Գևորգ Պետրոսյանն առանձին դրույթներով համաձայն է «Լուսավոր Հայաստան»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԵՊՀ-ում կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխությունների տեսլականի հետ կապված քննարկում էր հրավիրել: Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ` խորհրդարանական ԱԺ երեք խմբակցություններից: Քննարկումը բավականին թեժ ընթացք ստացավ: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, երեկ տեղի ունեցած քննարկումը բավականին բուռն ընթացք ստացավ: «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանության ներկայացրած կառավարության կազմի վերաբերյալ հիմքերը իրեն չեն բավարարում, եւ եւս մեկ անգամ ներկայացրեց խմբակցության տեսլականը: Դուք էլ կարծես շատ հարցերով պաշտապանեցիք «Լուսավոր Հայաստանի» առաջ քաշած մոտեցումները: Կարո՞ղ ենք ասել, որ գրեթե ամբողջությամբ ընդունում եք «Լուսավոր Հայաստանի» ծրագիրը:

-«Լուսավոր Հայաստանը» ամբողջությամբ չներկայացրեց: Ես լուրջ չեմ վերաբերվի այն մարդուն, որը միանգամից կփորձի մեկ րոպեում ամբողջական գնահատական տալ այդ նախաձեռնությանը: Հիմնական հարցերում, այո, կային ընդունելի դրույթներ, բայց երեւի թե վեջնական կարծիք ես հիմա չհնչեցնեմ, մանավանդ որ խմբակցությունում դա չի քննարկվել, իսկ ես այս պահին խմբակցություն եմ ներկայացնում: Իմ անձնական կարծիքը եթե կհետաքրքրի, ապա ասեմ, որ առանձին դրույթների հետ համաձայն եմ, բայց թողենք երեւի իրենք վերջնական ներկայացնեն, քննարկում լինի, «Բարգավաճ Հայաստանը» իր կարծիքը, խմբակցության դիրքորոշումը կհրապարակի:

-Այնուամենայնիվ, հատկապես ո՞ր դրույթներին եք կողմ:

-Դե, օրինակ, ես գտնում եմ, նորից եմ ասում, որ օպերատիվությունը իրավապահ մարմինների աշխատանքները ապահովելու համար ճիշտ չի լինի այնպիսի իրավակարգավորում տալ, որ Ազգային ժողովը անմիջական վերահսկողություն իրականացնի: Պատկերացրեք Ազգային Ժողովի նիստ գումարելու համար, քվորում ապահովելու համար կարող է, ասենք, ժամեր պահանջվեն, անգամ օրեր այն դեպքում, երբ օպերատիվ աշխատանքը, գիտեք, ուշացումներ չի հանդուրժում, եւ դրանից կարող է հասարակական շատ մեծ շահեր տուժեն: Բայց եկեք թողնենք, որ ավելի ամփոփ երբ իրենք կներկայացնեն իրենց տեսակետը, մենք էլ, բնականաբար, հանդես կգանք այդ տեսակետի իրավաքաղաքական գնահատականներով:

-Փաստորեն նաեւ մտավախություն ունեք, որ հաճախ քվորում ապահովել չի ստացվի:

-Իհարկե, նման դեպքեր կարող են լինել: Դրա վառ օրինակը. ընդամենը մի քանի օր առաջ մեկ նիստ տապալվեց Ազգային Ժողովում իշխող խմբակցության պատգամավորների պատառով, հետո, բարեբախտաբար, քվորում ապահովվեց:

-Թեկուզ մասնավոր զրույցներում կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումներ, խոսակցություններ եղե՞լ են «Լուսավոր Հայաստանի» հետ:

-Չէ, դեռ քննարկումներ չեն եղել: Մեզ համար բացարձակ կարեւոր չէ, թե տվյալ քաղաքական ուժը ընդդիմադիր դաշտում է, թե իշխանական: Եթե կան լավ նախաձեռնություններ, որոնք հավակնում են իսկապես պիտանի լինել հանրային շահին, պիտանի լինել իրավական գործընթացներին, ապա մենք կողմ ենք դրան. կապ չունի՝ ով է դրա հեղինակը:

-Այսինքն` հնարավո՞ր է, որ աջակցեք «Լուսավոր Հայաստանին»:

-Այո, իհարկե, հնարավոր է, բայց չի բացառվում, որ առանձին դրույթների վերաբերյալ լինեն անհամաձայնություններ: Դրա համար, քանի դեռ խմբակցությունում չի քննակվել, խնդրում եմ իմ ասածը չընդունել որպես խմբակցության դիրքորոշում: Կլինի քննարկում, մենք բոլոր հարցերի վերաբերյալ խորը, հանգամանալից պատասխաններով հանդես կգանք:

-Պարո՛ն Պետրոսյան, ԲՀԿ-ն էլ իր ծրագիրը կներկայացնի՞ կառավարության կառուցվածքի վերաբերյալ:

-Իհարկե: Հնարավոր է նման բան: Մենք, կարող է, կոնկրետ ինչ-որ սխեմա չներկայացնենք, բայց հիմնական, մեր կարծիքով խոցելի համարվող դրույթների վերաբերյալ հանդես կգանք մեկնաբանություններով, առանձին ասելիքով:

-Քննարկման ժամանակ վրդովվեցիք՝ ասելով, որ եթե մի նախարարությունում լավ չեն աշխատում, պարտադիր չէ դա փակել: Ինչքանո՞վ է կարեւոր հենց նախարարության կարգավիճակ ունենալը:

-Ես ոչ թե պայքարում եմ, որ անպայման այսինչը լինի նախարարության կարգավիճակով, ոչ, թող չլինի այդ կարգավիճակով, թող լինի պետական կոմիտեի կարգի, բայց կարեւոր է, որ այն ղեկավարեն իրազեկ, տեղյակ մարդիկ, ոչ թե ոլորտի հետ կապ, մազաչափ անգամ առնչություն չունեցող կադրերը, որոնք ոչ միայն ոլորտի խնդիրները չեն լուծի, այլ իրենց ներկայությամբ կավելացնեն դրանք:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս