Ինչպես կարող են Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի շուրջ քննարկումները չեն դադարում։

Եվ փոխանակ այս թեմայի շուրջ աժիոտաժը գնալով մարի, ընդհակառակը, թեման ավելի է զարգանում` ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արդեն միջազգային մակարդակով: Ու հիմա բանը հասավ նրան, որ երեկ այդ թեմային անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ շեշտադրումներով:

Մասնավորապես նա անդրադարձել էր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի պահվածքին եւ նշել․ «Այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում Մարդու իրավունքների վիճակը, եւ այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է եւ ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա. սա քաղաքական պրովոկացիա է»։

Վարչապետի կողմից այս հայտարարությունը ստիպեց, որ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կարճատեւ նիստ անի, որից հետո արձագանքեցին վարչապետի հայտարարություններին։ Նրանք հայտարարեցին, թե հարցը փակված են համարում, եւ Նաիրա Զոհրաբյանը պետք է շարունակի մնալ այդ հանձնաժողովի նախագահ։

Էմոցիոնալ պոռթկումները մի կողմ դնելով` փորձենք հասկանալ, թե կան արդյոք իրավական կարգավորումներ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության համար, եթե իշխանությունները որոշեն հանկարծ նման քայլի գնալ:

Ի՞նչ գործընթացներ են սահմանված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով, որի համաձայն կազմակերպվում է խորհրդարանի աշխատակարգը։

ԱԺ կանոնակարգ-օրենքի 150-րդ հոդվածը կոչվում է․«Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը»։

Հոդված1-ին կետում նշվում է․

1. մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) նա հրաժարական է տվել.
գ) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:
Երկրորդ մասում ասվում է․

2. մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Մասնագետների պնդմամբ` երկրորդ մասի կատարումը չի կարող լինել առանց վերը նշված երեք պայմաններից մեկի առկայության։ Այլ խոսքով` այս դեպքում ԲՀԿ խմբակցությունը չի կարող ինքը նախաձեռնել Նաիրա Զոհրաբյանին հետ կանչելու գործընթաց, եթե նրա լիազորությունները չեն դադարել, հրաժարական չի տվել կամ չի հեռացել, հեռացվել խմբակցությունից։

Իհարկե, չի բացառվում, որ այս դրույթն այլ կերպ էլ մեկնաբանվի, եւ ուրիշ խմբակցություն որոշի հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծ ներկայացնել, քանի որ օրենքում հստակեցված չէ՝ նման իրավունք ունի կոնկրետ խմբակցությունը, որի անդամ է հանձնաժողովի նախագահը, թե ոչ:

Հոդվածի շարունակությունում ներկայացվում է արդեն լիազորությունների դադարեցման գործընթացը՝ հարցուպատասխան, հետո մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել Նաիրա Զոհրաբյանին, սակայն վերջինս այս օրերին գտնվում է Ստրասբուրգում եւ անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները:

Եվ, առհասարակ, նկատենք, որ տրանսգենդերի ելույթը իսկապես դարձել է մի կաթիլ մեղրի պատմությունը, որը սպառնում է դառնալ երկու կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառ. դրա առաջին ծիլերն արդեն երեւում են։ Եվ, թերեւս, ամենեւին էլ պատահական չէ երեկ ՊԵԿ-ի կողմից «Առինջ մոլ»-ում անցկացված խուզարկությունը։ Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս