսում է իր ժամանակը ծախսել նման բաների վրա:
-Սուրե՛ն, որքանով տեղյակ եմ, «Կարմիր բլուր» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո դեռ չեք հասցրել որեւէ նախագծում ընգրկվել, այդպե՞ս է:
-Այո՛, ուզում եմ, որ հեռուստադիտողներն ինձնից մի քիչ հանգստանան, որպեսզի հաջորդիվ նոր կերպարս ստացված լինի: Հիմա երեւանյան ակումբներից մեկում հանդես եմ գալիս որպես շոումեն եւ գեղարվեստական ղեկավար: Մինչ այդ որպես շոումեն էլի էի աշխատել մի շարք ակումբներում, բայց գեղարվեստական ղեկավարի աշխատանքն ինձ համար նորություն էր:
-Կա՞ մի նախագիծ, որը կուզեիք անպայման իրականացնել Հայաստանում:
-Մի քանի այդպիսի նախագիծ կա, բայց որքան էլ մտածում եմ, հասկանում եմ, որ դրանք երբեք էլ կյանքի չեն կոչվի: Նախագծեր կան, որ միայն քասթինգի համար հարյուր հազարավոր մարդիկ են պետք, հասկանու՞մ եք, դրանք Հայաստանի համար չեն: Այդ պատճառով էլ դրանք պարզապես մնում են երազանքներ: Ես հիմա մի գործով էլ եմ զբաղված. հանդիսանում եմ «Արցախի ձայներ»-ից հայտնի երգիչ Պարույր Գրիգորյանի պրոդյուսերը: Նոր երգերի վրա ենք աշխատում այս պահին:
-Սուրե՛ն, իսկ հայաստանյան ներքին քաղաքական կյանքով հետաքրքրվո՞ւմ եք: Հեղափոխությունից առաջ ակնկալիքներ ունեի՞ք, եթե այո, դրանք իրականանո՞ւմ են:
-Ճիշտը եթե ուզում եք իմանալ, ես հեղափոխություն չեմ զգացել, դրան մասնակից չեմ եղել եւ երբեք քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել: Ազնիվ խոսք եմ ասում: Հեղափոխության օրերին մեր բակի մոտ ճանապարհներ էին փակել, խորոված էին անում. դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չէր թողնում: Հիմա էլ ոչ մի բան չեմ զգում: Աշխարհում 7 միլիարդ մարդ կա: Ես մտածում եմ, որ ես այդ 7 միլիարդից մեկն եմ, ոչ թե մի քանի միլիոնից մեկը: Ես ավելի շատ մտածում եմ աշխարհի, բնության մասին…
-Ձեզ կոսմոպոլիտ եք համարո՞ւմ:
-Ինչպես կուզեք, անվանեք: Ինձ շատ ավելի հետաքրքիր է գլոբալ տաքացման, փղերի ոչնչացման թեման, իսկ թե մեր քաղաքապետն ով է կամ քաղաքային ավտոբուսը լավն է, թե չէ, շատ քիչ է ինձ հետաքրքրում:
-Բայց չէ՞ որ հենց Ձեր կենսաձեւը սերտորեն կապված է այն հանգամանքից, թե ով է ղեկավարում երկիրը կամ թե ինչ վիճակում է, ասենք, քաղաքային տրանսպորտը:
-Դրանից է կախված, բայց որ մի քիչ խորանանք, կհասկանանք, որ աշխարհը պետք է թույլ տա, որ Հայաստանը լավ լինի, ոչ թե մեկը, մյուսը կամ հարեւանս: Դրա համար չեմ խորանում այդ ամենում, ափսոսում եմ ժամանակս, հատկապես, որ գիտակցում եմ՝ ոչինչ չեմ կարող փոխել:
-Հիմա շատերը կմտածեն, որ Դուք անտարբեր եք Հայաստանի ճակատագրի հանդեպ:
-Թող մի հոգի էլ անտարբեր լինի: Հիմա շատերն իրենց փոքրիկ մեկնաբանություններով ուղղակի խանգարում են մնացածին: Հիմա եթե ես Հայաստանի մասին խոսեմ, խանգարելու եմ: Ինչ անելու են, թող անեն:
-Ձեր դստեր ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում:
-Այո, տեսնում եմ: Իմ երեխան էլ է մեծանում այդ դաստիարակությամբ, որ աշխարհում 7 միլիարդ մարդ կա, աշխարհը միայն Հայաստանով չի սահմանափակվում: Նա լեզուներ կսովորի, շփումներ կհաստատի, ավելի լայն կմտածի:
-Իսկ կա՞ մի բան, որ մեր երկրում կուզեք անպայման փոխել:
-Ամեն դեպքում, պետք չէ ուրանալ այն ամենը, ինչ ժամանակին արել-դրել են ու երկիրը հասցրել այս օրվան: Պետք է տիրություն անենք այն, ինչ ժառանգել ենք, եւ ապրենք, արարենք՝ մեր սերունդներին թողնելով արժեքներ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ` 39 ՏԱՐԵԿԱՆ
«Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած». երեկ Արթուր Աբրահամի 39-րդ ծննդյան տարեդարձն էր: Կարիերայում անցկացրած 53 մարտերից 47-ը հսկան ավարտել է հաղթանակով, որոնցից 30-ը` նոկաուտով:
Ավետիք Աբրահամյանը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին: Վաղ տարիքում հետաքրքրված լինելով մի շարք սպորտաձեւերով` Աբրահամը, ի վերջո, կենտրոնացավ բռնցքամարտի վրա, եւ 2003-ին մեկնելով Գերմանիա` նա պայմանագիր է կնքում Վիլֆրեդ Զաուերլանդի հետ եւ սկսում պրոֆեսիոնալ կարիերան:
Այստեղից սկիզբ է առնում մի փառահեղ պատմություն, որը կերտվում է տաղանդի, երազանքի, նպատակի եւ մեծ աշխատասիրության խառնուրդի շնորհիվ:
Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մարտը անցկացրել է 2003 թվականի օգոստոսի 16-ին` 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Ֆրանկա Կարի Ռոտային:
Աբրահամը իր հրաշալի ելույթների շնորհիվ ստացել է Քինգ` Արքա անվանումը: Նա շարունակում է իր փառահեղ ելույթները, եւ այն, որ նա գտնվում է բռնցքամարտի համար պատկառելի տարիքում, չի խանգարում հաղթանակներ տանելու հարցում: Աբրահամը իր բոլոր հաջողությունների մեջ «մեղադրում է» իր մարզչին` Ուլի Վեգներին, ով միշտ գոհ չէ նրանից եւ պահանջում է ավելին:
Ինքը` Արթուրն էլ քչի հետ համակերպվել չի ցանկանում եւ ամեն ինչում ձգտում է լինել լավագույնը: Հենց սա է Աբրահամին պահում բարձունքում:
2018 թվականի ապրիլի 28-ին Աբրահամը մրցեց WBO գոտու համար, մրցեց դանիացի բռնցքամարտիկ Պատրիկ Նիլսենի հետ եւ կարողացավ հաղթել միավորներով (116:11,116:111,113:114): Այդ մենամարտում Աբրահամը, չլինելով ֆավորիտ, կարողացավ հաղթանակի հասնել եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ծնվում հաղթանակները:
Արթուր Աբրահամն արդեն 39 տարեկան է, բայց դեռ պատրաստվում է հաղթահարել նոր դժվարություններ եւ իր անունը հավերժ գրել բռնցքամարտի պատմության մեջ: Նա շարունակում է վեհ պահել հայի պատիվն ու անունը իր հաջողություններով:
ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կժամանի Հայաստան: Հունիսի 18-ին նա դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը. «ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը:Այդ նպատակով Հայաստան կժամանի հայտնի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայ մարզիչների համար դասախոսություններ կարդալու համար»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ