ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՍՍԻՋՆԵՐԸ ՏԵՂ ԿՀԱՍՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հետաքրքիր ուղերձներ հղեց: Առհասարակ, երեկ կառավարության նիստը, նախորդների համեմատ, բավականին երկար տեւեց, քանի որ բազմաթիվ օրակարգային հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ իր տեսակետն էր արտահայտում, միջամտում:

Օրինակ` երեկ կառավարության նիստում որոշում ընդունվեց, որի համաձայն` նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ: Եվ դրան հետեւեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բավական ուշագրավ հայտարարություն, որի մասին նա եզրակացրել էր այս ամիսների ընթացքում: «Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Շատ կարեւոր տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն»: Եվ, իսկապես, հանքերի ոլորտում տիրող իրավիճակի, կոռուպցիոն դրսեւորումների մասին բազմիցս է անդրադարձ եղել:
«Հայկական զարգացման գործակալության» կողմից բազմիցս են տվյալներ հրապարակվել այդ ոլորտում առկա իրավիճակի մասին: Օրինակ` 2017 թվականին հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանն ունի շինարարական եւ համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր` ներառյալ բազային եւ թանկարժեք մետաղների 30 հանքավայր: Սա ամենաստվերային ոլորտն է` անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով եւ բացատրվում է այն, որ ոլորտում պատահական մարդիկ չկան: Դրանց մեծ մասի սեփականատերերը նախկին նախարարներ են, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ: Այդ պաշտոնյաների թվում իր ուրույն տեղն է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բնապահպանության նախկին նախարար, պատգամավոր Վարդան Այվազյանը, իհարկե նաեւ Սիլվա Համբարձումյանը, ում ցուցմունքների հիման վրա էլ այժմ շատերին մեղադրանք է առաջադրված: Նրանց թվում է նաեւ բնապահպանության մեկ այլ նախկին նախարար Արամ Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է, եւ կրկին այդ ոլորտի տիրակալներից մեկն է:
Կառավարության նիստում շատ ավելի մտահոգիչ էին վարչապետի ակնարկները պետական կառավարման համակարգի, ավելի ճիշտ՝ համակարգում տիրող իրավիճակի մասին: Վարչապետը կրկին կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը` շեշտելով, որ այժմ ոչ մի նման բան չի ներվելու, եւ կապ չունի, թե ում կողմից է դա արվել: «Ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, եւ այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երեւույթը, նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 եւ ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարեւանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ», – նշել է նա:
Նկատենք, որ նման հայտարարությունները կառավարության նիստին պատահական չէին: Ու կարելի է եզրակացնել՝ իշխանության ներսում, այնուամենայնիվ, իրավիճակը մտահոգիչ է. կան պաշտոնյաներ, որոնք, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, այնուամենայնիվ, չեն կարող չտրվել փողի գայթակղությանը: Եվ եթե նա նշում է, որ այսօր էլ են ՀՀ-ում կաշառք վերցնում, նշանակում է` կան նման փաստեր, նրան նման տեղեկություններ են ասվել, եւ այս հայտարարությունն ունի իր հասցեատերը:
Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը կրկին ընդգծել է, որ չնայած թավշյա հեղափոխությունից հետո այլ կանոններ են, սակայն բարիկադները քանդվել են, եւ ներկայումս պաշտոն զբաղեցնող ՀՀԿ-ականների առջեւ ընդամենը մեկ պայման է առկա: «Բոլորն ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե լինի դա պատերին տալով, թե լինի դա որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Եվ առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ներկայիս պաշտոնյաների աշխատանքի մասին, ճիշտ է, անանուն, բայց վստահաբար այդ մեսսիջները տեղ են հասնում: Փաստորեն, այժմ էլ դեռ կան հին կանոններով աշխատողներ: Միայն թե հետաքրքիր է՝ ինչու է Փաշինյանը խուսափում կադրային քաղաքականության հարցերում կտրուկ որոշումներից: Առավել եւս, երբ նախորդ տարի վարչապետի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց` հունիսի 20-ին՝ իր առաջին ասուլիսի ժամանակ, Փաշինյանը խոսել էր կադրային քաղաքականության մասին ու շեշտել՝ ադապտացիայի շրջան է: «Այս ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այլ գործելակերպի, աշխատաոճի, նպատակի, ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն»,- ասել էր նա: Թեեւ հետագայում երկու անգամ նա էլի որոշակի ակնարկներ էր արել մինչեւ հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաեւ ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին, սակայն այդպես էլ համապատասխան հետեւություններ կարծես չեն արվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ԳՈՐԾԸ` ԳԱՂՏՆԻ
Նախորդ տարվա սեպտեմբերին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի` Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը` մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ: Այս իրադարձությունը, հիշում եք, մեծ իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում: Դրանից հետո հարուցվեց քրեական գործ` պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու փաստերով. այն քննում է ՀՀ քննչական կոմիտեն: Երկու ամիս անց` դեկտեմբերի 5-ին, հրապարակվեց նոր ձայնագրություն, այս անգամ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի զրույցը: Այդ դրվագով եւս քրեական գործ հարուցվեց, որը միացվեց նախորդ գործին:
Եւ, ահա, գաղտնալսման պատմությունից անցել է շուրջ 5 ամիս, սակայն քրեական գործը դեռ չի բացահայտվել, իսկ նախաքննական մարմինը լռում է: Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, թե գաղտնալսման գործը Քննչական կոմիտեի տիրույթում է, ու ինքը մանրամասներ չի կարող հայտնել: Նա նաեւ նշեց, որ մեկ անգամ է այս գործով հարցաքննվել, ու եթե անհրաժեշտություն լինի հարցաքննվելու, պատրաստ է:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք այս գործով կան կասկածյալներ կամ մեղադրյալներ: Ի պատասխան մեր հարցման` ՔԿ-ից միայն ասացին, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՀԱՇԻՎՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերի բնակիչները։ Նրանց պնդմամբ` ՀԷՑ տեսուչները, այլ կերպ ասած` էլեկտրիկները, բավականին ճոխ հավելագրումներ են արել։ Բանն այն է, որ այդ տարածաշրջանում գյուղացիների գերակշիռ մասը ջերմոցային գործունեությամբ են զբաղվում։ Եվ հենց այս ժամանակահատվածում էլ նրանք պոլիէթիլենային ջերմատներում սածիլ են աճեցնում` բնականաբար դրա համար օգտագործելով էլէներգիա։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները վստահեցնում են, որ իրենք այս տարի էլէներգիայի միջոցով սածիլ չեն աճեցրել, ավելին` դրանից չունեն իրենց ջերմատներում, բայց էլէներգիայի վարձավճարի չափը կազմել է ավելին, քան նրանցը, որոնք ջերմատունը ջեռուցել են հոսանքով։ Բնականաբար, դժգոհ գյուղացիները այս խնդրով դիմել են տեսուչներին, որոնք ցանկ են կազմել եւ այս օրերին շրջում են տներով, պարզաբանում, հաշվարկներ անում քաղաքացիների հետ։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ՈՒ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները»,-ասվել է Ալիեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: «ՄԱԿ-ը անգնահատելի աշխատանք է կատարում մարդկության համար: Հայաստանի խորհրդարանին վստահորեն կարող եք համարել ձեր դաշնակիցը բոլոր ուղղություններով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասել է ԱԺ նախագահը: Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:




Լրահոս