Փաստաբաններից ոմանք պարբերաբար հայտնվում են քրեական գործերի կիզակետում՝ մեղադրյալի կարգավիճակով: Մի քանի դեպք է բացահայտվել, երբ փաստաբանը փորձել է դատավորին կաշառք փոխանցել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
– Վերջերս դատավորին կաշառի միջնորդ լինելու համար ձերբակալվել են փաստաբաններ: Որպես փաստաբանների պալատի նախագահ, ինչպես եք մեկնաբանում այս իրավիճակը, արդյոք ձեզ մտահոգում է այս հանգամանքը:
– Եթե խոսքը վերաբերում է դատավոր Գագիկ Հեբոյանի հետ կապված դեպքին, ապա այդ գործով փաստաբան Վահագն Դանիելյանը ձերբակալվել է կաշառք ստանալու օժանդակության կասկածանքով, ոչ թե կաշառքի միջնորդության, որն առանձին հանցագործություն է համարվում: Նախ յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս տեսակետից, ինձ համար Վահագն Դանիելյանն անմեղ է: Որպես փաստաբանների պալատի ներկայացուցիչ ինձ մտահոգում է կոռուպցիոն երևույթները արդարադատության ոլորտում և ինձ համար ընդունելի չեն այն փաստաբանները, դատախազները և դատավորները, որոնք այս սխեմաների մեջ են ներգրավված:
– Ձեր կարծիքով, ինչու են փաստաբանները նման քայլերի դիմում: Ի վերջո, փորձել եք զրուցել նրանց հետ, հասկանալու համար պատճառները, քանի որ սա առաջին դեպքը չէ:
– Այն փաստաբանների հետ անձամբ զրուցել եմ, որոնք ներգրավված են եղել կաշառքի հետ կապված քրեական գործերում, բացի Վահագն Դանիելյանից: Ըստ էության ժխտել են իրենց առնչությունը կամ ներկայացրել են լրիվ այլ պատմություն:
– Ինքներդ որպես փաստաբանների պալատի նախագահ, ինչ քայլեր եք ձեռնարկում նման իրավիճակները բացառելու համար:
– Նախ փաստաբանական համայնք մուտք գործող բոլոր անձանց հետ քարոզչական աշխատանքներ ենք կատարվում կոռուպցիայի վնասակար ազդեցության մասին: Դա սկսում ենք փաստաբանական դպրոցից: Կոռուպցիան իրականում ոչնչացնում է փաստաբանի մասնագիտությունը: Կոռուպցիայում ներգրավված փաստաբանները կարճատև օգուտ են ստանում փոխարենը՝ մշտապես քրեական պատասխանատվության վտանգի տակ են, կարող են գերի դառնալ կաշառատու վստահորդների ձեռքին, մշտապես կաշկանդված են լինելու կաշառք ստացող պաշտոնատար անձանցից, արդեն չեն աճելու իրենց մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանների պալատը նաև կոռուպցիոն սխեմաները բացահայտող որոշ ականներ էլ է տեղադրել փաստաբանի վարքագծի կանոնագրքում: Մասնավորապես, եթե փաստաբանը 100 տոկոսով երաշխիք տվեց գործի ելքի վերաբերյալ, ապա արտոնագիրը կարող է դադարեցվել: Կամ եթե փաստաբանը քննիչի կանչով, առանց վստահորդի նախաձեռնության գնաց և պաշտպանեց մեղադրյալին ու վատ պաշտպանեց, ապա արտոնագիրը կարող է դադարեցվել:
– Արդյոք այս միջադեպերը փաստաբանների նկատմամբ անվստահության մթնոլորտ չի ձեւավորում, տպավորություն ստեղծելու, որ իրականում փաստաբանները դատավորների հետ գործարքի են գնում,կոչված են նման առաքելության համար:
– Կոռուպցիոն երևույթները միշտ էլ վարկաբեկում են այդ սխեմային մասնակցող անձանց մասնագիտական համայնքները: Բայց մեր հասարակությունը քաջ գիտի, որ վատ մասնագետների հետ միաժամանակ միշտ էլ կան ազնիվ և լավ մասնագետներ: Կարևորը, որ փաստաբանական համայնքը մերժում է այդ երևույթները և կոռուպցիոն սխեմայի մասնակից անձանց:
Զրուցեց Քնար Մանուկյանը