Նախկին կոռուպցիոներները՝ նոր Հայաստանի առողջապահությունում․ ովքեր են ակտիվացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր իշխանությունների օրոք առողջապահության ոլորտում սկսեցին կոռուպցիոն սկանդալներ ի հայտ գալ: Դեռ հեմոդիալիզի սարքերի մատակարարման տենդերների շուրջ սկանդալը չմարած՝ պայթեց կաշառքի համար փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման լուրը։ Նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով 2018 թ․ մայիսին փոխնախարար նշանակված Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները եւ հիմա, ըստ ԱԱԾ-ի, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Մինչև փոխնախարար նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ՝ տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ նույն կառույցում։

ՊԱԳ-ը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող այն մարմինն է, որը բուժհաստատությունների հետ կնքում է պետական պատվերի մասով բուժծառայությունների մատուցման պայմանագրերը, ընդունում է հաշվետվություններն ու իրականացնում է փոխհատուցումը, այսինքն՝ պետության կողմից պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումար է տրամադրում բուժհաստատություններին: Նշենք, որ ՊԱԳ-երի հետ կապված կոռուպցիոն սկանդալների պակաս չի եղել։ Մասնավորապես երեք տարի առաջ ձերբակալվել էին ՊԱԳ պետ Սարո Ծատուրյանը, ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը եւ Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը։
Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ նրանք մեղադրվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Սարո Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և նա մի քանի ամիս այդ կարգավիճակում նույնիսկ շարունակում էր պաշտոնավարել մինչև նոյեմբեր, երբ արդեն սեպտեմբերին նախարար նշանակված Լևոն Ալթունյանն առաջարկել էր աշխատանքից ազատման դիմում գրել։ Ծատուրյանը լրատվամիջոցներին ասել էր, որ աշխատանքից հեռանալը իր ու նախարարի համատեղ որոշումն է ու միաժամանակ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեում կարճվել է իր դեմ հարուցված քրգործը: Կարճման պատճառների մասին գրել էր «Ժողովուրդը»: Մասնավորապես դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Եվ ըստ երեւույթին` հարազատ իշխող կուսակցությունը որոշել է մեծահոգություն դրսեւորել Դումանյանի նկատմամբ` գործը կարճելու հրահանգ իջեցնելով:

Ինչեւէ, Սարո Ծատուրյանի հետ հեռացավ նաեւ Սամվել Խարազյանը, որը նաեւ ՊԱԳ-ը սպասարկող էլեկտրոնային համակարգը ներդրած ընկերության ոչ պաշտոնական սեփականատերն էր։ Որքան էլ տարօրինակ թվա, նախկին ՊԱԳ-ականները այսօր առողջապահության նախարարությունում են կամ «դիրքավորվում են» մերձակա շրջակայքում՝ հարմար պահի խաղի մեջ մտնելու համար։ Մեր աղբյուրների պնդմամբ` նախկին նախարար Լևոն Ալթունյանի օրոք լուրջ վերահսկողություն էր սկսվել իրականացնել ՊԱԳ-ի նկատմամբ։ Դրանով զբաղվում էր մասնագիտությամբ ֆինանսիստ փոխնախարար Սամվել Մարգարյանը։ Նա փորձում էր մեծացնել վերահսկողությունը այս մարմնի նկատմամբ, կատարվում էին թե տեխնիկական, թե կադրային փոփոխություններ։

Հեղափոխության տրամաբանությունը հուշում էր, որ առանվազն այդ քաղաքականությունը պետք է շարունակվի, բայց իրավիճակը հակառակի մասին է վկայում։ Այս առումով շատերի համար զարմանալի էր Արսեն Դավթյանին փոխնախարարի պաշտոնում նշանակելն ու նրա նկատմամբ նախարար Թորոսյանի վստահությունը։
Նախարարության հետ, արդեն միջազգային փորձագետի կարգավիճակով, ակտիվ շփումների մեջ են նաև նախկին ՊԱԳ-ականներ Սարո Ծատուրյանն ու Սամվել Խարազյանը:

Սարո Ծատուրյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես գրել էինք, կարճվել էր քաղաքական պատճառներով, համարվում է առողջության համապարփակ ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն։ Նման մարմնի ստեղծման հնարավորությունը (որն ըստ ամենայնի դուրս է մղելու մասնավոր ապահովագրական ընկերություններին) քննարկվում է նախարար Թորոսյանի կողմից պրոպագանդվող առողջության համապարփակ ապահովագրության քաղաքականության շրջանակում։

Ինչպես Սարո Ծատուրյանը, այնպես էլ Սամվել Խարազյանը ներկայումս բավականին ակտիվ ներգրավված են առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքներում և հանդես են գալիս որպես համապատասխանաբար միջազգային կառույցների փորձագետներ ու մեկ միասնական կառույցի ստեղծման գաղափարի կողմնակից։

Թեև թե նախարարը, թե փորձագետ Ծատուրյան ասում էին, որ քննարկումներ են լինելու, հաշվի են առնվելու ապահովագրական երկու մոդելների դրական ու բացասական կողմերը, բայց մեր աղբյուրի հավաստմամբ` տպավորություն է, որ արդեն հստակ ընտրել են մեկ կառույց ունենալու մոդելը և բոլորին փորձում են ապացուցել դրա ճշմարտացիությունը՝ կոշտ հակադարձելով հնչող հակափաստարկներին ու փորձելով նսեմացնել մասնավոր ապահովագրականների դերը: Մեզ հասած լուրերով` ոլորտում շատերը տարակուսած են Սարո Ծատուրյանի ու Սամվել Խարազյանի ներգրավվածությունից՝ հաշվի առնելով վերջիններիս մեղ մասած «ոչ միանշանակ» անցյալը։

«Ժողովուրդ» օրաթերթը այս լուրերի մասին տեղեկություն ստանալու համար դիմեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանին, որն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապահովագրության հետ կապված այդ հարցը նախնական փուլում է եւ իրենց հաշվարկներով դա 2021 թվականից նոր սկսելու է գործել:

«Ամեն բան քննարկումների փուլում է: Ես չեմ հավատում, որ կարող է արդեն անուն քննարկվել, թե ով է լինելու ղեկավար: Նման խոսակցություններ էլ չկան: Այդ մարմինը դեռ չկա եւ անհնար է, որ ինչ-որ անուններ շրջանառվեն հիմա: Ինձ թվում է` դրանք ընդամենը բամբասանքներ են »,-մեզ հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս